Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 32

Հակոբը ճանապարհին հանդիպում է հրեշտակների
   
1. Հակոբը գնաց իր ճանապարհով, և Աստծո հրեշտակները հանդիպեցին նրան:
2. Եվ երբ Հակոբը տեսավ նրանց, ասաց. «Սա Աստծո բանակն է»: Եվ այդ վայրի անունը Մանայիմ դրեց:
 
   
Հակոբի երկյուղը, աղոթքը և մենամարտությունը
   
3. Եվ Հակոբն իր առջևից բանբերներ ուղարկեց դեպի Սեիր երկիր՝ Եդոմի գավառ՝ իր եղբայր Եսավի մոտ:
4. Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ասացեք իմ տեր Եսավին՝ “Այսպես է ասում Քո ծառա Հակոբը. Ես բնակվում էի Լաբանի մոտ որպես պանդուխտ ու այնտեղ էի մինչև հիմա:
5. Եվ ունեմ արջառներ ու էշեր, հոտեր, ծառաներ ու աղախիններ: Հիմա մարդ եմ ուղարկում՝ հայտնելու իմ մասին, որ շնորհ գտնեմ իմ տիրոջ առջև”»:
6. Եվ բանբերները վերադարձան Հակոբի մոտ ու ասացին. «Մենք գնացինք քո եղբայր Եսավի մոտ, և ահա նա չորս հարյուր մարդկանցով քեզ ընդառաջ է գալիս»:
7. Եվ Հակոբը շատ վախեցավ ու շփոթվեց: Նա իր ժողովրդին, հոտերը, արջառները և ուղտերը երկու խմբի բաժանեց:
8. Եվ մտածեց. «Եթե Եսավը հասնի մի խմբին ու հարձակվի նրա վրա, ապա մյուս խումբը կփրկվի»:
9. Եվ Հակոբն ասաց. «Ո՛վ իմ հայր Աբրահամի Աստված, և իմ հայր Իսահակի Աստված, ո՛վ Տեր, Դու ասացիր ինձ. “Վերադարձի՛ր քո երկիրը և քո ծննդավայրը, ու քեզ բարիք կանեմ”:
10. Ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին ու հավատարմությանը, որ արել ու ցույց ես տվել Քո ծառային, քանի որ ցուպը ձեռքիս՝ անցա Հորդանանը և հիմա երկու խմբի տեր եղա:
11. Եվ արդ, ազատի՛ր ինձ իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից, միգուցե գա և հարվածի ինձ ու մորը՝ որդիներով:
12. Եվ Դու ասացիր. “Անշուշտ, քեզ բարիք կանեմ և քո սերունդը կդարձնեմ ծովի ավազահատիկների չափ այնքան, որ հաշվել չլինի”»:
13. Եվ այդ գիշեր մնաց այնտեղ: Իր եղածից եղբորը՝ Եսավին ընծայելու համար վերցրեց
14. Երկու հարյուր մաքի և քսան խոյ,
15. Երեսուն ուղտ՝ իրենց ձագերով, քառասուն կով, տասը ցուլ, քսան էգ էշ և տասը քուռակ:
16. Եվ ամեն մի հոտը առանձին-առանձին իր ծառաների ձեռքը հանձնեց ու ասաց նրանց. «Ինձանից առաջ անցեք և հոտերի միջև տարածություն թողեք»:
17. Եվ առաջինին պատվիրեց՝ ասելով. «Երբ իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ ու հարցնի. “Դու ո՞ւմ ծառան ես, ո՞ւր ես գնում, և ո՞ւմ հոտն է քո առջևից գնում”:
18. Այնժամ կասես. “Քո ծառա Հակոբինն է, իսկ սա ընծա է՝ ուղարկված իմ տեր Եսավին, և ահա ինքն էլ գալիս է մեր ետևից”:
19. Եվ նույնը պատվիրեց երկրորդ, երրորդ ծառաներին և հոտերի ետևից բոլոր գնացողներին: Եվ ասաց. «Այսպես կխոսեք Եսավի հետ, երբ հանդիպեք նրան
20. Եվ կասեք. “Ահա քո ծառա Հակոբը գալիս է մեր ետևից”, որովհետև մտածեց. «Կփափկացնեմ նրա սիրտը իմ առջևից գնացող այս ընծաներով և ապա կնայեմ նրա երեսին. գուցե ընդունի ինձ»:
21. Ընծաները տանում էին նրա առջևից: Եվ նա այդ գիշեր մնաց այնտեղ՝ բանակատեղում:
22. Եվ այդ գիշեր վեր կացավ, վերցրեց իր երկու կանանց, երկու աղախիններին, իր տասնմեկ որդիներին և անցավ Հաբոկ գետի ծանծաղուտով:
23. Եվ վերցրեց նրանց ու իր ամբողջ ունեցվածքը և անցկացրեց վտակով:
24. Եվ Հակոբը մենակ մնաց: Եվ Մեկը գոտեմարտեց նրա հետ մինչև արշալույս:
25. Եվ տեսավ, որ չկարողացավ նրան հաղթել, գոտեմարտելիս դիպավ ու վնասեց նրա ազդրի հաստաձիգ ջիլը:
26. Եվ Նա ասաց. «Թո՛ղ որ գնամ, որովհետև արշալույսը ծագեց»: Եվ Հակոբն ասաց. «Քեզ չեմ թողնի, մինչև չօրհնես ինձ»:
   
Իսրայել անունը
   
27. Եվ Նա հարցրեց նրան. «Ի՞նչ է քո անունը»: Պատասխանեց. «Հակո՛բ»:
28. Եվ Նա ասաց. «Այլևս քո անունը Հակոբ չի լինի, այլ Իսրայել, որովհետև դու մարտնչեցիր Աստծո հետ և մարդկանց հետ ու հաղթեցիր»:
29. Եվ Հակոբը հարցրեց նրան՝ ասելով. «Խնդրում եմ, ասա՛ ինձ քո անունը»: Եվ Նա պատասխանեց. «Ինչո՞ւ ես հարցնում Իմ անունը»: Եվ այնտեղ օրհնեց Հակոբին:
30. Եվ Հակոբն այդ տեղը Փանուել կոչեց, որովհետև ասաց. «Դեմ առ դեմ տեսա Աստծուն, և իմ անձը ողջ մնաց»:
31. Եվ արեգակը ծագեց Հակոբի վրա, երբ անցավ Փանուելից, և նա ազդրի վրա կաղում էր:
32. Այդ պատճառով Իսրայելի որդիները մինչ այսօր չեն ուտում ազդրի ջիլը, որովհետև Նա դիպել էր Հակոբի ազդրի ջլին և անզգայացրել: