Հովսեփը բանտում երկու երազ է մեկնում
1. Եվ եղավ, որ այդ դեպքերից հետո Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը իրենց տիրոջ՝ Եգիպտոսի թագավորի դեմ հանցանք գործեցին:
2. Եվ փարավոնը բարկացավ իր երկու ներքինիների՝ մատռվակապետի ու հացագործապետի վրա:
3. Եվ նրանց բանտարկեց դահճապետի տան բանտում, ուր Հովսեփն էր:
4. Եվ դահճապետը Հովսեփին վերակացու նշանակեց նրանց վրա, և նա ծառայում էր նրանց: Եվ նրանք միառժամանակ մնացին բանտում:
5. Եվ միևնույն գիշերը երկուսն էլ՝ Եգիպտոսի թագավորի մատռվակը և հացագործը, ովքեր փակված էին բանտում, երազ տեսան, ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ:
6. Եվ Հովսեփն առավոտյան եկավ նրանց մոտ ու տեսավ, որ նրանք տրտմած էին:
7. Եվ հարցրեց փարավոնի ներքինիներին, ովքեր իր տիրոջ տանն իր հետ բանտարկված էին. «Ինչո՞ւ են այսօր ձեր երեսները տրտմած»:
8. Եվ նրանք պատասխանեցին. «Երազ ենք տեսել, բայց այն մեկնող չկա»: Եվ Հովսեփն ասաց նրանց. «Աստծուց են բոլոր մեկնությունները: Խնդրեմ, պատմեք ինձ ձեր երազները»:
9. Եվ մատռվակապետը Հովսեփին պատմեց իր երազն ու ասաց. «Երազումս տեսա, որ իմ առջև մի որթատունկ կար:
10. Եվ այդ որթատունկի վրա երեք ոստեր կային: Եվ հենց այն բողբոջեց, ծաղիկ տվեց, և նրա ողկույզները խաղող հասունացրին:
11. Եվ փարավոնի բաժակն իմ ձեռքին էր: Ես խաղողները վերցրի, ճմլեցի փարավոնի բաժակի մեջ և գավաթը փարավոնի ձեռքը տվեցի»:
12. Եվ Հովսեփն ասաց. «Ահա սա է երազի մեկնությունը. երեք ոստերը երեք օրեր են:
13. Երեք օր հետո փարավոնը գլուխդ կբարձրացնի և դարձյալ քո պաշտոնը քեզ կվերադարձնի: Եվ դու փարավոնի բաժակը նրա ձեռքը կտաս այն նախկին սովորության պես, երբ նրա մատռվակն էիր:
14. Բայց դու հիշի՛ր ինձ, երբ քեզ համար բարին կատարվի, խնդրեմ ինձ բարերարություն արա. հիշի՛ր ինձ փարավոնի առջև և դուրս բեր ինձ այս բանտից:
15. Որովհետև իրապես ինձ գողացան եբրայեցիների երկրից, և այստեղ էլ ոչինչ չեմ արել, որ ինձ այս բանտն են նետել»:
16. Եվ երբ հացագործապետը տեսավ, որ լավ մեկնեց երազը, ասաց Հովսեփին. «Ես էլ երազումս տեսա, որ գլխիս ալյուրի երեք զամբյուղ ունեի:
17. Ամենավերին զամբյուղի մեջ կային փարավոնի բոլոր կերակուրներից, որ պատրաստում է հացագործը: Եվ թռչուններն ուտում էին դրանք գլխիս վրայի զամբյուղից»:
18. Եվ Հովսեփը պատասխանեց ու ասաց. «Սա է դրա մեկնությունը: Երեք զամբյուղները երեք օրեր են:
19. Երեք օր հետո փարավոնը վրայիցդ կվերցնի գլուխդ, քեզ կկախի մի ծառից, և թռչունները կուտեն քո մարմինը»:
20. Եվ երեք օր հետո փարավոնի ծննդյան օրն էր: Նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց ու իր ծառաների մեջ հիշեց մատռվակապետին ու հացագործապետին:
21.Մատռվակապետին վերադարձրեց իր պաշտոնին, և նա բաժակը փարավոնի ձեռքը տվեց,
22. Իսկ հացագործապետին կախել տվեց, ինչպես որ Հովսեփը մեկնել էր նրանց:
23. Սակայն մատռվակապետը չհիշեց Հովսեփին ու մոռացավ նրան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: