1․ Եւ կատարեցան երկինք և երկիր և ամենայն զարդ նոցա:
2․ Եւ կատարեաց Աստուած յաւուրն վեցերորդի զամենայն զգործս իւր՝ զոր արար: Եւ հանգեա՛ւ յաւուրն եւթներորդի յամենայն գործոց իւրոց՝ զոր արար:
3․ Եւ օրհնեաց Աստուած զօրն եւթներորդ, և սրբեաց զնա. զի ի նմա՛ հանգեաւ յամենայն գործոց իւրոց՝ զոր սկսաւ առնել Աստուած:
4․ Ա՛յս է գիր արարածոց երկնի և երկրի, յաւուր յորում արա՛ր Աստուած զերկինս և զերկիր:
5․ Եւ զամենայն բանջար վայրի՝ մինչչև՛ լեալ էր ի վերայ երկրի, և զամենայն խոտ վայրի մինչչև՛ բուսեալ էր, զի չև՛ ևս էր տեղացեալ Տեառն Աստուծոյ ի վերայ երկրի. և մարդ չէ՛ր՝ որ գործէր զերկիր:
6․ Բայց աղբիւր ելանէր յերկրէ՝ և ոռոգանէր զամենայն երեսս երկրի:
7․ Եւ ստեղծ Տէր Աստուած զմարդն հող յերկրէ. և փչեաց յերեսս նորա շո՛ւնչ կենդանի, և եղև մարդն յոգի կենդանի:
8․ Եւ տնկեաց Աստուած զդրախտն յԵդեմ ընդ արևելս, և եդ անդ զմարդն զոր ստեղծ:
9․ Եւ բուսոյց ևս Տէր Աստուած յերկրէ զամենայն ծառ գեղեցիկ ի տեսանել, և քաղցր ի կերակուր. և զծառն կենաց ի մէջ դրախտին, և զծառն գիտելոյ զգիտութիւն բարւոյ և չարի:
10․ Եւ գե՛տ ելանէր յԵդեմայ ոռոգանել զդրախտն. և անտի բաժանի ի չո՛րս առաջս:
11․ Անուն միումն Փիսովն. նա՛ է որ պատէ զամենայն երկիրն Եւիլատայ, ա՛նդ ուր ոսկին է.
12․ և ոսկի երկրին այնորիկ ազնիւ. և անդ է սուտակն և ակն դահանակ:
13․ Եւ անուն գետոյն երկրորդի Գեհո՛վն. նա՛ պատէ զամենայն երկիրն Եթովպացւոց:
14․ Եւ գետն երրորդ՝ Տիգրիս, նա՛ է որ երթայ յանդիման Ասորեստանի: Եւ գետն չորրորդ Եփրա՛տէս:
15․ Եւ ա՛ռ Տէր Աստուած զմարդն զոր արար, և եդ զնա ի դրախտին փափկութեան գործե՛լ զնա և պահել:
16․ Եւ պատուիրեաց Տէր Աստուած Ադամայ՝ և ասէ. Յամենայն ծառոց որ է ի դրախտիդ՝ ուտելով կերիցե՛ս,
17․ բայց ի ծառոյն գիտութեան բարւոյ և չարի՝ մի՛ ուտիցէք, զի յորում աւուր ուտիցէք ի նմանէ՝ մահո՛ւ մեռանիցիք:
18․ Եւ ասաց Տէր Աստուած. Ո՛չ է բարւոք մարդոյդ միայն լինել, արասցո՛ւք դմա օգնակա՛ն ըստ դմա:
19․ Եւ ստե՛ղծ ևս Տէր Աստուած զամենայն գազանս վայրի, և զամենայն թռչունս երկնից. և ա՛ծ զնոսա առ Ադամ տեսանել զինչ կոչեսցէ զնոսա: Եւ ամենայն շնչոյ կենդանւոյ զինչ և անուանեաց Ադամ, ա՛յն անուն է նորա:
20․ Եւ կոչեաց Ադամ անուանս ամենայն անասնոց, և ամենայն թռչնո՛ց երկնից, և ամենայն գազանա՛ց վայրի. բայց Ադամայ ո՛չ գտաւ օգնական նման նմա:
21․ Եւ արկ Տէր Աստուած թմբրութիւն ի վերայ Ադամայ, և ննջեաց. և ա՛ռ մի ի կողից նորա՝ և ելից ընդ այնր մարմին:
22․ Եւ շինեաց Տէր Աստուած զկողն զոր ա՛ռ յԱդամայ ի կին, և ած զնա առ Ադամ:
23․ Եւ ասէ Ադամ. Ա՞յս ա՛յժմիկ ոսկր յոսկերաց իմոց, և մարմին ի մարմնոյ իմոյ. սա՝ կոչեսցի կին, զի յառնէ՛ իւրմէ առաւ:
24․ Վասն այնորիկ թողցէ այր զհայր իւր՝ և զմայր իւր, և երթիցէ՛ զհետ կնոջ իւրոյ:
25․ Եւ եղիցին երկուքն ի մարմին մի: Եւ էին երկոքեան մերկ՝ Ադա՛մ և կին իւր, և ո՛չ ամաչէին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: