1. Եւ բնակէր Յակոբ յերկրի ուր պանդխտեցաւ հայր նորա, յերկրին Քանանացւոց:
2. Եւ այս են ծնունդք Յակոբայ: Յովսէփ եւթնուտասնամեայ էր, մինչ արածէր եղբարբքն հանդերձ խաշինս. եւ էր կրտսեր ընդ որդիսն Բալլայ, եւ ընդ որդիսն զԵլփայ կանանց հաւր իւրոյ: Եւ բերէին համբաւ չար զՅովսեփայ առ Իսրայէլ հայրն իւրեանց:
3. Բայց Իսրայէլ սիրէր զՅովսէփ առաւել քան զամենայն որդիսն իւր. քանզի որդի ծերութեան նորա էր: Եւ արար նմա պատմուճան ծաղկեայ:
4. Իբրեւ տեսին եղբարքն նորա թէ սիրէ զնա հայրն քան զամենայն որդիս իւր, ատեցին զնա. եւ ոչ կարէին խաւսել ինչ ընդ նմա խաղաղութեամբ:
5. Եւ ետես երազ Յովսէփ` եւ պատմեաց եղբարց իւրոց. եւ յաւելին եւս ատել զնա:
6. Եւ ասէ ցնոսա. Լուարուք զերազն զոր տեսի:
7. Թուէր եթէ որայ կապէտք ի դաշտի միում: Եւ կանգնեցաւ որայն իմ, եկաց ուղղորդ. եւ դարձան որայքն ձեր, եւ պագին երկիր իմում որայոյն:
8. Եւ ասեն ցնա եղբարքն իւր. Միթէ թագաւորելո՞վ թագաւորեսցե՞ս ի վերայ մեր, կամ տիրելո՞վ տիրեսցե՞ս մեզ. եւ յաւելին եւս ատել զնա վասն երազոցն նորա. եւ վասն բանիցն նորա:
9. Եւ ետես մեւս եւս երազ. եւ պատեմաց հաւր իւրում եւ եղբարց իւրոց: Եւ ասէ. Ահա տեսանէի մեւս եւս այլ երազ: Որպէս թէ արեգակնդ եւ լուսին` եւ մետասան աստեղք երկիր պագանէին ինձ:
10. Սաստեաց նմա հայրն իւր` եւ ասէ. Զի՞նչ է երազն զոր տեսեր: Արդ` գալով գայցեմք ես եւ մայր քո` եւ եղբարք քո, եւ երկի՞ր պագանիցեմք քեզ:
11. Եւ նախանձեցան ընդ նմա եղբարքն իւր. բայց հայրն պահէր զբանսն:
12. Եւ գնացին եղբարք նորա արածել զխաշինս հաւրն իւրեանց ի Սիւքէմ:
13. Եւ ասէ Իսրայէլ ցՅովսէփ. Ո՞չ աւանիկ եղբարք քո արածեն զխաշինսն ի Սիւքէմ. եկ առաքեցից զքեզ առ նոսա:
14. Եւ ասէ ցնա. Ահաւասիկ ես: Ասէ ցնա Իսրայէլ. Երթ տես եթէ ո՞ղջ իցեն եղբարքն քո` եւ խաշինք, եւ բեր ինձ զրոյց: Եւ առաքեաց զնա ի ծործորոյն Քեբրոնի. եկն ի Սիւքէմ:
15. Եւ եգիտ զնա այր մի մոլորեալ ի դաշտին: Եհարց ցնա այրն` եւ ասէ. Զի՞նչ խնդրես:
16. Եւ նա ասէ. Զեղբարսն իմ խնդրեմ. պատմեա ինձ ուր արածիցեն:
17. Եւ ասէ ցնա այրն. բարձին աստի. եւ լուայ զի ասէին, Երթիցուք ի Դովթայիմ: Եւ գնաց Յովսէփ զհետ եղբարց իւրոց. եւ եգիտ զնոսա ի Դովթայիմ:
18. Տեսին զնա եղբարքն յառաջագոյն ի հեռաստանէ, մինչ չեւ մաւտ եկեալ էր առ նոսա. խորհուրդ վատ ի մէջ առին սպանանել զնա:
19. Եւ ասեն իւրաքանչիւր ցեղբայր իւր. Ահա երազատեսն գայ.
20. Եկայք սպանցուք զնա, եւ ընկեսցուք ի մի ի գբոց աստի, եւ ասասցուք եթէ գազան չար եկեր զնա. եւ տեսցուք զի՞նչ լինիցին երազքն նորա:
21. Իբրեւ լուաւ Ռոբէն, կորզեաց զնա ի ձեռաց նոցա:
22. Եւ ասէ. Մի հարցուք զդա յոգի: Եւ ասէ ցնոսա Ռոբէն. Մի հեղցուք արիւն. այլ արկէք զդա ի գուբ մի յանապատի աստ. եւ ձեռն մի արկանէք ի նա: Զի թափիցէ զնա ի ձեռաց նոցա, եւ հասուցանիցէ զնա առ հայր իւր:
23. Եւ եղեւ իբրեւ եկն Յովսէփ առ եղբարսն իւր, մերկացին զպատմուճանն նորա ծաղկեայ ի նմանէ:
24. Եւ առին ընկեցին զնա ի գուբն: Եւ գուբն ունայն էր. եւ ջուր ոչ գոյր ի նմա:
25. Եւ նստան ուտել զհացն: Զաչս ի վեր բարձեալ տեսին, եւ ահա ճանապարհորդք Իսմայելացիք գային ի Գաղաադէ. եւ ուղտք նոցա լի էին խնկովք ստաշխամբ եւ ռետնիւ. եւ երթային իջուցանել յԵգիպտոս:
26. Եւ ասէ Յուդա ցեղբարսն իւր. Զի՞նչ աւգուտ է եթէ սպանանիցեմք զեղբայրն մեր. եւ թաքուցանիցեմք զարիւն նորա.
27. Եկայք վաճառեսցուք զնա Իսմայելացւոցն. եւ ձեռք մեր մի շաղախեսցին ի նմա. զի եղբայր եւ մարմին մեր է: Եւ լուան նմա եղբարքն իւր:
28 Եւ անցանէին արք Մադիանացիք` վաճառականք: Եւ ձգեցին հանին զՅովսէփ ի գբոյ անտի, եւ վաճառեցին զՅովսէփ Իսմայելացւոց քսան դահեկանի:
29. Եւ իջուցին զՅովսէփ յԵգիպտոս: Դարձաւ Ռոբէն ի գուբն. եւ ոչ եգիտ զՅովսէփ ի գբի անդ:
30. Պատառեաց զհանդերձս իւր. եւ դարձաւ առ եղբարսն իւր` եւ ասէ. Պատանեակն չէ անդ, եւ ես արդ` յո՞ երթայց:
31. Եւ առեալ զպատմուճանն Յովսէփայ` զենին ուլ այծեաց, եւ թաթաւեցին զպատմուճանն յարեանն:
32. Եւ առաքեցին զպատմուճանն ծաղկեայ տանել առ հայրն իւրեանց, եւ ասեն. զայդ գտաք. ծանիր եթէ որդւո՞յ քոյ իցէ պատճուճանդ եթէ ոչ:
33. Եւ ծանեաւ զնա` եւ ասէ. Պատմուճանս որդւոյ իմոյ է. գազան չար եկեր զնա. գազան յափշտակեաց զՅովսէփ:
34. Եւ պատառեաց զհանդերձս իւր, եւ քուրձ զգեցաւ ի վերայ միջոյ իւրոյ. եւ սուգ ունէր ի վերայ որդւոյ իւրոյ աւուրս բազումս:
35. Եւ ժողովեցան ամենայն ուստերք նորա եւ ամենայն դստերք նորա, եւ եկին մխիթարել զնա, եւ ոչ կամէր մխիթարել. ասէ` Զի իջից ես սովին սգով առ որդի իմ ի դժոխս. եւ ելաց զնա հայրն իւր:
36. Իսկ Միադիանացիքն վաճառեցին զՅովսէփ յԵգիպտոս Պետափրեայ ներքինւոյ դահճապետի փարաւոնի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: