Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 4

   
1․ Եմո՛ւտ Ադամ առ Եւայ կին իւր, և յղացաւ և ծնաւ զԿային. և ասէ. Ստացա՛յ մարդ Աստուծով։

2․ Եւ յաւել ծնանել զեղբայր նորա զՀաբէլ։ Եւ եղև Հաբէլ հովիւ խաշանց, և Կային գործէր զերկիր։

3․ Եւ եղև յետ աւուրց՝ եբեր Կային ՚ի պտղոյ երկրի պատարա՛գ Աստուծոյ։

4․ Ա՛ծ և Հաբէլ յանդրանկաց խաշանց իւրոց և ի պարարտաց նոցա։ Եւ հայեցաւ Աստուած յԱբէլ և ի պատարագս նորա։

5․ Եւ ի Կային և ի զոհս նորա ո՛չ նայեցաւ։ Եւ տրտմեցաւ Կային յոյժ, և խոնարհեցան անկան երեսք իւր։

6․ Եւ ասէ Տէր Աստուած ցԿային. Ընդէ՞ր տրտմեցար, կամ ընդէ՞ր խոնարհեցան անկան երեսք քո։

7․ Ո՛չ ապաքէն եթէ ուղի՛ղ մատուցանես, և ուղիղ ո՛չ բաժանես՝ մեղա՛ր. լո՛ւռ լեր, առ քե՛զ լիցի դա՛րձ նորա, և դո՛ւ տիրեսցես նմա։

8․ Եւ ասէ Կային ցՀաբէլ եղբայր իւր. Ե՛կ երթիցուք ի դաշտ։Եւ եղև իբրև չոգան ի դաշտ անդր, յարեաւ Կային ի վերայ Աբիլի եղբօր իւրոյ և սպա՛ն զնա։

9․ Եւ ասէ Տէր Աստուած ցԿային. Ո՞ւր է Հաբէլ եղբայր քո։Եւ նա ասէ. Չգիտե՛մ. միթէ պահապա՞ն իցեմ եղբօրն իմոյ։

10․ Եւ ասէ Աստուած. Զի՞նչ գործեցեր զայդ. գոչումն արեան եղբօր քո բողոքէ՛ առ իս յերկրէ։

11․ Եւ արդ՝ անիծեա՛լ լիջիր դու ի վերայ երկրի, որ եբաց զբերան իւր ընդունել զարիւն եղբօր քոյ ի ձեռաց քոց։

12․ Զի գործիցես զերկիր՝ և ո՛չ յաւելցէ տալ քեզ զզօրութիւն իւր. երերեա՛լ և տատանեալ եղիցես ի վերայ երկրի։

13․ Եւ ասէ Կային ցՏէր Աստուած. Մե՛ծ է պատիժ իմ քան զթողուլդ զիս։

14․ Եթէ հանես զիս այսօր յերեսաց երկրէ, և յերեսաց քոց թաքեայց. և լինիցիմ երերեալ և տատանեալ յերկրի. և եղիցի ամենայն որ գտանիցէ զիս՝ սպանցէ՛ զիս։

15․ Եւ ասէ ցնա Տէր Աստուած. Ո՛չ այդպէս։ Ամենայն որ սպանանէ զԿային, եւթն վրէժս լուծցէ։ Եւ եդ Տէր Աստուած նշա՛ն ի Կային՝ չսպանանե՛լ զնա ամենայնի որ գտանիցէ զնա։

16․ Եւ ե՛լ Կային յերեսաց Աստուծոյ. և բնակեցաւ յերկրին Նայիդ յանդիման Եդեմայ։

17․ Եմո՛ւտ Կային առ կին իւր, և յղացաւ և ծնաւ զԵնոք։ Եւ շինէ՛ր քաղաք, և դնէ՛ր անուն քաղաքին յանուն որդւոյ իւրոյ Ենոքայ։

18․ Եւ եղև որդի Ենոքայ Գայերիդադ։Եւ Գայերիդադ ծնաւ զՄայիէլ։Եւ Մայիէլ ծնաւ զՄաթուսաղա։ Եւ Մաթուսաղա ծնաւ զՂամէք։

19․ Եւ ա՛ռ իւր Ղամէք երկուս կանայս. անուն միումն Ադդա, և անուն երկրորդին Սէլլա։

20․ Եւ ծնաւ Ադդա զՅովբէլ. նա՛ է հայր այնոցիկ որ բնակեալ են ի վրանս խաշնարածաց։

21․ Եւ անուն եղբօր նորա Յովբաղ։ Նա՛ է հայր՝ որ եցոյց զերգս և զքնարս։

22․ Եւ Սէլլա ծնաւ զԹոբէլ, և էր ճարտարապետ դարբին՝ պղնձոյ և երկաթոյ. և քոյր Թովբելայ Նոյեմա։

23․ Եւ ասէ Ղամէք ցկանայս իւր ցԱդդա և ցՍէլլա. Լուարո՛ւք ձայնի իմում կանայք Ղամեքայ, և ո՛ւնկն դիք բանից իմոց. զի այր սպանի ի   վէ՛րս ինձ, և երիտասարդ՝ ի հարուածս ինձ։

24․ Զի թէ եւթն անգամ վրէժք խնդրիցին ի Կայենէ. ապա և ի Ղամեքայ եւթանասնեկին եւթն։

25․ Եմո՛ւտ Ադամ առ Եւայ կին իւր, և յղացաւ և ծնաւ որդի. և անուանեաց զանուն նորա Սէթ . ասէ. Զի յարոյց ինձ Աստուած զաւակ ա՛յլ փոխանակ Հաբիլի զոր սպանն Կային։

26․ Եւ Սեթայ եղև որդի, և անուանեաց զանուն նորա Էնո՛վս. նա յուսացաւ կոչել զանուն Տեառն Աստուծոյ։