1․ Եւ ասէ Աստուած ցԱբրամ. Ե՛լ դու յերկրէ քումմէ և յազգէ քումմէ և ի տանէ հօր քոյ, յերկի՛ր զոր ցուցից քեզ։
2․ Եւ արարից զքեզ յազգ մեծ. և օրհնեցից զքեզ, և մեծացուցից զանուն քո. և եղիցես օրհնեա՛լ։
3․ Եւ օրհնեցից զօրհնիչս քո, և զանիծիչս քո անիծից. և օրհնեսցին ի քեզ ամենայն ազգք երկրի։
4․ Եւ գնաց Աբրամ որպէս և խօսեցաւ ընդ նմա Աստուած. երթա՛յր ընդ նմա և Ղովտ։ Եւ Աբրամ էր ամաց եւթանասուն և հնգից յորժամ ել ի Խառանէ։
5․ Եւ ա՛ռ Աբրամ զՍարա զկին իւր, և զՂովտ զեղբօրորդի իւր, և զամենայն զինչս իւրեանց զոր ստացան, և զամենայն ոգիս զոր ստացան ի Խառան. և ելին գնա՛լ յերկիրն Քանանացւոց. և եկին յերկիրն Քանանու։
6․ Եւ շրջեցաւ Աբրամ յերկիրն ընդ երկայնութիւն նորա մինչև ի տեղին ի Սիւքէմ, ի կաղնին բարձր. բայց Քանանացիք բնակեալ էին յայնժամ յերկրին։
7․ Եւ երևեցաւ Տէր Աբրամու, և ասէ ցնա. Զաւակի՛ քում տաց զերկիրս զայս։ Եւ շինեաց անդ Աբրամ սեղան Տեառն որ երևեցաւ նմա։
8․ Եւ մեկնեցա՛ւ անտի ի լեառն ընդ արևելս ի Բեթէլ. և եհար անդ զխորան իւր ի Բեթէլ, յանդիման ծովուն՝ և Անգէի ընդ արևելս։ Եւ շինեաց անդ սեղան Տեառն, և կոչեաց յանուն Տեառն։
9․ Չուեաց Աբրամ, և գնաց բնակեցաւ յանապատի։
10․ Եւ եղև սո՛վ յերկրին, և էջ Աբրամ յԵգիպտոս բնակել անդ պանդխտութեամբ, զի զօրացա՛ւ սով յերկրին։
11․ Եւ եղև իբրև մերձեցաւ Աբրամ մտանել յԵգիպտոս, և ասէ ցՍարա ցկին իւր. Գիտեմ զի կին գեղեցի՛կ ես դու։
12․ Արդ եղիցի եթէ տեսանիցեն Եգիպտացիքն, և ասիցեն թէ կին նորա՛ է սա. և սպանանիցեն զիս, և զքեզ ապրեցուցանիցեն։
13․ Ասասցես եթէ քո՛յր նորա եմ. զի բարի՛ լիցի ինձ վասն քո, և կեցցէ՛ անձն իմ յաղագս քո։
14․ Եւ եղև իբրև եմուտ Աբրամ յԵգիպտոս, և տեսեալ Եգիպտացւոցն զկինն զի գեղեցի՛կ էր յոյժ։
15․ Տեսին զնա և իշխանքն փարաւոնի, և գովեցին զնա առաջի փարաւոնի. և տարան զնա ի տո՛ւն փարաւոնի։
16․ Եւ Աբրամու բարի՛ս առնէին վասն նորա. և եղեն նորա խաշինք, անդեայք, և էշք. ծառայք և աղախնայք. ջորիք, և ուղտք։
17․ Եւ պատժեա՛ց Աստուած զփարաւովն պատժօք մեծամեծօք և չարօք, և զտուն նորա, վասն Սարայի կնոջն Աբրամու։
18․ Կոչեաց փարաւովն զԱբրամ, և ասէ ցնա. Զի՞նչ գործեցեր զայդ ընդ իս, զի ո՛չ պատմեցեր եթէ կին քո է։
19․ Ընդէ՞ր ասացեր թէ քոյր իմ է, և առի զդա ինձ կնութեան. և արդ աւանիկ կին քո առաջի քո. ա՛ռ և գնա ի բաց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: