1․ Եւ եղեւ յետ բանիցս այսոցիկ, յանցեաւ տակառապետ արքային Եգիպտացւոց, եւ մատակարար տեառն նոցա արքային Եգիպտացւոց:
2․ Եւ բարկացաւ փարաւոն ի վերայ երկոցուն ներքինեացն իւրոց. եւ ի վերա տակառապետին, եւ ի վերայ մատակարարին:
3․ Եւ եդ զնոսա ի բանտի առ դահճապետին. յայնմ բանտի տեղւոջ ուր Յովսէփն կայր:
4․ Եւ յանձն արար զնոսա դահճապետն Յովսեփայ. եւ կայր նոցա ի սպասու: Եւ էին աւուրս ինչ ի բանտի անդ:
5․ Եւ տեսին երազ երկոքին. զիւրաքանչիւր երազ ի միում գիշերի: Տեսիլ երազոյ տակառապետին եւ մատակարարին որ էին արքային Եգիպտացւոց, մինչ էին ի բանտի անդ:
6․ Եմուտ առ նոսա Յովսէփ ընդ առաւաւտն. եւ ետես զնոսա` եւ էին խռովեալք:
7․ Եհարց ցներքինիսն փարաւոնի որ էին ընդ նմա ի բանտի անդ առ տեառն նորա եւ ասէ. ընդ է՞ր տրտում են երեսք ձեր այսաւր:
8․ Եւ նոքա ասեն ցնա. Երազ տեսաք, եւ ոչ ոք իցէ որ մեկնիցէ զնա: Եւ ասէ ցնոսա Յովսէփ. Ոչ ապաքէն ի ձեռս Աստուծոյ իցէ մեկնութիւն նոցա. պատմեցէք ինձ:
9․ Եւ պատմեաց տակառապետն զերազն իւր Յովսեփայ` եւ ասէ. Թուէր ինձ ի տեսլեան իմում, որթ մի առաջի իմ:
10․ Եւ յորթն երեք ուռք` կանաչք յոյժ. եւ ունէր երիս ողկոյզս հասեալս ողկոյզ խաղողոյ:
11․ Եւ բաժակն փարաւոնի ի ձեռին իմում: Առնուի զխաղողն, եւ ճմլէի ի բաժակն փարաւոնի, եւ տայի զբաժակն ի ձեռս փարաւոնի:
12․ Եւ ասէ ցնա Յովսէփ. Այս է մեկնութիւն նորա: Երեք ուռքն, երեք աւուրք են:
13․ Այլ եւս երեք աւուրք, եւ յիշեսցէ փարաւոն զիշխանութիւն քո, եւ անդէն ի նմին տակառապետութեան քում կացուսցէ զքեզ. եւ տացես զբաժակն փարաւոնի ի ձեռս նորա, ըստ առաջնոյ իշխանութեան քո` որպէս եւ էիր տակառապէտ:
14․ Այլ զիս յիշեսջիր յորժամ բարի լինիցի քեզ. եւ արասցես ինձ ողորմութիւն. եւ յիշեսցես զիս առաջի փարաւոնի. եւ հանցես զիս ի բանտէ աստի յայսմանէ:
15․ Զի գողանալով գողացան զիս յերկրէն Եբրայեցւոց. եւ աստ` ինչ ոչ արարի. եւ արկին զիս ի տուն գբոյս այսորիկ:
16․ Իբրեւ ետես մատակարարն թէ ուղիղ մեկնեաց, ասէ ցՅովսէփ. Եւ ես տեսանէի յերազի, թուէր ինձ թէ երիս խանս նաշհւոյ ունէի ի գլուխ իմում:
17․ Եւ ի վերնում խանին յամենայնէ զոր ուտէր արքայ փարաւոն` գործ մատակարարաց. եւ թռչունք ուտէին զնա ի խանէ անտի` որ էր ի վերայ գլխոյ իմոյ:
18․ Պատասխանի ետ Յովսէփ` եւ ասէ ցնա. Այս է մեկնութիւն նորա: Երեք խանքն` երեք աւուրք են:
19․ Յետ երից աւուրց բարձցէ փարաւոն զգլուխ քո ի քէն, եւ կախեսցէ զքեզ զփայտէ. եւ կերիցեն թռչունք երկնից զմարմին քո ի քէն:
20․ Եւ եղեւ յաւուրն երրորդի, աւր ծննդոց էր փարաւոնի, եւ առնէր ուրախութիւն ամենայն ծառայից իւրոց:
21․ Եւ յիշեաց զիշխանութիւն տակառապետին, եւ զիշխանութիւն մատակարարին ի մէջ ծառայից իւրոց:
22․ Եւ կացոյց զտակառապետն անդէն յիշխանութեան իւրում. եւ ետ զբաժակն ի ձեռս փարաւոնի:
23․ Եւ զմատակարարն կախեաց զփայտէ, որպէս եւ մեկնեացն Յովսէփ:
24․ Եւ ոչ յիշեաց տակառապետն զՅովսէփ, այլ մոռացաւ զնա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: