Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
16-17. «Երբ երեկո եղավ, Նրա մոտ բերեցին շատ դիվահարների, և Նա խոսքով հանեց ոգիներին ու բժշկեց բոլոր հիվանդներին»: «Որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը, որն ասում է. «Նա Իր վրա վերցրեց մեր տկարությունները ու կրեց մեր հիվանդությունները» (Ես. 53:4)։
Տեսնո՞ւմ ես, թե ինչպես շատերը, վերջապես, հավատացին: Նրանք չէին ցանկանում հեռանալ, թեև ժամանակը հորդորում էր գնալ, և երեկոյան ժամին իրենց հիվանդներին Հիսուսի մոտ բերելն էլ անպատեհ չէին համարում: Նկատի՛ր, թե ավետարանիչներն ինչքան շատ բժշկվածների մասին են լռում, երբ մեզ չեն պատմում և առանձին-առանձին չեն ներկայացնում յուրաքանչյուրի պատմությունը, այլ միայն մեկ խոսքով անցնում են հրաշքների անասելի ծովի միջով:
Ապա, որպեսզի հրաշքի մեծությունն անվստահություն չառաջացներ առ այն, որ Հիսուս այդչափ բազմաքանակ մարդկանց այդքան տարատեսակ հիվանդություններից ազատում և բժշկում էր ընդամենը մի ակնթարթում, ուստի ավետարանիչը մեջբերում է մարգարեին, որը վկայում էր կատարվելիքի մասին: Այդպիսով ավետարանիչը ցույց է տալիս, որ Սուրբ Գրքից վերցված վկայությունը, բոլոր դեպքերում, ոչ պակաս կարևոր է, քան հենց բուն նշանները (հրաշքները): «Եսային ասել է, - ասում է Հիսուս, - որ Քրիստոս Իր վրա վերցրեց մեր տկարությունները ու կրեց մեր հիվանդությունները»: Մարգարեն չասաց՝ «ազատեց», այլ՝ «վերցրեց և կրեց»: Սա, ինձ թվում է, մարգարեն ավելի շատ ասել է մեղքերի´ մասին` համաձայն Հովհաննեսի խոսքերի. «Ահա՛ Գառն Աստծու, Որը վերցնում է աշխարհի մեղքը» (հմմտ. Հովհ. 1:29):
Ուրեմն, ավետարանիչն այստեղ ինչո՞ւ է այդ մարգարեությունը վերագրում հիվանդություններին: Կա՛մ որովհետև նա այդ վկայությունն ընդունել է բառացի, կա՛մ էլ ցույց տալու համար, որ հիվանդությունների մեծ մասը հոգևոր մեղքերի հետևանք է: Իրոք որ, եթե նույնիսկ մահը, որը հիվանդությունների «հաստատումն» է, իր արմատն ու սկզբնավորումը ստանում է մեղքից, ապա, որքան առավել, նաև շատ ու շատ հիվանդություններ «ծագում» են հենց մեղքից: Նույն կերպ նաև այն հանգամանքը, որ մենք կարող ենք ենթարկվել հիվանդությունների, ոչ այլ ինչ է, քան մեղքի «ծնունդը»:
Հովհաննես Ծործորեցի (†1338)
16-17. Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»:
Երբ երեկոյացավ, Նրա մոտ բազմաթիվ դիվահարներ բերեցին, և խոսքով հանեց դևերին և բժշկեց բոլոր հիվանդներին, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Նա մեր հիվանդությունները վերցրեց և մեր ցավերը կրեց»:
Հրաշքների շատանալուն զուգընթաց շատերն էին աճում հավատի մեջ, այնպես, որ համաձայն չէին, որ գոնե ուշ ժամն անցներ: Բայց դու տես, թե ինչպես են ավետարանիչները զանց առնում [պատմել] բազմաթիվ հրաշքների մասին և մեկ պատմության մեջ պարառում շատերը՝ ըստ այսմ. «Չէր կարող այս աշխարհը տանել բոլոր այն գրվածքները, եթե գրվեին» (հմմտ. Հովհ. 21։25): Եվ որպեսզի ոչ ոք չերկմտի, [ավետարանիչը] մարգարեին է վկա բերում, թե վաղուց է այս մասին ասվել. «Նա մեր հիվանդությունները վերցրեց և մեր ցավերը կրեց» (հմմտ. Ես. 53։4): Ինձ թվում է՝ մարգարեն սա մեղքերի մասին է ասել, ինչպես վկայում է նաև Հովհաննես [Մկրտիչը] թե՝ «Դա՛ է Աստծո Գառը, որ Իր վրա է վերցնում աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29): Բայց ավետարանիչն [այստեղ] հիվանդությունների մասին է խոսում, ուստի վկայությունը մեջբերելով ներկայացնում է կամ ըստ տվյալ իրողության, կամ էլ ցույց տալիս, որ [մարմնի] շատ հիվանդություններ պատահում են հոգու մեղքերի պատճառով:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
16-17․ Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: