Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 18

   
1․ Եւ երևեցաւ նմա Աստուած առ կաղնեաւն Մամբրէի, մինչ դեռ նստէր առ դուրս խորանի՛ իւրոյ ի մէջօրէի։
2․ Ամբարձեալ զաչս իւր և ետես. և ահա արք երեք կային ի վերոյ քան զնա։ Եւ իբրև ետես՝ ընթացա՛ւ ընդ առաջ նոցա ի դրանէ խորանին իւրոյ. և երկիր եպագ ի վերայ երկրի և ասէ.
3․ Տէր՝ եթէ գտի շնորհս առաջի քո՝ մի՛ զանց առներ ի ծառայէ քումմէ։
4․ Այլ առից սակաւ մի ջուր, և լուասցե՛ն զոտս ձեր, և զովասջիք ընդ ծառովս։
5․ Եւ առից հաց՝ և կերիջիք, և ապա երթիջիք զճանապարհս ձեր. փոխանակ զի դարձարուք առ ծառայ ձեր։ Եւ ասէ. Այդպէս արա՛, որպէս ասացերդ։
6․ Եւ պնդեցաւ Աբրաամ ի խորանն առ Սարրա, և ասէ ցնա. Փութա՛ թրեա՛ գրիւս երիս ալեր նաշհոյ, և արա՛ նկանս։
7․ Եւ յանդեայ ընթացաւ Աբրաամ, և ա՛ռ որթ մի մատաղ և բարի, և ետ ցպատանին, և փութացո՛յց վաղվաղակի հասուցանել։
8․ Եւ ա՛ռ կոգի և կաթն, և զորթն զոր հասոյց, և եդ առաջի նոցա, և կերան. և նա կայր առաջի նոցա ընդ ծառովն։
9․ Եւ ասէ ցնա. Ո՞ւր է Սառա կին քո։ Նա պատասխանի ետ և ասէ. Ահաւանիկ ի խորանի՛ անդ է։
10․ Եւ ասէ. Դարձեալ եկից առ քեզ ի ժամանակի յայսմիկ ի սո՛յն աւուրս, և ունիցի որդի Սառա կին քո։ Եւ Սարրա՝ ո՛ւնկն դնէր առ դրան խորանին. քանզի յետոյ նորա կայր։
11․ Եւ Աբրաամ և Սարրա ծերացեալք էին և անցեալք զաւուրբք։ Եւ պակասեալ էր ի Սառայէ լինել ի կանանց օրինի։
12․ Ծիծաղեցա՛ւ Սառա ընդ միտս՝ և ասէ. Որ ինչ ցայժմ ո՛չ եղև ինձ, ա՞րդ լինիցի. և տէր իմ ծերացեալ է։
13․ Եւ ասէ Տէր ցԱբրաամ. Զի՞ է զի ծիծաղեցաւ Սառա ընդ միտս իւր՝ և ասէ. թէ արդարև ծնանիցի՞մ. զի ահա ես պառաւեա՛լ եմ։
14․ Միթէ տկարանայցէ՞ առ ի յԱստուծոյ բան։ Ի ժամանակի յայսմիկ դարձայց առ քեզ ի սոյն աւուրս, և եղիցի Սառայի որդի՛։
15․ Ժխտեաց Սառա և ասէ, թէ. Ո՛չ ծիծաղեցայ։ Քանզի երկեա՛ւ։ Եւ ասէ. Ո՛չ այդպէս. այլ ծիծաղեցա՛ր։
16․ Եւ յարուցեալ անտի արանցն հայեցան ընդ երեսս Սոդոմացւոց և Գոմորացւոց։ Եւ Աբրաամ երթա՛յր ընդ նոսա յուղարկել զնոսա։
17․ Եւ ասէ Տէր. Միթէ թաքո՞ւստ ինչ իցէ յԱբրաամէ ծառայէ իմմէ զոր ինչ գործելոց եմ։
18․ Այլ Աբրաամ լինելով լինիցի յա՛զգ մեծ և ի բազում. և օրհնեսցին ի նա ամենայն ազգք երկրի։
19․ Քանզի գիտէի եթէ պատուիրեսցէ որդւոց իւրոց և տան իւրոյ յետ իւր, պահե՛լ զճանապարհս Տեառն, և առնե՛լ զարդարութիւն և զիրաւունս։ Եւ ածցէ՛ Տէր Աստուած ի վերայ Աբրաամու զամենայն զոր խօսեցաւ ընդ նմա։
20․ Եւ ասէ Տէր. Աղաղակ Սոդոմացւոց և Գոմորացւոց յաճախեա՛ց, և մեղք նոցա մեծացա՛ն յոյժ։
21․ Արդ իջեալ տեսից եթէ ըստ աղաղակին նոցա որ յիսն հասանէ՝ վճարիցե՞ն. ապա թէ ո՛չ զի գիտացից։
22․ Եւ դարձեալ անտի արանցն եկին ի Սոդոմ։ Եւ Աբրաամ կա՛յր առաջի Տեառն։
23․ Եւ մատուցեալ Աբրաամ ասէր. Միթէ կորուսանիցե՞ս զարդարն ընդ ամպարշտին, և լինիցի արդարն իբրև զամպարիշտն։
24․ Եթէ իցեն յիսուն արդար ի քաղաքի, կորուսանիցե՞ս զնոսա. և ո՞չ ներեսցես ամենայն տեղեացն վասն յիսուն արդարոյն եթէ իցեն ի նմա։
26․ Քա՛ւ լիցի քեզ առնել զայն բան, սպանանել զարդարն ընդ ամպարշտի, և լինիցի արդարն իբրև զամպարիշտն։ Քա՛ւ լիցի քեզ որ դատիս զամենայն երկիր, մի՛ արասցես զայն դատաստան։
26․ Եւ ասէ Տէր. Եթէ գտցի ի Սոդոմ յիսուն արդար ի քաղաքի անդ, թողացուցի՛ց ամենայն տեղեացն վասն նոցա։
27․ Պատասխանի ետ Աբրաամ և ասէ. Այժմ սկսայ խօսել ընդ Տեառն. բայց ես հո՛ղ եմ և մոխիր։
28․ Եթէ պակա՛ս իցեն քան զյիսուն արդար հնգի՛ւ չափ, կորուսանիցե՞ս վասն հնգիցն զամենայն քաղաքն։ Եւ ասէ. Ո՛չ կորուսից՝ եթէ գտցի անդ քառասուն և հինգ։
29․ Եւ յաւե՛լ ևս խօսել ընդ նմա՝ և ասէ. Իսկ եթէ գտցի անդ քառասուն։ Եւ ասէ. Ո՛չ կորուսից վասն քառասնիցն։
30․ Եւ ասէ. Միթէ իցէ՞ ինչ Տէր եթէ խօսիցիմ. իսկ եթէ գտցի անդ երեսո՞ւն։ Եւ ասէ. Ո՛չ կորուսից՝ եթէ գտցի անդ երեսուն։
31․ Եւ ասէ. Որովհետև կալայ խօսել ընդ Տեառն, թէ գտցի անդ՝ քսա՞ն։ Եւ ասէ. Ո՛չ կորուսից վասն քսանիցն։
32․ Եւ ասէ. Միթէ իցէ՞ ինչ Տէր եթէ խօսեցայց ևս մի՛ւս անգամ. եթէ գտցի անդ՝ տա՞սն։ Եւ ասէ. Ո՛չ կորուսից վասն տասանցն։
33․ Եւ գնա՛ց Տէր իբրև լռեաց ի խօսելոյ անտի ընդ Աբրաամու. և Աբրաամ դարձա՛ւ ի տեղի իւր։