Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 16

   
1․ Եւ Սարա կին Աբրամու ո՛չ ծնանէր նմա։ Եւ էր նորա աղջիկ մի Եգիպտացի որոյ անուն էր Ագար։
2․ Եւ ասէ Սարա ցԱբրամ յերկիրն Քանանացւոց. Որովհետև արգել զիս Տէր ի ծնանելոյ, արդ՝ մո՛ւտ առ աղջիկդ իմ զի արարից ինձ որդի՛ ի դմանէ։ Եւ ունկնդի՛ր եղև Աբրամ ձայնի Սարայի։
3․ Եւ ա՛ռ Սարա կին Աբրամու զԱգար Եգիպտացի զաղախին իւր, յետ տասն ամի բնակելոյ Աբրամու յերկիրն Քանանացւոց, և ետ զնա Աբրամու առն իւրում կնութեան։
4․ Եւ եմուտ առ Ագար, և յղացաւ։ Իբրև ետես թէ յղի է՝ արհամարհեցա՛ւ տիկինն իւր  յաչս նորա։
5․ Եւ ասէ Սարա ցԱբրամ. Բո՛ւռն է ինձ ի քէն. ես ետու զաղախինն իմ ի գիրկս քո. և արդ՝ իբրև ետես թէ յղացաւ, արհամարհեցա՛յ ես յաչս նորա. դա՛տ արասցէ Աստուած ընդ իս և ընդ քեզ։
6․ Եւ ասէ Աբրամ ցՍարա. Ահաւանիկ աղախին քո ի ձեռս քո, արա՛ նմա զինչ հաճոյ է առաջի աչաց քոց։ Եւ չարչարեաց զնա Սարա. և փախեա՛ւ յերեսաց նորա։
7․ Եգիտ զնա հրեշտակ Տեառն յաղբևր ջուրց յանապատի անդ. յաղբևրն որ ի ճանապարհին Սուրայ է։
8․ Եւ ասէ ցնա հրեշտակ Տեառն. Ագար՝ աղախին Սարայի, ուստի՞ գաս կամ յո՞ երթաս։ Եւ ասէ. Յերեսաց Սարայի տիկնոջ իմոյ փախուցեալ եմ ես։
9․ Ասէ ցնա հրեշտակն Տեառն. Դարձի՛ր առ տիկին քո՝ և հնազա՛նդ լեր ընդ ձեռամբ նորա։
10․ Եւ ասէ ցնա հրեշտակն Տեառն. Բազմացուցանելո՛վ բազմացուցից զզաւա՛կ քո, և անթի՛ւ լիցի ի բազմութենէ։ Եւ ասէ ցնա հրեշտակն Տեառն.
11․ Ահաւադիկ դու յղի՛ իսկ ես. և ծնցես որդի, և կոչեսցես զանուն նորա Իսմայէլ. զի լուաւ Տէր տառապանաց քոց։
12․ Եւ նա եղիցի այր վայրա՛գ. ձեռք նորա յամենեսին, և ձեռք ամենեցուն ի նա. և յանդիման ամենայն եղբարց իւրոց բնակեսցէ։
13․ Եւ կարդա՛ց Ագար զանուն Տեառն որ խօսեցաւ ընդ նմա, և ասէ. Դո՛ւ ես Աստուած որ հայեցար յիս։ Քանզի ասաց եթէ յանդիման իսկ տեսի զայն, որ երևեցաւն ինձ։
15․ Եւ ծնաւ Ագար Աբրամու որդի, և կոչեաց զանուն որդւոյն իւրոյ որ ծնաւ նմա Ագար՝ Իսմայէլ։
16․ Եւ Աբրամ էր ամաց ութսուն և վեցի՛ց, յորժամ ծնաւ նմա Ագար զԻսմայէլ։