Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 1

   
1․ Ի սկզբանէ արար Աստուած զերկին և զերկիր:

2․ Եւ երկիր է՛ր աներևոյթ և անպատրաստ. և խաւա՛ր ի վերայ անդնդոց. և Հոգի Աստուծոյ շրջէ՛ր ի վերայ ջուրց:

3․ Եւ ասաց Աստուած. Եղիցի՛ լոյս: Եւ եղև՛ լոյս:

4․ Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի՛ է: Եւ մեկնեաց Աստուած ի մէջ լուսոյն և ի մէջ խաւարին:

5․ Եւ կոչեաց Աստուած զլոյսն տիւ, և զխաւարն կոչեաց գիշե՛ր: Եւ եղև երեկոյ՝ և եղև վաղորդայն՝ օ՛ր մի:

6․ Ե՛ւ ասաց Աստուած. Եղիցի՛ հաստատութիւն ի մէջ ջրոցդ, և եղիցի մեկնե՛լ ի մէջ ջուրցդ և ջուրց: Եւ եղև այնպէս:

7․ Եւ արար Աստուած զհաստատութիւնն: Եւ անջրպետեաց Աստուած ի մէջ ջրոյն որ ի ներքոյ հաստատութեանն, և ի մէջ ջրոյն որ ի վերոյ հաստատութեանն:

8․ Եւ կոչեաց Աստուած զհաստատութիւնն երկին: Եւ ետես Աստուած զի բարի է: Եւ եղև երեկոյ, և եղև վաղորդայն, օ՛ր երկրորդ:

9․ Եւ ասաց Աստուած. Ժողովեսցի՛ն ջուրքդ որ ի ներքոյ երկնից ի ժողով մի, և երևեսցի ցամաքն: Եւ եղև այնպէս. և ժողովեցան ջուրքն, որ ի ներքոյ երկնից ի ժողովս իւրեանց. և երևեցաւ ցամաքն:

10․ Եւ կոչեաց Աստուած զցամաքն երկիր. և զժողովս ջուրցն կոչեաց ծովս: Եւ ետես Աստուած զի բարի է:

11․ Եւ ասաց Աստուած. Բղխեսցէ՛ երկիր բա՛նջար խոտոյ. սերմանել սերմն ըստ ազգի և ըստ նմանութեան. և ծառ պտղաբեր՝ առնել պտուղ ըստ ազգի իւրում. որոյ սերմն իւր ի նմին ըստ ազգի ի նմանութիւն ի վերայ երկրի: Եւ եղև այնպէս:

12․ Եւ եհան երկիր բանջար խոտոյ, սերմանել սերմն որ է ի վերայ ամենայն երկրի. և փայտ պտղաբեր առնել պտուղ՝ որոյ սերմն իւր ի նմին ըստ ազգի ի վերայ երկրի: Եւ ետես Աստուած զի բարի է:

13․ Եւ եղև երեկոյ, և եղև վաղորդայն, օ՛ր երրորդ:

14․ Եւ ասաց Աստուած. Եղիցի՛ն լուսաւորք ի հաստատութեան երկնից, ի լուսաւորութիւն ի վերայ երկրի. և մեկնե՛լ ի մէջ տուընջեան, և ի մէջ գիշերոյ. և եղիցին ի նշանս, և ի ժամանակս, և յաւուրս, և ի տարիս:

15․ Եւ եղիցին ի լուսաւորութիւն ի հաստատութեան երկնից ծագել յերկիր. և եղև ա՛յնպէս:

16․ Եւ արար Աստուած զերկուս լուսաւորսն զմեծամեծս. զլուսաւորն մեծ յիշխանութիւն տուընջեան, և զլուսաւորն փոքր յիշխանութիւն գիշերոյ. և զաստեղս:

17․ Եւ ե՛դ զնոսա Աստուած ի հաստատութեան երկնից լուսատո՛ւ լինել յերկիր:

18․ Եւ իշխել տուընջեան և գիշերոյ, և մեկնել ի մէջ լուսոյն և ի մէջ խաւարին: Եւ ետես Աստուած զի բարի է:

19․ Եւ եղև երեկոյ և եղև վաղորդայն, օ՛ր չորրորդ:

20․ Եւ ասա՛ց Աստուած. Հանցե՛ն ջուրք զեռունս շնչոց կենդանեաց, և թռչունս թևաւո՛րս ի վերայ երկրի ըստ հաստատութեան երկնից: Եւ եղև այնպէս:

21․ Եւ արա՛ր Աստուած կէտս մեծամեծս, և զամենայն շունչ զեռնոց կենդանեաց, զոր հանին ջուրք ըստ ազգի իւրեանց. և զամենայն թռչունս թևաւորս ըստ ազգի: Եւ ետես Աստուած զի բարի՛ են:

22․ Եւ օրհնեաց զնոսա Աստուած և ասէ. Աճեցէ՛ք և բազմացարո՛ւք և լցէ՛ք զջուրսդ որ ի ծովս. և թռչունքդ բազմասցի՛ն ի վերայ երկրի:

23․ Եւ եղև երեկոյ, և եղև վաղորդայն, օր հի՛նգերորդ:

24․ Եւ ասաց Աստուած. Հանցէ՛ երկիր շունչ կենդանի ըստ ազգի չորքոտանի, և սողունս, և գազանս երկրի ըստ ազգի: Եւ եղև այնպէս:

25․ Եւ արա՛ր Աստուած զգազանս երկրի ըստ ազգի, և զանասո՛ւնս ըստ ազգի, և զամենայն սողունս երկրի ըստ ազգի իւրեանց: Եւ ետես Աստուած զի բարի՛ են:

26․ Եւ ասաց Աստուած. Արասցո՛ւք մարդ ըստ պատկերի մերում և ըստ նմանութեան, և իշխեսցեն ձկա՛նց ծովու. և թռչնոց երկնից, և անասնոց, և ամենայն երկրի, և ամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի:

27․ Եւ արա՛ր Աստուած զմարդն ի պատկեր իւր. ըստ պատկերի Աստուծոյ արար զնա. արու և էգ արար զնոսա:

28․ Եւ օրհնեաց զնոսա Աստուած՝ և ասէ. Աճեցէ՛ք և բազմացարո՛ւք՝ և լցէ՛ք զերկիր. և տիրեցէ՛ք դմա. և իշխեցէ՛ք ձկանց ծովու, և թռչնոց երկնից, և ամենայն անասնոց. և ամենայն երկրի, և ամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի:

29․ Եւ ասաց Աստուած. Ահաւադիկ ետո՛ւ ձեզ զամենայն խոտ սերմանելի՝ սերմանել սերմն ըստ ազգի և ըստ նմանութեան, որ է ի վերայ ամենայն երկրի. և ամենայն փայտ որ ունիցի յինքեան պտուղ սերման սերմանելոյ, ձե՛զ լիցի ի կերակուր:

30․ Եւ ամենայն գազանաց երկրի. և ամենայն թռչնոց երկնից. և ամենայն սողնոց որ սողին ի վերայ երկրի՝ որ ունիցի շունչ կենդանի. և ամենայն խոտ դալա՛ր ի կերակուր: Եւ եղև ա՛յնպէս:

31․ Եւ ետես Աստուած զամենայն զոր արար, և ահա բարի՛ են յոյժ: Եւ եղև երեկոյ, և եղև վաղորդայն, օր վե՛ցերորդ: