Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 41

Հովսեփը մեկնում է փարավոնի երազները
   
1. Եվ եղավ, որ երկու տարի անց փարավոնը երազ տեսավ. ահա նա կանգնած էր գետեզերքին,
2. Եվ ահա գետից դուրս ելան գեղեցիկ տեսքով ու պարարտ մարմիններով յոթ երինջներ ու սկսեցին արածել եղեգների մեջ:
3. Եվ ահա նրանց ետևից ուրիշ յոթ երինջներ ելան գետից՝ զազրելի տեսքով և վտիտ մարմիններով, ու կանգնեցին գետեզերքին՝ այն երինջների մոտ:
4. Եվ զազրելի տեսքով և վտիտ մարմիններով երինջները կերան այն յոթ գեղեցիկ տեսքով և պարարտ երինջներին: Եվ փարավոնն արթնացավ:
5. Եվ քնեց: Եվ երկրորդ անգամ երազ տեսավ. ահա մեկ ցողունի վրա յոթ պարարտ և լավ հասկեր էին դուրս գալիս:
6. Եվ նրանց ետևից յոթ վտիտ ու խորշակահար հասկեր էին բուսնում:
7. Եվ այն վտիտ հասկերը կուլ տվեցին այն յոթ պարարտ ու լեցուն հասկերին: Եվ փարավոնն արթնացավ ու տեսավ, որ ահա երազ էր:
8. Եվ առավոտյան խռովվեց նրա հոգին: Կանչել տվեց Եգիպտոսի բոլոր մոգերին և նրա բոլոր իմաստուններին: Եվ փարավոնը պատմեց նրանց իր երազները, բայց չգտնվեց մեկը, որը փարավոնի համար կմեկներ դրանք:
9. Եվ մատռվակապետը խոսեց փարավոնի հետ՝ ասելով. «Ես այսօր հիշում եմ իմ հանցանքները:
10. Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա և ինձ ու հացագործապետին դահճապետի տան բանտը նետել:
11. Եվ ես ու նա նույն գիշերվա մեջ երազ տեսանք, յուրաքանչյուրս տեսավ իր երազը՝ իր նշանակությամբ:
12. Եվ այնտեղ մեզ հետ մի եբրայեցի պատանի կար, ով դահճապետի ծառան էր: Եվ մենք պատմեցինք նրան, ու նա մեկնեց մեր երազները, յուրաքանչյուրիս մեկնեց՝ ըստ մեր երազի:
13. Եվ ինչպես որ նա մեկնեց, այդպես եղավ. փարավոնն ինձ իմ պաշտոնին վերադարձրեց, իսկ նրան կախեցին»:
14. Եվ փարավոնը մարդ ուղարկեց ու կանչեց Հովսեփին: Անմիջապես նրան դուրս բերեցին բանտից, և նա ածիլվեց, փոխեց իր հանդերձները ու եկավ փարավոնի մոտ:
15. Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Ես երազ տեսա, և չկա մեկը, որ այն մեկնի: Լսել եմ քո մասին, որ դու կարողանում ես մեկնել երազները»:
16. Եվ Հովսեփը պատասխանեց փարավոնին ու ասաց. «Ոչ թե ես, այլ Աստված պիտի տա պատասխանը՝ ի բարօրություն փարավոնի»:
17. Եվ փարավոնը պատմեց Հովսեփին. «Երազումս ահա կանգնած էի գետեզերքին:
18. Եվ ահա գետից յոթ երինջներ դուրս ելան՝ պարարտ ու գեղեցիկ տեսքով, ու սկսեցին արածել եղեգների մեջ:
19. Եվ ահա նրանց ետևից ուրիշ յոթ երինջներ դուրս ելան՝ նիհար, խիստ զազրելի տեսքով ու վտիտ մարմիններով, որոնցից առավել զազրելին չեմ տեսել ամբողջ Եգիպտոսի երկրում:
20. Եվ այն վտիտ ու զազրելի երինջները կերան առաջին յոթ պարարտ երինջներին:
21. Եվ մտան նրանց որովայն, ու չէր երևում, որ սրանք նրանց որովայնում են: Նրանց տեսքը դարձյալ զազրելի էր, ինչպես որ առաջ էր: Հետո արթնացա:
22. Եվ դարձյալ երազումս տեսա, որ ահա մեկ ցողունի վրա յոթ պարարտ և ընտիր հասկեր էին դուրս գալիս:
23. Եվ ահա նրանց ետևից յոթ չոր ու բարակ խորշակահար հասկեր էին բուսնում:
24. Եվ բարակ հասկերը կուլ տվեցին այն յոթ ընտիր հասկերին: Ես սրանք պատմեցի մոգերին, սակայն չկար մեկը, որ մեկներ ինձ համար»:
25. Եվ Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազները նույն իմաստն ունեն. Աստված փարավոնին հայտնել է, թե ինչ պիտի անի:
26. Այն յոթ լավ երինջները նշանակում են յոթ տարիները, և այն յոթ լավ հասկերը՝ ևս յոթ տարիները. Երազները մեկ իմաստ ունեն:
27. Այն յոթ վտիտ ու զազրելի երինջները, որ դուրս ելան նրանց ետևից, նշանակում են յոթ տարիները, և այն յոթ բարակ ու խորշակահար հասկերը նշանակում են սովի յոթ տարիները:
28. Ա՛յս է իմ խոսքը, որ ասում եմ փարավոնին. Աստված փարավոնին ցույց է տվել այն, ինչ պիտի անի:
29. Ահա գալու են յոթ տարիներ, որոնք առատության տարիներ կլինեն ամբողջ Եգիպտոսի երկրում:
30. Եվ ապա կգան սովի յոթ տարիներ, և Եգիպտոսի երկրում կմոռացվի առատությունը: Եվ սովը կսպառի երկիրը:
31. Եվ երկրի մեջ չի իմացվի առատությունը այն սովի պատճառով, որ գալու է դրանից հետո, որովհետև այն սաստիկ է լինելու:
32. Եվ փարավոնի համար երազը կրկնվեց երկու անգամ, որովհետև այդ բանը հաստատված է Աստծո կողմից, և Աստված շուտով անելու է այն:
33. Եվ այժմ թող փարավոնը իմաստուն և հանճարեղ մարդ գտնի և նրան նշանակի Եգիպտոսի երկրի վրա:
34. Թող փարավոնն այսպես անի.երկրի վրա գործակալներ նշանակի, որ նրանք վերցնեն Եգիպտոսի առատության յոթ տարիների ընթացքում երկրի բերքի արդյունքի մեկ հինգերորդ մասը:
35. Թող հավաքեն եկող լավ տարիների ամբողջ պաշարը, փարավոնի ձեռքի տակ ցորեն դիզեն ու քաղաքներում պաշար ամբարեն:
36. Եվ երկրի համար պարենը պաշար կլինի այդ յոթ տարիների սովի դեմ, որ լինելու է Եգրպտոսի երկրում, որպեսզի երկիրը սովից չկորչի»:
37. Այս խոսքերը գոհացրին փարավոնին և նրա բոլոր ծառաներին:
   
Հովսեփը կառավարում է Եգիպտոսը
   
38. Եվ փարավոնն ասաց իր ծառաներին. «Կարո՞ղ եք գտնել այսպիսի մի մարդ, որի մեջ Աստծո հոգին լինի»:
39. Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված այս ամենը քեզ հայտնեց, ուրեմն քեզ նման հանճարեղ ու իմաստուն մարդ չկա:
40. Իմ տան վրա եղիր, ու իմ ամբողջ ժողովուրդը կհնազանդվի քո խոսքին, իսկ ես քեզնից բարձր կլինեմ միայն գահով»:
41. Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Ահա քեզ նշանակեցի ամբողջ Եգիպտոսի վրա»:
42. Եվ փարավոնն իր ձեռքից հանեց մատանին և Հովսեփի մատին դրեց, նրան բեհեզյա հանդերձներ հագցրեց ու նրա պարանոցին ոսկե մանյակ անցկացրեց:
43. Եվ նստեցրեց իր երկրորդ կառքին, և գոչում էին նրա առջևից. «Ծնկի եկե՛ք»: Եվ նրան նշանակեց Եգիպտոսի ամբողջ երկրի վրա:
44. Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Ես փարավոնն եմ, և առանց քեզ ոչ ոք չի կարող իր ձեռքը կամ ոտքը բարձրացնել Եգիպտոսի ամբողջ երկրի մեջ»:
45. Եվ փարավոնը Հովսեփի անունը Փսոմփթոմփանե դրեց և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին նրան կնության տվեց: Եվ Հովսեփը ելավ՝ շրջելու Եգիպտոսի երկրում:
46. Եվ Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ կանգնեց Եգիպտոսի փարավոն արքայի առջև: Եվ Հովսեփը, դուրս գալով փարավոնի մոտից, շրջեց ամբողջ Եգիպտոսի երկրով:
47. Եվ առատության յոթ տարիներին երկիրն անչափ մեծ արդյունք տվեց:
48. Եվ յոթ տարիների ամբողջ պաշարը, որ եղավ Եգիպտոսի երկրում, հավաքեց ու ամբարեց քաղաքներում: Ամեն մի քաղաքի մերձակա արտերի պաշարը նույն քաղաքի մեջ ամբարեց:
49. Եվ Հովսեփը ծովի ավազի չափ շատ ցորեն դիզեց: Հավաքեցին այնքան, որ չկարողացան հաշվել, որովհետև անթիվ, անհամար էր:
50. Եվ նախքան սովի տարիները Հովսեփի համար երկու որդիներ ծնվեցին, որոնց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթը ծնեց նրա համար:
51. Եվ Հովսեփն առաջնեկի անունը Մանասե դրեց, որովհետև ասաց. «Աստված մոռացրեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»:
52. Եվ երկրորդի անունը Եփրեմ դրեց, որովհետև ասաց. «Աստված ինձ բազմացրեց իմ տառապանքների երկրում»:
53. Եվ անցան առատության յոթ տարիները Եգիպտոսի երկրում:
54. Եվ ինչպես որ ասել էր Հովսեփը, եկան սովի յոթ տարիները: Սով էր բոլոր երկրներում, բայց Եգիպտոսի երկրում հաց կար:
55. Եվ երբ քաղցեցին Եգիպտոսի ամբողջ երկրում, ժողովուրդը հացի համար աղաղակեց փարավոնին: Եվ փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ, և ինչ որ ձեզ ասի, արե՛ք»:
56. Եվ սով էր ամբողջ երկրում: Եվ Հովսեփը բացեց բոլոր շտեմարանները, որոնց մեջ ցորենի պաշար կար և այն վաճառեց եգիպտացիներին: Եվ սովը սաստկանում էր Եգիպտոսի երկրում:
57. Եվ բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից հացահատիկ առնելու, որովհետև սովը սաստկացել էր ամբողջ աշխարհում: