Գիրք` 1. Ծնունդք

Գլուխ 13

   
1. Եւ ե՛լ Աբրամ յԵգիպտոսէ, ինքն և կի՛ն իւր և ամենայն որ ինչ էր նորա, և Ղովտ ընդ նմա յանապատն։
2. Եւ Աբրամ էր մեծատուն յոյժ, անասնով և արծաթով և ոսկւով։
3. Եւ գնաց անդրէն ուստի եկն յանապատն մինչև ցԲեթէլ, մինչև ցտեղին ուր էր խորան նորա զառաջինն, ընդ Բեթէլ և ընդ Անգէէ՛
4. ի տեղի սեղանոյն, զոր արար անդ զառաջինն. և կարդա՛ց անդ Աբրամ զանուն Տեառն Աստուծոյ։
5. Եւ Ղովտայ որ երթեա՛լն էր ընդ Աբրամու, էր արջառ և ոչխար և անասուն։
6. Եւ ո՛չ բաւէր նոցա երկիրն բնակելոյ ի միասին. զի էին նոցա ստացուածք բազումք, և ո՛չ կարէին բնակել ի միասին։
7. Եւ եղև մա՛րտ ի մէջ հովուաց խաշանցն Աբրամու, և ի մէջ հովուաց խաշանցն Ղովտայ։ Եւ Քանանացիքն և Փերեզացիքն յայնժամ բնակեալ էին յերկրին։
8. Ասէ Աբրամ ցՂովտ. Մի՛ լիցի կռիւ ընդ իս և ընդ քեզ, և ընդ հովիւս իմ և ընդ հովիւս քո. զի արք եղբա՛րք եմք մեք.
9. ո՞չ աւադիկ երկիրդ ամենայն առաջի քո է, մեկնեա՛ց յինէն. եթէ դու յահեակ՝ ես յա՛ջ. եթէ դու յաջ՝ ես յահեա՛կ։
10. Ամբա՛րձ Ղովտ զաչս իւր և ետես զամենայն կողմանս Յորդանանու, զի ամենայն յուռթի՛ էր. մինչչև՛ կործանեալ էր Աստուծոյ զՍոդոմ և զԳոմոր, իբրև զդրախտ Աստուծոյ էր, և իբրև զերկիրն Եգիպտացւոց՝ մինչև ի գա՛լ ի Զոորա։
11. Եւ ընտրեաց իւր Ղովտ զամենայն կողմանս Յորդանանու. և չուեաց Ղովտ յարևելից, և մեկնեցան իւրաքանչի՛ւր յեղբօրէ իւրմէ։
12. Եւ Աբրամ պանդխտեցաւ յերկրին Քանանացւոց. և Ղովտ նստաւ ի քաղաքի միում կողմանցն, և բնակեցաւ ի Սոդոմ։
13. Եւ մարդիկն Սոդոմացւոց չա՛րք և մեղաւորք էին առաջի Աստուծոյ յոյժ։
14. Եւ ասէ՛ Աստուած ցԱբրամ յետ մեկնելոյն Ղովտայ ի նմանէ. Հայեա՛ց աչօք քովք և տե՛ս ի տեղւոջէ յայդմանէ յորում դո՛ւ ես, ի կողմանէ հիւսւսոյ և հարաւոյ, յարևելից և ի ծովու.
15. զի զամենայն երկիրդ զոր տեսանես դու, քե՛զ տաց զդա և զաւակի քում մինչև յաւիտեան։
16. Եւ արարից զզաւակ քո իբրև զաւազ երկրի. եթէ կարիցէ՞ ոք թուել զաւազ երկրի՝ ապա և քո՛ զաւակ ընդ թիւ մտցէ։
17. Եւ արդ՝ արի շրջեա՛ց ընդ երկիրդ յերկայնութիւն դորա և ի լայնութիւն դորա , զի քե՛զ տաց զդա։
18. Եւ չո՛ւ արարեալ Աբրամու, եկն բնակեցաւ առ կաղնւոջն Մամբրէի, որ է՛ ի Քեբրոն։ Եւ շինեաց անդ սեղան Տեառն Աստուծոյ։