Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 20

       

  1. Եւ չուեա՛ց անտի Աբրաամ յերկիրն հարաւոյ, և բնակեցա՛ւ ընդ Կադէս և ընդ Սուր. և պանդխտեցաւ ի Գերարայ։
  2. Եւ ասա՛ց Աբրաամ վասն Սառայի կնոջ իւրոյ թէ քոյր իմ է։ Եւ առաքեաց Աբիմելէք արքայ Գերեարացւոց, և ա՛ռ զՍարրա։
  3. Եւ եկն Աստուած առ Աբիմելէք ի տեսլեան  գիշերոյ, և ասէ. Ահա մեռանի՛ս վասն կնոջդ զոր առեր, զի կին՝ առնակի՛ն է։
  4. Բայց Աբիմելէք ո՛չ մերձեցաւ ի նա։ Եւ ասէ. Տէր, զազգ մի զանգէ՛տ և զարդար՝ կորուսանիցե՞ս։
  5. Ոչ ապաքէն նա՛ ասաց ցիս քոյր իմ է, և սա՝ ասաց ցիս եղբա՛յր իմ է, և ես սրբութեամբ սրտի՝ և արդարութեամբ ձեռաց արարի զայս։
  6. Եւ ասէ ցնա Աստուած ի տեսլեանն. Ես գիտացի՛ զի սրբութեամբ սրտի արարեր դու զայդ. և խնայեցի ես ի քեզ չմեղանչել քեզ յիս. վասն այնորիկ ո՛չ ետու թոյլ քեզ մերձենալ ի դա։
  7. Բայց արձակեա՛ զկինդ յա՛յր իւր. զի այր մարգարէ է, և արասցէ աղօթս վասն քո և կեցցես։ Ապա թէ ո՛չ տացես, գիտեա՛ զի մեռանի՛ս դու և ամենայն որ ինչ քո է։
  8. Եւ կանխեաց Աբիմելէք ընդ առաւօտն՝ և կոչեաց զամենայն զծառայս իւր, և խօսեցաւ զամենայն բանս զայսոսիկ յականջս նոցա։ Եւ զահի՛ հարան ամենայն մարդիկն յոյժ։
  9. Եւ կոչեաց Աբիմելէք զԱբրաամ, և ասէ ցնա. Զի՞նչ գործեցեր դու զայդ ընդ մեզ. միթէ մեղա՞ք ինչ քեզ՝ զի ածեր ի վերայ իմ և ի վերայ թագաւորութեան իմոյ մե՛ղս մեծամեծս. գործ զոր ո՛չ ոք գործէ՝ գործեցեր ընդ իս։
  10. Եւ ասէ Աբիմելէք ցԱբրաամ. Զի՞նչ տեսեալ արարեր զբանդ զայդ։
  11. Եւ ասէ Աբրաամ. Զի ասացի՝ թէ գուցէ ո՛չ գուցէ աստուածպաշտութիւն ի տեղւոջս յայսմիկ. և զիս սպանանիցեն վասն կնոջդ իմոյ։
  12. Բայց արդարև՝ քո՛յր իմ է ի հօրէ և ո՛չ ի մօրէ. և եղև ինձ կին։
  13. Եւ եղև յորժամ եհան զիս Աստուած ի տանէ հօր իմոյ, և ես ասացի ցդա. զա՛յս արդարութիւն արասցես ընդ իս. յամենայն տեղիս ուր և երթիցուք, ասասջիր զինէն թէ եղբա՛յր իմ է։
  14. Եւ ա՛ռ Աբիմելէք հազար սատեր, և արջառ և ոչխար, ծառայս և աղախնայս, և ետ Աբրաամու. և ետ ցնա զՍառա զկին իւր։
  15. Եւ ասէ Աբիմելէք ցԱբրաամ. Ահաւասիկ երկիրդ իմ առաջի քո, ուր հաճոյ իցէ քեզ բնակեա՛ց։
  16. Եւ ցՍառա ասէ. Ահա ետու հազա՛ր սատեր եղբօր քում, այն եղիցի քեզ ի պատի՛ւ երեսաց քոց, և ամենայն կանանց որ ընդ քեզ են. և զամենայն արդա՛ր խօսեսցիս։
  17. Եւ եկաց յաղօթս Աբրաամ առ Աստուած. և բժշկեաց զԱբիմելէք և զկին նորա, և զաղախնայս նորա, և ծնանէին։
  18. Զի փակելով փակեաց Տէր արտաքուստ զամենայն արգանդ ի տան Աբիմելիքայ վասն Սառայի կնոջ Աբրաամու։