Ա. Լոպուխին
3-5․ Եվ ջուրը գնալով իջնում, քաշվում էր երկրի վրայից, և հարյուր հիսուն օր անց այն նվազեց։ [3]Յոթերորդ ամսի տասնյոթին (քսանյոթին) տապանը նստեց Արարատ լեռան վրա։ Ջուրը մինչև տասներորդ ամիսը քաշվում, նվազում էր։ Տասներորդ (Տասնմեկերորդ) ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները։ (Սինոդական թարգ․)
Ջրհեղեղի՝ աստիճանական աճման պատկերին զուգահեռ (Ծննդ. 7:17–20) այս բաժինը ներկայացնում է դրա աստիճանական նվազման ոչ պակաս գեղարվեստական նկարագրությունը: Ծննդոցի հեղինակը, նշելով ջրերի՝ դեպի իրենց ավազանները վերադառնալու փաստը, մատնացույց է անում նաև մանրամասնությունները. նախ ջրի քանակի պակասումը, երկրորդ՝ տապանի կանգ առնելը Արարատ լեռան գագաթին և այլ լեռների կատարների ազատվելը ջրերից:
Յոթերորդ ամսի տասնյոթին (քսանյոթին) տապանը նստեց... Ենթադրելով, որ ջրհեղեղի սկսման ավելի ստույգ տարեթիվը մարհեշվանա ամսի տասնյոթն է(նոյեմբերի սկիզբը), ապա Արարատ լեռան կատարին տապանի կանգ առնելու իրողությունը համընկնում է նիսան ամսի տասնյոթներորդ օրվա հետ, ինչը համապատասխանում է ապրիլ ամսին: Բայց քանի որ, ըստ Ծննդոցի հեղինակի, վերոհիշյալ ժամանակագրական տերմինների միջև անցել է հարյուր հիսուն օր (Ծննդ. 7:24), հետևաբար այդ հինգ ամիսներից յուրաքանչյուրը բաղկացած է եղել երեսնական օրերից: Սրանից ելնելով՝ շատերը, ոչ առանց հիմքի, եզրակացնում են, որ նախնադարյան շրջանում տարին ոչ թե լուսնային էր, այլ արեգակնային, ինչպիսին հրեաների համար այն դարձավ ավելի ուշ, օրենքի ներքո գտնվելու ժամանակահատվածում: Հարկ է նշել, որ հենց երկու ամսաթվերի մատնանշման պարագային ռուսական-եբրայական և հունա-սլավոնական տեքստերի միջև առկա է որոշակի տարբերություն՝ առաջինում նշված է ամսի տասնյոթը, իսկ երկրորդում՝ քսանյոթը: Պետք է կարծել, որ այս տարբերությունը տեղի է ունեցել, հավանաբար, թարգմանիչների մեղքով, որոնք հեշտությամբ կարող էին շփոթել հրեական տառերի թվային նշանակությունը:
Արարատ լեռան վրա... Միայն այն, որ այստեղ եզակի թվի փոխարեն օգտագործված է հոգնակին (Արարատյան լեռներ), վկայում է, թե խոսքը գնում է ոչ թե ինչ-որ մի որոշակի լեռան կատարի, այլ մի ողջ լեռնաշղթայի կամ ընդհանրապես լեռնային տեղանքի մասին: Եվ իրապես, Աստվածաշունչը ճանաչում է մի ամբողջ Արարատյան երկիր, որը նույնացվում է Հայաստանի հետ, ինչը հատկապես պարզ է դառնում Դ Թագ. 19:37 և Ես. 37:38 համարների համեմատումից (ըստ LXX- Յոթանասնից թարգմանության): Ասորական թագավորների սեպաձև արձանագրություններում՝ Ուրարտու կամ Ուրտու անվանումով նշվում է Հայաստանը: Այդ Հայաստանի լեռներից մեկի՝ հավանորեն ամենաբարձրի վրա, որը կոչվում է «Մեծ Արարատ», կանգ առավ Նոյյան տապանը:
Տասներորդ (Տասնմեկերորդ) ամսի առաջին օրը երևացին լեռների գագաթները... Քանի որ Մեծ Արարատը մի ողջ լեռնաշղթայի կատարներից մեկն է, ապա լիովին պարզ է դառնում, որ ջրերի նվազեցման հետևանքով նկատվում են նաև մյուս լեռների գագաթները: Սա, ինչպես երևում է տեքստից, տեղի է ունեցել տասներորդ (թամմուզա) ամսվա առաջին օրը, այսինքն՝ մոտավորապես հուլիս ամսվա կեսին:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Ջուրը գնալով իջնում, քաշւում էր երկրի վրայից, եւ հարիւր յիսուն օր անց այն նուազեց:
(Արարատ թարգ․) Եվ ջրերը գնալով հետ էին քաշվում երկրի վրայից, և հարյուր հիսուն օր անց ջրերը պակասեցին:
(Գրաբար) Եւ զիջանէր տակաւ, երթայր ջուրն և թուլանա՛յր յերկրէ և նուազէր ջուրն յետ հարիւր և յիսուն աւուր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: