Աբրահամն ընդունում է Տիրոջը երկու հրեշտակների հետ
1. Եվ Տերը Մամբրեի կաղնիների մեջ երևաց Աբրահամին, երբ օրվա տաք ժամին նա նստած էր վրանի մուտքի մոտ:
2. Եվ նա բարձրացրեց իր աչքերը ու տեսավ, որ ահա երեք մարդիկ կանգնած են իր դիմաց: Եվ երբ տեսավ, վրանի մոտից շտապեց ընդառաջ գնալ, մոտեցավ նրանց և խոնարհվեց մինչև գետին:
3. Եվ ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա Քո առջև, աղաչում եմ, մի՛ անցիր Քո ծառայի մոտով:
4. Թող քիչ ջուր բերեն, որ լվանաք ձեր ոտքերը և ծառի տակ հանգստանաք:
5. Ես հաց կբերեմ, որ զորացնեք ձեր սրտերը, և ապա կգնաք ձեր ճանապարհով, քանի որ դրա համար եկաք ձեր ծառայի մոտ»: Եվ նրանք ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»:
6. Եվ Աբրահամը շտապեց դեպի վրան՝ Սառայի մոտ, և ասաց. «Շտապ երեք գրիվ ընտիր ալյուր շաղախիր և բլիթ պատրաստիր»:
7. Եվ Աբրահամն իսկույն գնաց արջառների մոտ, մի մատղաշ ու ընտիր հորթ առավ, տվեց ծառային, և նա էլ շտապեց այն պատրաստել:
8. Եվ վերցրեց յուղ, կաթ, պատրաստված հորթն ու նրանց առջև դրեց: Նրանք կերան, և ինքն էլ նրանց մոտ կանգնեց ծառի տակ:
9. Եվ նրանք հարցրին. «Ո՞ւր է քո կինը՝ Սառան»: Եվ նա պատասխանեց. «Ահա այնտեղ է՝ վրանում»:
10. Եվ ասաց. «Մյուս տարի դարձյալ քեզ մոտ կգամ, և ահա քո կինը՝ Սառան, մի որդի կունենա»: Եվ Սառան այս խոսքերը լսեց վրանի դռան ետևից:
11. Աբրահամն ու Սառան ծերացած էին, առաջացած տարիքում, և Սառան դադարել էր լինել՝ ըստ կանանց բնության օրենքի:
12. Եվ Սառան ծիծաղեց իր մտքում՝ ասելով. «Ինչպե՞ս կարող եմ այս տարիքում, և իմ տերն էլ ծերացած է»:
13. Եվ Տերն ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց՝ ասելով. “Մի՞թե ես իրոք ծնելու եմ, քանի որ ծերացել եմ”:
14. Ի՞նչ անհնար բան կա Տիրոջ համար: Եկող տարի՝ այս ժամանակ, դարձյալ քեզ մոտ կգամ, և Սառան մի որդի կունենա»:
15. Եվ քանի որ Սառան վախեցավ, ուրացավ և ասաց. «Ես չեմ ծիծաղել»: Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»:
Սոդոմի կործանման լուրը
16. Եվ մարդիկ վեր կացան ու այդտեղից Սոդոմ գնացին: Եվ Աբրահամը գնաց, որ նրանց ճանապարհի:
17. Եվ Տերն ասաց. «Մի՞թե Ես Աբրահամից թաքցնելու եմ այն, ինչ անելու եմ:
18. Անշուշտ, Աբրահամը մի մեծ ու զորավոր ազգ է լինելու, և երկրի բոլոր ազգերը նրանով են օրհնվելու:
19. Որովհետև Ես ընտրեցի նրան, որ նա իր որդիներին և իրենից հետո իր սերունդներին պատվիրի, որ նրանք քայլեն Տիրոջ ճանապարհով՝ արդարություն և իրավունք պահելու համար, և որպեսզի Տերն Աբրահամին անի այն, ինչ նրան ասել էր»:
20. Եվ Տերն ասաց. «Քանի որ ահագնացել է Սոդոմից և Գոմորից եկած աղաղակը, և նրանց մեղքն էլ սաստիկ ծանրացել,
21. Ուստի իջնեմ ու տեսնեմ, թե իրո՞ք մարդիկ անում են այն, ինչպես Ինձ հասած աղաղակն է, իսկ եթե ոչ, ապա իմանամ»:
Աբրահամի խնդրանքը
22. Եվ այդ մարդիկ դուրս եկան այնտեղից ու գնացին դեպի Սոդոմ: Իսկ Աբրահամը դեռևս կանգնած էր Տիրոջ առջև:
23. Եվ Աբրահամը մոտեցավ ու ասաց. «Մի՞թե ամբարշտի հետ արդարին էլ կվերացնես:
24. Գուցե այդ քաղաքի մեջ հիսուն արդար մարդ կա: Մի՞թե կվերացնես նրանց և այդտեղ ապրող հիսուն արդար մարդու համար չես խնայի այդ տեղը:
25. Քավ լիցի, որ Դու արդարին վերացնես ամբարշտի հետ, և արդարին պատահի այն, ինչ ամբարշտին: Քավ լիցի: Մի՞թե ողջ երկրի Դատավորն արդարություն չի անի»:
26. Եվ Տերն ասաց. «Եթե Սոդոմում՝ քաղաքի մեջ, հիսուն արդար մարդ գտնեմ, ապա հանուն նրանց այդ ամբողջ տեղը կխնայեմ»:
27. Եվ Աբրահամը պատասխանեց ու ասաց. «Ահա հիմա ես, որ հող եմ և մոխիր, սկսեցի Տիրոջ հետ խոսել:
28. Եթե հիսուն արդարից հինգը պակաս լինի, արդյոք այդ հինգի պատճառով քաղաքը կկործանես»: Եվ Տերն ասաց. «Չեմ կործանի, եթե այնտեղ քառասունհինգ արդար գտնեմ»:
29. Եվ Աբրահամը դարձյալ խոսեց Նրա հետ ու ասաց. «Գուցե այնտեղ քառասունը գտնվի»: Եվ Տերն ասաց. «Այդ քառասունի համար էլ չեմ անի»:
30. Եվ Աբրահամն ասաց. «Տերը թող չբարկանա, որ ասեմ, գուցե այնտեղ երեսունը գտնվի»: Եվ Տերն ասաց. «Չեմ անի, եթե այնտեղ երեսունը գտնվի»:
31. Եվ Աբրահամն ասաց. «Ահա սկսեցի խոսել Տիրոջ հետ, գուցե այնտեղ քսանը գտնվի»: Եվ Տերն ասաց. «Այդ քսանի համար էլ չեմ կործանի»:
32. Եվ Աբրահամն ասաց. «Տերը թող չբարկանա, և միայն վերջին անգամ խոսեմ: Գուցե այնտեղ տասը գտնվի»: Եվ Նա ասաց. «Այդ տասի համար էլ չեմ կործանի»:
33. Եվ Տերը գնաց Աբրահամի հետ խոսելն ավարտելուց հետո: Եվ Աբրահամը վերադարձավ իր բնակավայրը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: