Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 36

Եսավի սերունդը
   

1․ Եվ սրանք են Եսավի, այսինքն Եդոմի սերունդները:
2․ Եվ Եսավը Քանանի աղջիկներից կանայք առավ. քետացի Ելոնի դուստր Ադդային, խևացի Սեբեգոնի դստեր՝ Անայի դուստր Ողիբամային
3․ Եվ Իսմայելի դուստր Նաբեոթի քույր Բասեմաթին;
4․ Եվ Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին, և Բասեմաթը ծնեց Ռագուելին:
5․ Եվ Ողիբաման ծնեց Հեուսին, Հեղգոմին և Կորխին: Սրանք էին Եսավի որդիները, որոնք ծնվեցին Քանանի երկրում:
6․ Եվ Եսավն առավ իր կանանց, իր որդիներին ու դուստրերին, իր տան բոլոր մարդկանց, իր հոտերն ու բոլոր անասունները, իր ամբողջ ունեցվածքը, որ ձեռք էր բերել Քանանի երկրում և իր եղբայր Հակոբի մոտից հեռացավ այլ երկիր,
7․ Որովհետև նրանց ունեցվածքն այնքան մեծ էր, որ չէին կարող միասին բնակվել, և իրենց հոտերի պատճառով բավական չէր այն երկիրը, որտեղ նրանք պանդուխտ էին:
8․ Եսավը՝ նույն ինքը Եդոմը, բնակվեց Սեիր լեռան վրա:
9․ Եվ սրանք էին եդոմացիների հայր Եսավի սերունդները Սեիր լեռան վրա:
10․ Եսավի որդիներն էին Եղիփազը, որը Եսավի կնոջ՝ Ադդայի որդին էր և Ռագուելը՝ Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդին:
11․ Եվ Եղիփազի որդիներն են Թեման, Սեփովը, Գոթամը և Կենեզը:
12․ Եվ Թամնան Եսավի որդի Եղիփազի հարճն էր, ով Եղիփազի համար ծնեց Ամաղեկին: Սրանք էին Եսավի կնոջ՝ Ադդայի որդիները:
13․ Եվ Ռագուելի որդիներն էին Նահաթը, Զարան, Սամման ու Մեզան: Սրանք էին Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիները:
14․ Եվ սրանք էին Եսավի կնոջ՝ Ողիբամայի որդիները, ով Սեբեգոնի դստեր՝ Անայի դուստրն էր. Ողիբաման Եսավի համար ծնեց Հեուսին, Հոգդոմին և Կորխին:
15․ Սրանք էին Եսավի որդիների ցեղապետերը. Եսավի անդրանիկ որդու՝ Եղիփազի որդիներն էին Թեման ցեղապետը,
16․ Օմար ցեղապետը, Սեփով ցեղապետը, Կենեզ ցեղապետը, Կորխ ցեղապետը, Գոթամ ցեղապետը, Ամաղեկ ցեղապետը։ Սրանք էին Եդոմի երկրում Եղիփազի ցեղապետերը: Սրանք Ադդայի որդիներն էին։
17․ Եվ Եսավի որդի Ռագուելի որդիներն էին Նահաթ ցեղապետ, Զարա ցեղապետը, Սամմա ցեղապետը, Մեզա ցեղապետը։ Սրանք էին Եդոմի երկրում Ռագուելի ցեղապետերը: Սրանք Եսավի կնոջ Բասեմաթի որդիներն էին։
18. Եվ Եսավի կնոջ՝ Ողիբամայի որդիներն էին Հեուս ցեղապետը, Հեգղոմ ցեղապետը, Կորխ ցեղապետը: Սրանք էին Եսավի կնոջ՝ Անայի դուստր Ողիբամայի ցեղապետերը։
19. Սրանք էին Եսավի այսինքն Եդոմի որդիները, և սրանք էին նրանց ցեղապետերը։
20․ Եվ այդ երկրում բնակվող քոռեցի Սեիրի որդիներն էին Ղոտան, Սոբաղը, Սեբեգոնը, Անան,
21․ Դիսոնը Եսերը և Դիսանը։ Սրանք Սեիրի որդիներն էին՝ քոռեցիների ցեղապետերը Եդոմի երկրում։
22. Եվ Ղոտանի որդիներն էին Քոռին և Հեմամը, և Ղոտանի քոյրը՝ Թամնան։
23․ Եվ Սոբաղի որդիներն էին Գաղվանը, Մանաքաթը, Գեբաղը, Սեփովը և Օնամը:
24․ Եվ Սեբեգոնի որդիներն էին Այիան և Անան: Սա այն Անան էր, ով իր հոր՝ Սեբեգոնի էշերն արածեցնելիս անապատում ջրի աղբյուրներ գտավ:
25․ Եվ Անայի որդին էր Դիսոնը, իսկ դուստրը՝ Ողիբաման:
26․ Եվ Դիսոնի որդիներն էին Ամադանը, Եսբանը, Հեթրանը և Քառանը:
27․ Եսերի որդիներն էին Բաղղանը, Զաավանը և Ականը:
28․ Դիսանի որդիներն էին Հուսը և Առանը:
29․ Քոռեցիների ցեղապետերն էին Ղոտան ցեղապետը, Սոբաղ ցեղապետը, Սեբեգոն ցեղապետը, Անա ցեղապետը,
30․ Դիսոն ցեղապետը, Եսեր ցեղապետը, Դիսան ցեղապետը: Սրանք էին քոռեցիների ցեղապետերը Սեիր երկրում՝ ըստ գավառներում իրենց իշխանությունների:
31․ Եվ սրանք էին այն թագավորները, որոնք թագավորեցին Եդոմի երկրում, երբ Իսրայելի որդիները դեռևս թագավոր չունեին:
32․ Եվ Բեովրի որդի Բաղան թագավորեց Եդոմում: Եվ նրա քաղաքի անունը Դեննաբա էր:
33․ Եվ Բաղղան մեռավ, ու նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հովաբը:
34․ Եվ Հովաբը մեռավ, ու նրա փոխարեն թագավորեց Հուսամը՝ թեմանացիների երկրից:
35․ Եվ Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, ով Մովաբի դաշտում կոտորեց մադիանացիներին: Եվ նրա քաղաքի անունը Ավիթ էր:
36․ Եվ Ադադը մեռավ, ու նրա փոխարեն թագավորեց մասրեկացի Սամաղան:
37․ Եվ Սամաղան մեռավ, ու նրա փոխարեն թագավորեց Սավուղը՝ Ռոբոթից, որ գտնվում էր գետի մոտ:
38․ Եվ Սավուղը մեռավ, ու նրա փոխարեն թագավորեց Աքոբորի որդի Բաաղանանը:
39․ Եվ Աքոբորի որդի Բաաղանանը մեռավ, ու նրա փոխարեն թագավորեց Ադադը: Նրա քաղաքի անունը Փոգով էր, և նրա կնոջ անունը Մետաբեել էր, ով Մեզաաբի դուստր Մատրեթի աղջիկն էր:
40․ Եվ սրանք էին Եսավի ցեղապետերի անունները՝ ըստ իրենց տոհմերի ու տեղանքի, իրենց անվանումների համաձայն. Թամնա ցեղապետ, Գաղուա ցեղապետ, Հեթաթ ցեղապետ,
41. Ողիբամա ցեղապետ, Էլա ցեղապետ, Փինոն ցեղապետ,
42. Կենեզ ցեղապետ, Թեման ցեղապետ, Մաբզար ցեղապետ,
43. Մագեդիել ցեղապետ, Իրամ ցեղապետ։ Սրանք են Եդոմի ցեղապետերն՝ ըստ իրենց բնակության, ըստ երկրներում ունեցած իրենց ստացվածքի: Եվ սա էր Եսավը՝ եդոմացիների հայրը։