Ծննդոց գրքի մեկնություն 31:25

Ա. Լոպուխին

25-30. Հակոբն իր վրանը խփել էր լեռան վրա, իսկ Լաբանն իր եղբայրներին  կանգնեցրեց Գաղաադ լեռան վրա։ [25] Լաբանը Հակոբին ասաց. «Ինչո՞ւ արեցիր դու այդ բանը, ինչո՞ւ ինձնից գաղտնի հեռացար, խաբեցիր ինձ, իսկ իմ դուստրերին և իբրև ռազմագերի տարար։ Ինչո՞ւ գաղտնի փախար և թաքնվեցիր ինձնից։ Եթե տեղյակ պահեիր ինձ, քեզ ճանապարհ կդնեի ուրախությամբ, թմբուկների ու քնարների նվագակցությամբ։ Մի՞թե ես արժանի չէի, որ համբուրեի իմ թոռներին ու դուստրերին։ Արդ, անմիտ բան ես արել։ Ես հիմա կարող էի քեզ վատություն անել, բայց քո հոր Աստվածը ինձ երեկ ասաց. «Զգո՛ւյշ եղիր, այնպես չլինի, որ Հակոբի հետ չարությամբ խոսես»։ Արդ, գնում ես, և որովհետև  շատ ես ցանկանում գնալ քո հոր տունը։ Բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածներին»։ (Սինոդական թարգ․)
   
   Այնուամենայնիվ, Լաբանի պոռթկուն և զգացմունքով լի խոսքը ունի նրա անձին բնորոշ որոշ դրական գծեր. առաջինը` կարծես թե երևում է նրա աղջիկների և թոռների հետ ունեցած կապվածությունը. առաջիններին նա կոչում է «իմ սիրտ» (տե՛ս եբրայերեն տեքստը` «դու հափշտակեցիր իմ սիրտը»), և վրդովվում է, որ Հակոբը ռազմագերիների նման է տարել նրանց՝ իրեն հնարավորություն չտալով`  իր աղջիկներին և թոռներին հանդիսությամբ ու երաժշտությամբ ճանապարհելու: Սա Արևելքում ընդունված  սովորույթ էր, որ կատարվում էր ընդունելու և ճանապարh դնելու ժամանակ  (հմմտ. Ա Թագ. 18.6, Դատ. 11.34, «տոֆ»` երաժշտական հարվածային գործիք, թմբուկ, դահիրա, «կիննոր»` լարային գործիք` տավիղ)։ Լաբանը զրկվել էր նույնիսկ թոռներին համբուրելու  հաճույքից։ Ըստ Միդրաշի՝ վերջինի վերաբերյալ Հակոբը նկատում է` «դա դու նաև այժմ կարող ես անել»։ Լաբանը դա անում է բաժանվելիս (հմր. 55–րդ)։ Մյուս դրական կողմը Լաբանի աստվածավախությունն է և Աստծո կամքին ենթարկվելը (հմր. 29)։ «Աստծո կամքը զսպում է նրա բարկությունը, սանձում է զայրույթը, և նա Հակոբին վերաբերվում է խոնարհությամբ և հայրական սիրով» (սուրբ Հովհան Ոսկեբերան, Բան  57)։

   Սակայն Լաբանը շուտով սկսում է սպառնալ և վերջապես մեղադրում է Հակոբին արձանիկների գողության մեջ, որոնց նա այստեղ աստվածներ է կոչում։ Այսպիսով՝ ճշմարիտ Աստծո նկատմամբ բարեհաճ լինելը մթագնվում է Լաբանի հեթանոսական կոպիտ սնահավատությամբ, իսկ երեխաների հանդեպ սերը` եսասիրությամբ և ոխակալությամբ։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Յակոբն իր վրանը խփել էր լերան վրայ, իսկ Լաբանն իր եղբայրներին դադար տուեց Գաղաադ լերան վրայ:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանը հասավ Հակոբին: Հակոբը վրան էր խփել լեռան վրա, և Լաբանը ևս իր եղբայրների հետ Գաղաադ լեռան վրա վրան խփեց:
(Գրաբար) Եւ Յակոբ եհար զխորան իւր ի լերինն: Եւ Լաբան կացոյց զեղբարս իւր ի լերինն Գաղաադու: