1․ Եւ օրհնեա՛ց Աստուած զՆոյ և զորդիս նորա. և ասէ ցնոսա. Աճեցէ՛ք և բազմացարո՛ւք և լցէ՛ք զերկիր և տիրեցէ՛ք դմա։
2․ Եւ ա՛հ և երկիւղ ձեր եղիցի ի վերայ ամենայն գազանաց երկրի. և ի վերայ ամենայն թռչնոց երկնից, և ի վերայ ամենայն զեռնոց երկրի, և ի վերայ ամենայն ձկանց ծովու. զորս ընդ ձեռա՛մբ ձերով ետու։
3․ Եւ ամենայն զեռուն որ է կենդանի, ձե՛զ լիցի ի կերակուր. իբրև զբանջար խոտոյ ետո՛ւ ձեզ զամենայն։
4․ Բայց զմիս արեամբ շնչոյ մի՛ ուտիցէք։
5․ Քանզի և զձե՛ր արիւն շնչոյ խնդրեցից, ի ձեռաց ամենայն գազանաց խնդրեցից զնա, և ի ձեռաց մարդոյ. ի ձեռաց առն զշունչ արեան եղբօր իւրոյ խնդրեցից։
6․ Որ հեղու զարիւն մարդոյ, փոխանակ արեան նորա հեղցի՛ արիւն նորա։ Զի ի պատկե՛ր Աստուծոյ արարի ես զմարդն։
7․ Այլ դուք աճեցէ՛ք և բազմացարո՛ւք՝ և լցէ՛ք զերկիր, և բազմացարո՛ւք ի վերայ դորա։
8․ Եւ խօսեցա՛ւ Տէր Աստուած ընդ Նոյի, և ընդ որդիս նորա որ ընդ նմա էին՝ և ասէ.
9․ Եւ ահաւասիկ ես հաստատե՛մ զուխտ իմ ընդ ձեզ, և ընդ զաւակի ձերում յետ ձեր:
10․ Եւ ընդ ամենայն շնչոյ կենդանւոյ որ ընդ ձե՛զ են, ի թռչնոց և յանասնոց և յամենայն գազանաց երկրի որ ընդ ձեզ. և յամենեցունց որ ելին ի տապանէ անտի, և ամենայն անասնոց երկրի։
11․ Եւ հաստատեցի՛ց զուխտ իմ ընդ ձեզ. և ո՛չ ևս մեռանիցի ամենայն մարմին ի ջրհեղեղէ. և ո՛չ ևս եղիցի ջրհեղեղ ջուրց ապականել զամենայն երկիր։
12․ Եւ ասէ Տէր Աստուած ցՆոյ. Ա՛յս է նշան ուխտին զոր ես տաց ընդ իս և ընդ ձեզ, և ի մէջ ամենայն շնչոյ կենդանւոյ որ է՛ ընդ ձեզ, յազգս յաւիտենից։
13․ Զաղեղն իմ եդից յամպս, և եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտին ընդ իս և ընդ ամենայն երկիր։
14․ Եւ եղիցի ի գումարել ինձ զամպս ի վերայ երկրի, երևեսցի աղեղն իմ յամպս։
15․ Եւ յիշեցից զուխտ իմ որ ընդ իս և ընդ ձեզ, և ի մէջ ամենայն շնչոյ կենդանւոյ յամենայն մարմին. և ո՛չ ևս եղիցի ջրհեղեղ ի սատակել զամենայն մարմին։
16․ Եւ եղիցի աղեղն իմ յամպս. և տեսից, յիշե՛լ զուխտն յաւիտենական ի մէջ իմ և ի մէջ ամենայն շնչոյ կենդանւոյ յամենայն մարմնի որ է ի վերայ երկրի։
17․ Եւ ասէ Աստուած ցՆոյ. Ա՛յս է նշան ուխտին զոր ուխտեցի ես ընդ իս և ընդ ձեզ, և ի մէջ ամենայն մարմնոյ որ է ի վերայ երկրի։
18․ Եւ էին որդիք Նոյի որ ելին ի տապանէ անտի. Սէմ, Քամ, Յաբեթ. Քամ էր հա՛յր Քանանու։
19․ Երեք սոքա էին որդիք Նոյի, և ի նոցանէ՛ սփռեցան ընդ ամենայն երկիր։
20․ Եւ սկսաւ Նոյ, այր հողագործ զերկիր գործել. և տնկեաց այգի՛։
21․ Եւ արբ ի գինւոյն և արբեցաւ. և մերկացա՛ւ ի տան իւրում։
22․ Եւ ետե՛ս Քամ հայր Քանանու զմերկութիւն հօր իւրոյ, և ել պատմեաց երկուց եղբարց իւրոց արտաքոյ։
23․ Եւ առեալ Սեմա՛յ և Յաբեթի հանդերձ, եդին ի վերայ թիկանց երկոցուն, և գնացին յե՛տս յետս, և ծածկեցին զմերկութիւն հօրն իւրեանց. և զերեսս իւրեանց յե՛տս ընդդէ՛մ ունէին, և զմերկութիւն հօրն իւրեանց ո՛չ տեսին։
24․ Եւ սթափեցա՛ւ Նոյ ի գինւոյ անտի իւրմէ, և գիտա՛ց զինչ արար ընդ նա որդին իւր կրտսեր։
25․ Եւ ասէ. Անիծեալ Քանան մանուկ, և եղիցի ծառա՛յ եղբարց իւրոց։
26․ Եւ ասէ. 0րհնեալ Տէր Աստուած, Աստուած Սեմայ, և եղիցի Քանան ծառա՛յ նորա։
27․ Ընդարձակեսցէ՛ Աստուած Յաբեթի, և բնակեսցէ ի տան Սեմայ. և եղիցի Քանան ծառա՛յ նոցա։
28․ Եւ եկեաց Նոյ յետ ջրհեղեղին՝ ամս երեքհարիւր յիսուն։
29․ Եւ եղեն ամենայն աւուրք Նոյի, ամք իննհարևր և յիսուն. և մեռաւ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: