Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 15

   
1. Յետ բանիցս այսոցիկ եղև Բան Տեառն առ Աբրամ ի տեսլեան գիշերի, և ասէ. Մի՛ երկնչիր Աբրամ, ե՛ս վերակացու եղէց քեզ. և վարձք քո բազո՛ւմ եղիցին յոյժ։
2. Եւ ասէ Աբրամ. Տէր՝ Տէր, զի՞նչ արասցես ինձ, զի ես կորնչի՛մ անորդի։ Եւ որդի Մասեկայ ընտոծնի իմոյ. ա՛յն է Եղիազար Դամասկացի։
3. Եւ ասէ Աբրամ. Որովհետև ինձ ո՛չ ետուր զաւակ, ընտոծի՛նն իմ ժառանգեսցէ զիս։
4. Եւ վաղվաղակի ձայն Աստուծոյ եղև առ նա և ասէ. Ո՛չ ժառանգեսցէ զքեզ դա, այլ որ ելանէն ի քէն՝ նա՛ ժառանգեսցէ զքեզ։
5. Եւ եհան զնա արտաքս՝ և ասէ ցնա. Հայեա՛ց ընդ երկինս, և թուեա՛ զաստեղս, եթէ կարիցե՞ս թուել զնոսա։ Եւ ասէ ցնա. Ա՛յնպէս եղիցի զաւակ քո։
6. Եւ հաւատաց Աբրամ Աստուծոյ, և համարեցաւ նմա յարդարութիւն։
7. Եւ ասէ ցնա. Ե՛ս եմ Տէր Աստուած քո, որ հանի զքեզ յաշխարհէն Քաղդեացւոց, տալ քեզ զերկիրդ զայդ ի ժառանգութիւն։
8. Եւ ասէ Աբրամ. Տէր Տէր՝ ի՞ւ գիտացից եթէ ժառանգիցեմ զսա։
9. Եւ ասէ ցնա. Ա՛ռ դու ինձ երինջ երեմեան, և քօշ երեմեան, և խոյ երեմեան, և տատրակ, և աղաւնի։
10. Եւ ա՛ռ զամենայն զայն, և յօշեա՛ց զնոսա ընդ մէջ, և եդ զնոսա դէմ ընդ դէ՛մ միմեանց. և զթռչունսն ո՛չ յօշեաց։
11. Եւ իջանէին թռչունք ի վերայ յօշելոյ անդամաթուին նոցա։ Եւ նստէր առ նոքօք Աբրամ։
12. Եւ մօտ ընդ մուտս արևուն թըմբրութիւն անկանէր ի վերայ Աբրամու. և ահա՝ ա՛հ խաւարին հասանէր ի վերայ նորա։
13. Եւ ասացա՛ւ առ Աբրամ. Գիտելո՛վ գիտասջի՛ր. զի պանդո՛ւխտ եղիցի զաւակ քո յերկիր որ ո՛չ իւր իցէ. և ծառայեցուսցեն զնոսա և չարչարեսցեն, և տառապեցուսցեն զնոսա ամս չորեքհարիւր։
14. Բայց զազգն որում ծառայեսցեն՝ դատեցա՛յց ես։ Եւ յետ այնորիկ ելցեն ա՛յսր բազում ստացուածովք։
15. Եւ դու երթիցես առ հարս քո խաղաղութեամբ, սնեա՛լ ի բարւոք ծերութեան։
16. Եւ ի չորրորդում ազգի դարձցին այսրէն. քանզի չև՛ ևս լցեալ է մեղք Ամովրհացւոցն մինչև ցայժմ։
17. Եւ իբրև արևն ի մուտս լինէր, բո՛ցք հատանէին, և ահա հնո՛ց ծխեալ. և ճառագայթք հրոյ անցանէին ընդ մէջ անդամո՛ցն յօշելոյ։
18. Յաւուր յայնմիկ եդ Տէր ո՛ւխտ ընդ Աբրամու, և ասէ. Զաւակի՛ քում տաց զերկիրդ զայդ, ի գետոյն Եգիպտացւոց մինչև ի գետն մեծ Եփրատ։
19. ԶԿինեցիս, և զԿենեզացիս, և զԿեդմոնացիս,
20. և զՔետացիս, և զՓերեզացիս, և զՌափիմացիս,
21. և զԱմովրհացիս, և զՔանանացիս, և զԳերգեսացիս, և զՅեբուսացիս։