Հովսեփը ծառայում է Պետափրեսի տանը
1. Եվ Հովսեփին տարան Եգիպտոս: Եվ փարավոնի ներքինի եգիպտացի Պետափրես դահճապետը գնեց նրան իսմայելացիների ձեռքից, ովքեր նրան այնտեղ բերեցին:
2. Եվ Տերը Հովսեփի հետ էր: Նա հաջողակ մարդ էր ու բնակում էր իր եգիպտացի տիրոջ տանը:
3. Եվ Հովսեփի տերը տեսավ, որ Տերը նրա հետ էր, և ինչ որ անում էր, Տերը նրա ձեռքով հաջողություն էր բերում:
4. Եվ Հովսեփը շնորհ գտավ նրա առջև ու ծառայում էր նրան: Նա Հովսեփին իր տան վերակացուն դարձրեց և իր ողջ ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց:
5. Եվ Տերը Հովսեփի պատճառով օրհնեց եգիպտացու տունը նրան իր տան ու ամբողջ ունեցվածքի վրա վերակացու կարգելուց հետո: Եվ Տիրոջ օրհնությունը նրա ամբողջ ունեցվածքի վրա էր թե՛ տանը և թե՛ դաշտում:
6. Եվ նա իր ամբողջ ունեցվածքը Հովսեփի ձեռքը հանձնեց և նրա մոտ եղած ոչ մի բանից տեղեկություն չուներ, բացի իր կերած հացից: Հովսեփը գեղեցիկ էր դեմքով և արտաքինով:
Հովսեփի անմեղությունը և նրա բանտարկությունը
7. Այս բաներից հետո նրա տիրոջ կինը աչք գցեց Հովսեփի վրա և ասաց նրան. «Պառկի՛ր ինձ հետ»:
8. Բայց նա մերժեց իր տիրոջ կնոջը և ասաց. «Ահա իմ տերը չգիտի, թե ինչ կա տան մեջ՝ իմ ձեռքի տակ: Նա իր ամբողջ ունեցվածքն իմ ձեռքն է տվել:
9. Այս տան մեջ ինձանից մեծը չկա, և նա ինձ ոչինչ չի արգելել, բացի քեզանից, որովհետև դու նրա կինն ես: Ուրեմն ես ինչպե՞ս կարող եմ գործել այդ մեծ չարիքը և մեղանչել Աստծո դեմ»:
10. Ու թեպետ նա ամեն օր այդ բանն էր ասում Հովսեփին, սակայն նա չէր լսում ու չէր համաձայնվում պառկել կամ լինել նրա հետ:
11. Եվ մի օր Հովսեփը իր գործն անելու համար տուն եկավ, և տանը ոչ ոք չկար:
12. Եվ կինը բռնեց նրա հանդերձից ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Եվ նա իր հանդերձը թողեց կնոջ ձեռքում ու դուրս փախավ:
13. Երբ նա տեսավ, որ Հովսեփն իր հանդերձը թողեց իր ձեռքում ու դուրս փախավ,
14. Կանչեց իր տան մարդկանց և ասաց նրանց. «Տեսեք, նա մեզ համար մի եբրայեցի բերեց, որ մեզ խայտառակի: Նա ինձ մոտ եկավ, որ ինձ հետ պառկի, բայց ես բարձր ձայնով աղաղակեցի:
15. Եվ երբ նա լսեց իմ բարձր աղաղակը, իր հանդերձը թողեց ինձ մոտ ու դուրս փախավ»:
16. Եվ կինն իր մոտ պահեց նրա հանդերձը, մինչև որ իր տերը տուն եկավ:
17. Եվ խոսեց նրա հետ՝ այս բաներն ասելով. «Այն եբրայեցի ծառան, որին դու բերեցիր մեզ համար, եկավ ինձ մոտ, որ ինձ խայտառակի:
18. Եվ երբ ես բարձրացրի իմ ձայնն ու աղաղակեցի, նա իր հանդերձը թողեց ինձ մոտ ու դուրս փախավ»
19. Եվ երբ նրա տերը լսեց կնոջ խոսքերը, թե՝ «Այսպես վարվեց քո ծառան ինձ հետ», բորբոքվեց բարկությամբ:
20. Եվ Հովսեփի տերը նրան բանտ նետեց, ուր կապված էին թագավորի բանտարկյալները: Եվ նա այնտեղ՝ բանտում էր:
21. Եվ Տերը Հովսեփի հետ էր: Նա ցույց տվեց Իր ողորմությունը նրան և շնորհեց բանտապետի առջև բարեհաճություն գտնել:
22. Եվ բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում եղած բոլոր բանտարկյալներին: Եվ ամեն բան, ինչ լինում էր այնտեղ, նրա ձեռքով էր արվում:
23. Բանտապետը նրա ձեռքին եղած ոչ մի բանին չէր նայում, որովհետև Տերը նրա հետ էր: Եվ նրա արած բոլոր գործերին Տերը հաջողություն էր տալիս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: