Ծննդոց գրքի մեկնությու 3:16

Սրբ. Եփրեմ Ասորի

Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»:   

 

Եվ կնոջն ասում է.«Պիտի անչափ բազմապատկեմ քո տխրությունն ու հառաչանքները»: Քանի որ կարծեց, թե Աստծո որդիներ պիտի ծնի և նրա որդիները աստվածապես պիտի ծնվեն, այդ պատճառով ասաց, թե` «Ցավով և տրտմությամբ որդիներ կծնես»: Եվ որովհետև ապավինեց և հավատաց օձին և նախ ինքը կերավ՝ կարծելով, թե իր ամուսնուց ավելի մեծացավ և փառավորվեց, այդ պատճառով ասաց, թե` «Քո դարձը թող դեպի քո ամուսինը լինի և նա իշխի քեզ» և որպես իշխան նրան անուն տվեց, և կնոջ անունը կոչեց Եվա:

 

Ա. Լոպուխին

Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո հղիության ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։ (Սինոդական թարգ․)[16]
   

   Պիտի անչափ բազմացնեմ քո հղիության ցավերը... Ցավերով երեխաներ պիտի ծնես... Այս խոսքերի մեջ արտացոլվում է կնոջ պատիժը, ըստ որի, որդեծնությունը մարդու երկրային կյանքի մեծագույն նշանակություն ունեցող գործողությունը՝ լինելով աստվածային առանձնահատուկ օրհնության տիրույթում (Ծննդ. 1։26), այժմ վերածվում է վշտի և տառապանքի աղբյուրի: Ընդորում, երկունքի այս ցավերն Աստծո կողմից որպես պատիժ դիտավորյալ չեն ուղարկվել կնոջը, այլ բովանդակում են անկյալ մարդու մարմնական բնության ընդհանուր թառամածության միայն բնականոն, օրինաչափ հետևանքը, քանի որ անկման պատճառով նա հետագայում կորցրեց հոգեկան և մարմնական ուժերի բնական հավասարակշռությունը՝ ենթարկվելով հիվանդություններին ու մահվանը:

   Քո ամուսնուն պիտի ենթարկվես... Այս բառերի մեջ առավել ցայտուն է արտահայտված կնոջ ողբերգական վիճակը: Չնայած այն բանին, որ կինը ծննդաբերության ժամանակ զգալու է մեծ ցավեր՝ կապված իր իսկ սեփական կյանքը վտանգելու հետ, նա ոչ միայն երես չի դարձնի ամուսնու հետ հարաբերություններից՝ իր այս տառապանքի ակամա աղբյուրից, այլև ավելի ուժեղ կերպով, քան առաջ, կփնտրի նրան:

   Եվ նա պիտի իշխի քեզ վրայ... Նոր առանձնահատկություն տղամարդու և կնոջ ամուսնական հարաբերությունների մեջ, ինչը հաստատում է առաջինի բացարձակ իշխանության փաստը վերջինիս նկատմամբ: Եթե նախկինում էլ կինը միայն որպես ամուսնու օգնական, նրանից որոշակի կախման մեջ էր, ապա հիմա՝ այն բանից հետո, երբ առաջին կինն ապացուցեց ազատությունից օգտվելու իր անկարողությունը, Աստված որոշակի օրենքով նրա գործողությունները դրեց ամուսնու բարձր հսկողության տակ: Դրա լավագույն լուսաբանումը մինչ քրիստոնեական աշխարհի ողջ պատմությունն է, հատկապես հին Արևելքում՝ արտահայտված կնոջ ցածր, ստրկական վիճակով: Եվ միայն քրիստոնեության՝ քավության կրոնի մեջ կնոջը վերստին վերադարձվել են անկման ժամանակ կորսված իր իրավունքները (Գաղատ. 3։28, Եփես. 5։25 և այլն):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»:
(Արարատ թարգ․) Եվ կնոջն ասաց. «Սաստիկ պիտի ավելացնեմ քո հղիության ցավերը, և ցավով պիտի զավակ ծնես: Դու պիտի ցանկանաս քո մարդուն, և նա պիտի իշխի քեզ վրա»:
(Գրաբար) Եւ ցկինն ասէ. Բազմացուցանելո՛վ բազմացուցից զտրտմութիւնս քո և զհեծութիւնս քո. տրտմութեամբ ծնցես որդիս. և առ այր քո դարձ քո, և նա՛ տիրեսցէ քեզ։