Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 38

   
1. Եւ եղեւ ի ժամանակի յայնմիկ, էջ Յուդա յեղբարց իւրոց, եւ չոգաւ առ ոմն ոդողոմացի որում անուն էր Իրաս:

2. Եւ ետես անդ Յուդա զդուստր առն Քանանացւոյ, որում անուն էր Շաւա. եւ առ զնա իւր կին. եւ եմուտ առ նա:

3. Յղացաւ եւ ծնաւ որդի. եւ կոչեաց զանուն նորա` Էր:

4. Յղացաւ դարձեալ եւ ծնաւ որդի. եւ կոչեաց զանուն նորա Աւնան:

5. Եւ յաւել դարձեալ ծնաւ որդի. եւ կոչեաց զանուն նորա Սելովմ. եւ նա էր ի Քասբի յորժամ ծնաւ զնոսա:

6. Եւ առ Յուդա կին Էրայ անդրանկին իւրում, որում անուն էր Թամար:

7. Եւ եղեւ Էր` անդրանիկն Յուդայ` չար առաջի Տեառն. եւ սպան զնա Աստուած:

8. Եւ ասէ Յուդա ցԱւնան. Մուտ առ կին եղբաւր քոյ, եւ ամուսնասցիս ընդ նմա. եւ յարուսցես ցաւակ եղբաւր քում:

9. Իբրեւ գիտաց Աւնան թէ ոչ լինի նմա զաւակն. լինէր յորժամ մտանէր առ կին եղբաւր իւրոյ, հեղոյր զսերմն յերկիր, չտալ զաւակ եղբաւրն իւրում:

10. Եւ չար թուեցաւ առաջի Աստուծոյ գործն զոր արար, եւ սպան եւ զնա եւս:

11. Եւ ասէ Յուդա ցԹամար նու իւր. Նիստ այրի ի տան հաւր քոյ` մինչչեւ եղիցի մեծ Սելովմ որդի իմ. զի ասէր` թէ գուցէ եւ նա եւս մեռանիցի որպէս եւ եղբարքն նորա: Գնաց Թամար` եւ նստաւ ի տան հաւր իւրոյ:

12. Բազմացան աւուրքն. եւ մեռաւ դուստրն Շաւայ` կին Յուդայ: Մխիթարեցաւ Յուդա` եւ գնաց ի կտուրս խաշանց իւրոց, ինքն եւ Իրաս հովիւ իւր Ոդողոմացի ի Թամնա:

13. Ազդ եղեւ Թամարայ նուոյ նորա եւ ասեն. Ահա սկեսրայր քո ելանէ ի Թամնա` կտրել զխաշինս իւր:

14. Եւ եհան զհանդերձս այրութեան իւրոյ յինքենէ. արկաւ տեռ` եւ զարդարեցաւ. եւ նստաւ առ դրան Ենանու յանցս Թամնայ: Զի ետես եթէ մեծ եղեւ Սելովմ. եւ նա ոչ տայր զնա նմա կին:

15. Իբրեւ ետես զնա Յուդա` համարեցաւ թէ բոզ իցէ. քանզի ծածկեալ էր զերեսս իւր` եւ ոչ ծանեաւ զնա:

16. Խոտորեցաւ առ նա ի ճանապարհէ անտի` եւ ասէ. Թոյլ տուր ինձ մտանել առ քեզ. զի ոչ ծանեաւ թէ նուն նորա իցէ: Եւ նա ասէ. Զի՞նչ տացես ինձ եթէ մտանիցես առ իս:

17. Եւ ասէ` Ես տաց ածել քեզ ուլ այծեաց ի խաշանց իմոց: Եւ նա ասէ. Թէ տաս գրաւական մինչչեւ տացես ածել:

18. Եւ նա ասէ` Զի՞նչ գրաւական տաց քեզ. եւ ասէ` զմատանիդ եւ զգինդդ, եւ զգաւազանդ որ ի  ձեռին քում: Եւ եմուտ առ նա. եւ յղացաւ ի նմանէ,

19. եւ յարեաւ գնաց: Եւ եհան ի բաց զձորձն իւր յինքենէ. եւ զգեցաւ զհանդերձն այրութեան իւրոյ:

20. Եւ առաքեաց Յուդա ուլ այծեաց` ի ձեռն հովուին իւրոյ Ոդողոմացւոյ առնուլ զգրաւականն ի կնոջէ անտի, եւ ոչ եգիտ զնա:

21. Եհարց զարս տեղւոյն եւ ասէ ցնոսա. Ու՞ր է բոզն որ էր Յենան ի վերա ճանապարհիս:

22. Եւ ասեն. Չէր աստ ուրեք բոզ: Եւ դարձաւ առ Յուդա, եւ ասէ` Ոչ գտի: Եւ արք տեղւոյն ասեն` թէ Չիք աստ բոզ:

23. Ասէ Յուդա. Նմա լիցի այն. այլ զի մի ծաղր կացցուք, ես ետու տանել զուլդ, եւ դու ոչ գտեր:

24. Եւ եղեւ յետ երից ամսոց, ազդ եղեւ Յուդայ եւ ասեն. Պոռնկեցաւ նու քո Թամար, եւ ահա յղի է ի պոռնկութենէ: Եւ ասէ Յուդա. Հանէք զնա արտաքս, եւ այրեսցի:

25. Եւ մինչդեռ տանէին զնա, առաքեաց առ սկեսրայրն իւր` եւ ասէ. Յառնէ` ոյր այդ գրաւականք են` յղի եմ ես: Եւ ասէ` Ծանիր ո՞յր իցէ մատանիդ` գինդդ` եւ գաւազանդ:

26. Ծանեաւ Յուդա` եւ ասէ. Արդարացեալ է նա քան զիս. զի ոչ ետու զնա որդւոյ իմում Սելովմայ: Եւ ոչ եւս յաւել գիտել զնա:

27. Եւ եղեւ իբրեւ ծնանէր. եւ էին երկու որդիք յորովայնի նորա: Եւ եղեւ ի ժամանակի ծննդեան նորա, մին յառաջագոյն եհան զձեռն իւր. եւ առ ծնուցիչն` կապեաց կարմիր ի ձեռին նորա.

28. Եւ ասէ, Նախ սա եկեսցէ:

29. Իբրեւ ամփոփեաց զձեռն անդրէն. եկն` ել վաղվաղակի եղբայր նորա: Եւ նա ասէ. Զի՞ է զի խրամատեցաւ վասն քո ցանգ. եւ կոչեաց զանուն նորա Փարէս:

30. Եւ յետոյ եկն ել եղբայր նորա, յորոյ ձեռին կապեալ էր զկարմիրն: Եւ կոչեաց զանուն նորա Զարա: