Գիրք` 1. Ծնունդ

Գլուխ 8

Ջրհեղեղի վերջը
   
1. Եվ Աստված հիշեց Նոյին, բոլոր կենդանիներին և բոլոր անասուններին, որ նրա հետ տապանում էին: Աստված հողմ բարձրացրեց երկրի վրա, ու ջրերը հետ քաշվեցին:
2. Փակվեցին անդունդի աղբյուրները և երկնքի սահանքները, ու անձրևը երկնքից դադարեց
3. Եվ ջրերը գնալով հետ էին քաշվում երկրի վրայից, և հարյուր հիսուն օր անց ջրերը պակասեցին:
4. Եվ յոթերորդ ամսում՝ ամսվա տասնյոթերորդ օրը, տապանը նստեց Արարատ լեռան վրա:
5. Եվ ջրերը գնալով պակասեցին մինչև տասներորդ ամիսը. տասներորդ ամսվա մեկին երևացին լեռների գագաթները:
6. Եվ քառասուն օր անց Նոյը բացեց իր շինած տապանի պատուհանը
7. Եվ արձակեց ագռավին: Սա դուրս եկավ և թռչում ու ետ էր գալիս մինչև երկրի վրայից ջրերի ցամաքելը:
8. Հետո իր մոտից բաց թողեց աղավնուն, որ տեսնի, թե արդյոք ջրերը ետ են քաշվել երկրի երեսից:
9. Եվ աղավնին իր ոտքը դնելու հանգստի տեղ չգտավ, որովհետև ամբողջ երկրի երեսը ծածկված էր ջրով, ու ետ դարձավ նրա մոտ՝ տապան: Եվ Նոյը մեկնեց իր ձեռքը, վերցրեց նրան ու իր մոտ՝ տապան բերեց:
10. Եվ սպասեց ևս յոթ օր ու դարձյալ տապանից արձակեց աղավնուն:
11. Երեկոյան աղավնին նրա մոտ եկավ, և ահա կտուցին ձիթենու նոր պոկված տերև կար: Եվ Նոյն իմացավ, որ երկրի վրայից ջրերը պակասել են:
12. Եվ սպասեց ևս յոթ օր ու արձակեց աղավնուն, և նա այլևս չվերադարձավ:
13. Եվ Նոյի վեցհարյուրմեկերորդ տարում՝ առաջին ամսվա մեկին, ջրերը ցամաքեցին երկրի վրայից: Եվ Նոյը բացեց տապանի ծածկը ու նայեց, ահա երկրի երեսը ցամաքել էր:
14. Եվ երկրորդ ամսում՝ ամսվա քսանմեկերորդ օրը, երկիրը ցամաքեց:
15. Եվ Աստված խոսեց Նոյի հետ ու ասաց.
16. «Դո՛ւրս եկ տապանից դու և քեզ հետ քո կինը, քո որդիները և քո որդիների կանայք:
17. Դո՛ւրս բեր քեզ հետ եղած ամեն տեսակ մարմին ունեցող բոլոր կենդանիներին՝ թե՛ թռչուններին, թե՛ անասուններին և թե՛ երկրի վրա սողացող բոլոր սողուններին, որպեսզի բազմանան երկրի վրա, աճեն ու շատանան»:
18. Եվ Նոյն իր որդիների, կնոջ և իր որդիների կանանց հետ դուրս եկավ:
19.Ամեն կենդանի, ամեն սողուն, ամեն թռչուն և երկրի վրա բոլոր շարժվողներն՝ ըստ իրենց տեսակների, դուրս եկան տապանից:

   
Նոյի զոհաբերությունը և Աստծո օրհնությունը
   
20. Եվ Նոյը մի զոհասեղան շինեց Աստծո համար և վերցրեց բոլոր մաքուր անասուններից ու բոլոր մաքուր թռչուններից և զոհասեղանի վրա ողջակեզներ մատուցեց:
21. Տերը հոտոտեց անուշ հոտը, և Տերն ասաց իր սրտում. «Այլևս չեմ անիծի երկիրը մարդու պատճառով, որովհետև մարդու սրտի խորհուրդը չար է՝ իր մանկությունից սկսած: Այլևս բնավ չեմ պատուհասի ոչ մի կենդանության շունչ ունեցողի, ինչպես արեցի:
22. Այսուհետև որքան կլինի երկիրը, չեն դադարի ցանքն ու հունձը, սառն ու տաքը, ամառն ու ձմեռը և գիշերն ու ցերեկը»: