Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 3

Նախաստեղծների մեղանչելը
   
1. Եվ օձն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր: Եվ օձն ասաց կնոջը. «Աստված իրո՞ք ասաց, թե պարտեզի ոչ մի ծառից չուտեք»:

2․ Եվ կինն ասաց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից կարող ենք ուտել,

3․ Բայց այն ծառի պտուղներից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. «Մի՛ կերեք դրանից և դրան մի՛ դիպեք, որ չմեռնեք»:

4․ Եվ օձն ասաց կնոջը. «Բնավ չեք մեռնի,

5․ Որովհետև Աստված գիտի, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և Աստծո պես կլինեք՝ բարին և չարն իմացող»:

6․ Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի է աչքերին, և ծառը ցանկալի է նայելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և իր մարդուն էլ տվեց, և նա կերավ:

7․ Եվ բացվեցին նրանց երկուսի աչքերը ու իմացան, որ մերկ են: Եվ թզենու տերևներից իրենց համար ծածկոցներ պատրաստեցին:
   
Անեծքը
   
8․ Եվ լսեցին Տեր Աստծո ձայնը, որ օրվա զով ժամին շրջում էր պարտեզում: Եվ Ադամն ու իր կինը Աստծո երեսից թաքնվեցին պարտեզի ծառերի մեջ:

9․ Եվ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց. «Ո՞ւր ես»:

10․ Եվ նա ասաց. «Լսեցի Քո ձայնը պարտեզում և վախեցա: Եվ քանի որ մերկ էի, թաքնվեցի»:

11․ Եվ ասաց. «Ո՞վ ասաց, թե դու մերկ ես: Արդյոք կերա՞ր այն ծառից, որից քեզ պատվիրեցի չուտել»:

12․ Եվ Ադամն ասաց. «Այն կինը, որ տվեցիր ինձ, նա տվեց ինձ այն ծառից, և ես կերա»:

13․ Եվ Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Եվ կինն ասաց. «Օձն ինձ խաբեց, և ես կերա»:

14. Եվ Տեր Աստված ասաց օձին. «Այդ անելու համար անիծյա՛լ լինես բոլոր անասունների և դաշտի բոլոր կենդանիների մեջ: Փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերին:

15. Ես թշնամություն եմ դնում քո և կնոջ միջև, քո սերնդի և նրա սերնդի միջև: Նա կջախջախի քո գլուխը, և դու կխայթես նրա գարշապարը»:

16․ Եվ կնոջն ասաց. «Սաստիկ պիտի ավելացնեմ քո հղիության ցավերը, և ցավով պիտի զավակ ծնես: Դու պիտի ցանկանաս քո մարդուն, և նա պիտի իշխի քեզ վրա»:

17․ Եվ Ադամին ասաց. «Քանի որ դու անսացիր կնոջդ խոսքին և կերար այն ծառից, որից քեզ պատվիրեցի չուտել, ապա անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությամբ ուտես դրանից կյանքիդ բոլոր օրերին:

18․ Եվ թող նա փուշ ու տատասկ աճեցնի քեզ համար, և դաշտի բույսն ուտես:

19․ Երեսիդ քրտինքով ուտես քո հացը, մինչև ետ դառնաս դեպի հողը, որովհետև նրանից ստեղծվեցիր: Եվ քանի որ հող էիր, դեպի հողը կդառնաս»:

20․ Եվ Ադամն իր կնոջ անունը Եվա դրեց, որովհետև նա եղավ բոլոր կյանք ունեցողների մայրը:

21․ Եվ Տեր Աստված Ադամի և նրա կնոջ համար կաշվից հանդերձներ պատրաստեց ու հագցրեց նրանց:

22․ Եվ Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը եղավ իբրև Մեզանից մեկը՝ բարին և չարը իմացող: Եվ հիմա գուցե նա մեկնի իր ձեռքը, վերցնի կենաց ծառից, ուտի և հավիտյան ապրի»:

23․ Ուստի Տեր Աստված դուրս բերեց նրան Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից ստեղծված էր:

24․ Եվ արտաքսեց Ադամին: Եվ Եդեմի պարտեզի դիմաց դրեց Քերովբեներին և դեպի ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ կենաց ծառը տանող ճանապարհը պահպանելու համար: