Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 46

Հակոբը գալիս է Եգիպտոս
   
1. Եվ Իսրայելն իր ամբողջ ունեցվածքով ճանապարհ ընկավ: Եկավ Բերսաբեե ու իր հոր՝ Իսահակի Աստծուն զոհեր մատուցեց:
2. Եվ Աստված գիշերվա տեսիլքի մեջ խոսեց Իսրայելի հետ ու ասաց. «Հակո՛բ, Հակո՛բ»: Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»:
3. Եվ ասաց. «Ես եմ Աստվածը, քո հոր Աստվածը, մի՛ վախեցիր գնալ Եգիպտոս, որովհետև Ես քեզ այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու:
4. Ես քեզ հետ Եգիպտոս կգամ, նաև, անշուշտ, դուրս կբերեմ այնտեղից, և Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»:
5. Եվ Հակոբը ելավ Բերսաբեեից: Եվ Իսրայելի որդիներն իրենց հայր Հակոբին, իրենց զավակներին և իրենց կանանց տարան այն կառքերով, որ փարավոնն ուղարկել էր նրան բերելու համար:
6. Եվ իրենց հետ վերցրին իրենց անասունները, իրենց ունեցվածքը, որ ձեռք էին բերել Քանանի երկրում, Հակոբին և նրա հետ իր ամբողջ սերունդը:
7. Իր որդիներին և իր որդիների որդիներին, իր դուստրերին և իր որդիների դուստրերին և իր ամբողջ սերունդն իր հետ Եգիպտոս բերեց:
   
Իսրայելի որդիները
   
8. Եվ սրանք են Իսրայելի որդիների՝ Հակոբի և նրա որդիների անունները, որ Եգիպտոս եկան: Հակոբի անդրանիկն էր Ռուբենը:
9. Եվ Ռուբենի որդիներն էին Ենոքը, Փաղղուսը, Եսրոնը և Քարմին:
10. Եվ Շմավոնի որդիներն էին Համուելը, Համին, Ոհադը, Հաքին, Սահառը և քաղաղացի կնոջ որդին՝ Սավուղը:
11. Եվ Ղևիի որդիներն էին Գերսոնը, Կահաթը և Մերարին:
12. Եվ Հուդայի որդիներն էին Էրը, Օնանը, Սելոմը, Փարեսը, Զարան, որոնցից Էրը և Օնանը մեռան Քանանի երկրում: Եվ Փարեսի որդիներն էին Եսրոնը և Համուլը:
13. Եվ Իսաքարի որդիներն էին Թավղան, Փուան, Հոբը և Սամրոնը:
14. Եվ Զաբուղոնի որդիներն էին Սարեդը, Ելոնը և Հաղելը:
15. Սրանք Լիայի որդիներն էին և դուստրը՝ Դինան, որոնց Միջագետքում նա ծնեց Հակոբի համար: Նրա բոլոր որդիներն ու դուստրերը երեսուներեք հոգի էին:
16. Եվ Գադի որդիներն էին Սափոնը, Անգին, Սունին, Եսբոնը, Էրին, Արոտին և Արելին:
17. Եվ Ասերի որդիներն էին Հեմնան, Հեսուան, Հեսուին, Բարիան և նրանց քույրը՝ Սարան: Եվ Բարիայի որդիներն էին Քաբերը և Մաղքիելը:
18. Սրանք Զեղփայի որդիներն էին, որին Լաբանը տվեց իր դուստր Լիային, և նա էլ Հակոբի համար ծնեց սրանց՝ տասնվեց հոգի:
19. Հակոբի կին Ռաքելի որդիներն էին Հովսեփը և Բենիամինը:
20. Եվ Հովսեփի համար Եգիպտոսում ծնվեցին Մանասեն ու Եփրեմը, որոնց նրա համար ծնեց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթը:
21. Եվ Բենիամինի որդիներն էին Բաղան, Բոքորը, Ասբելը, Գերան, Նեեմանը, Էհին, Ռովսը, Մուփիմը, Ռոփիմը և Արեդը:
22. Սրանք Ռաքելի որդիներն էին, որոնք ծնվեցին Հակոբի համար՝բոլորը տասնչորս հոգի:
23. Եվ Դանի որդին էր Հուսիմը:
24. Եվ Նեփթաղիմի որդիներն էին Հասիելը, Գունին, Հասիրը և Սիլլեմը:
25. Սրանք Բաղղայի որդիներն էին, որին Լաբանը տվեց իր դստերը, և նա էլ Հակոբի համար ծնեց սրանց՝ բոլորը յոթ հոգի:
26. Հակոբի հետ Եգիպտոս բոլոր եկածները, ովքեր սերվել էին նրանից, վաթսունվեց հոգի էին՝ բացի Հակոբի որդիների կանանցից:
   
Հովսեփի հանդիպումը հոր հետ
   
27. Եվ Հովսեփի որդիները, որոնք Եգիպտոսում ծնվեցին նրա համար, երկուսն էին: Հակոբի տան բոլոր անձիք, որ գնացին Եգիպտոս, յոթանասուն հոգի էին:
28. Եվ Հակոբն իրենից առաջ Հուդային ուղարկեց Հովսեփի մոտ, որ նրան ցույց տա Գեսեմը: Եվ նրանք եկան Գեսեմի երկիրը:
29. Եվ Հովսեփը պատրաստեց իր կառքը և իր հայր Իսրայելին դիմավորելու համար գնաց Գեսեմ: Եվ երբ տեսավ նրան, ընկավ նրա պարանոցով և նրան փարված՝ երկար լաց եղավ:
30. Եվ Իսրայելն ասաց Հովսեփին. «Այժմ երեսդ տեսնելուց հետո թող մեռնեմ, որովհետև դու մինչ այժմ ողջ ես»:
31. Եվ Հովսեփն իր եղբայրներին և իր հոր տան անդամներին ասաց. «Գնամ փարավոնին հայտնեմ, որ իմ եղբայրները և իմ հոր ընտանիքը, որ Քանանի երկրում էին, ինձ մոտ եկան:
32. Ասեմ, որ այդ մարդիկ հովիվներ են ու քանի որ խաշների տեր են, իրենց հետ բերել են իրենց հոտերը, արջառները և իրենց բոլոր ունեցվածքը:
33. Եվ երբ փարավոնը ձեզ կանչի ու հարցնի, թե՝ “Ի՞նչ է ձեր գործը”, ասացեք.
34. “Քո ծառաները՝ մենք և մեր հայրերը, մանկուց ի վեր խաշնարածներ ենք”, որպեսզի բնակվեք Գեսեմի երկրում, որովհետև ամեն հովիվ եգիպտացիների առջև խորշելի է»: