Եզեկիելի մարգարեության մեկնություն 1։15

Ա․ Լոպուխին

«Եվ ես նայեցի կենդանիներին, ու ահա գետնի վրա՝ այդ կենդանիների կողքին, նրանց չորս երեսների դիմաց մի անիվ կար»։(Սինոդական թարգ․)[15]
   

   Այս համարով սկսվում է տեսիլքի մի նոր բաղադրիչ մասի՝ անիվների նկարագրությունը, որը զբաղեցնում է գլխի մի զգալի հատվածը (15-21-րդ համարներ)։ Այստեղից էլ հետևում է հանդիսավոր «և ես նայեցի» արտահայտությունը։ «Կենդանիներին» հավելումը, որը Յոթանասնից թարգմանության մեջ բացակայում է, ցույց է տալիս կենդանիների և անիվների միջև առկա սերտ հարաբերությունները՝ տպավորություն ստեղծելով, որ անիվները կարծես կենդանիների մի մասն են կազմում: «Գետնի վրա» (կամ՝ երկրի վրա) արտահայտության իմաստային ճիշտ ընկալումը, ինչպես ցույց է տալիս 19-րդ համարը, հետևյալն է․ անիվները երբեմն բարձրանում էին գետնից (այլ ոչ թե՝ բարձրանում էին «երկնային ասպարեզի հիմքի վրա» կամ էլ՝ «երկնքում երևացող երկրի վրա»): Անիվները հիմնականում երկրի համար նախատեսված փոխադրամիջոց են (ինչպես թևերը՝ օդում սավառնելու, իսկ նավը՝ ջրում նավարկելու համար), հետևաբար իրականում այս անիվները կարող են դիտվել որպես երկնային տեսիլքի և երկրի միջև կապող օղակ, քանի որ հենց անիվներն են երկրային շարժման ամենակատարյալ փոխադրամիջոցը։ Երկիր իջնելով՝ Աստված պետք է նկատի ունենար այդ երկրի տկարունակությունը, որը թույլ չի տալիս մեծ դյուրությամբ շարժվելու։ Այդպիսով, անիվները նախատեսված են մատնացույց անելու համար ա՛յն իրողությունը, որ Աստված շարժվում է հենց երկրի վրա, այլ ոչ թե երկրի վերևում։

   «Այդ կենդանիների կողքին» - «Կողքին» արտահայտությունը ցույց է տալիս անիվների կատարյալ ինքնանկախությունը «կենդանիների»՝ քերովբեների նկատմամբ: Ենոքի գրքում օֆանիմները («օֆաա»՝ եբրայեցերեն «անիվ») դասակարգվում են հրեշտակային կարգերի շարքերում (61:10, 70:7):

   «Մի անիվ կար» - Բառացիորեն՝ «մեկ անիվ», սակայն 10:9-րդ համարը ցույց է տալիս, որ եղել են չորս անիվներ (հմմտ․ 1:16-րդ համար)։ Այստեղ կիրառված եզակի թիվը արտահայտությանը առանձնավորություն հաղորդելու դերակատարությունն ունի, հետևաբար անիրավացիրորեն են ոմանք ենթադրում միայն մեկ անիվի առկայության մասին: Քերովբեների և Տիրոջ Փառքի կամ Աստծո գահի միջև (որը կրում էին քերովբեները) Եզեկիել մարգարեի տեսիլքում ի հայտ է գալիս մի նոր, ինքնուրույն և, դատելով մարգարեի կողմից նրա հանդեպ ցուցաբերած ուշադրությունից, բավականին մեծ նշանակություն ունեցող մի դետալ՝ «անիվ»։ Անիվները ենթադրել են տալիս իրենց շղթայակապված կառքի առկայության մասին, սակայն մարգարեն այդ մասին ոչինչ չի նշում, քանի որ անիվները, որոնք այս տեսիլքում, ինչպես Դանիելի տեսիլքի պարագայում էր (Դան․ 7:9), նախատեսված էին Աստծո գահը տեղաշարժելու համար, կարիք չունեին նյութական փոխկապակցվածության մեջ լինելու այդ գահի հետ և միանգամայն ի զորու էին առանց այդ փոխկապակցվածության ապահովելու նմանատիպ բացառիկ «օբյեկտի» տեղաշարժը: Այս դեպքում արդեն քերովբեներն իրենք էին հանդիսանում կառքը: Այսուամենայնիվ, ի մտի ունենալով անիվներին շաղկապված այս կամ այն ​​ (տվյալ դեպքում՝ հոգևոր) կառքի առկայությունը՝ այս պարագայում անիվները սույն Աստվածահայտնությանը հաղորդում են հանդիսավոր, վեհաշուք և սրընթաց երթի տպավորություն՝ պարզ ու դանդաղ ընթացքի փոխարեն, ինչպիսի նկարագիր որ մինչ այժմ ունեցել էր յուրաքանչյուր այլ Աստվածահայտնություն։ Իսկ գուցե այս պահից սկսած Աստվածային Նախախնամության գործողությունների մեջ մի առանձնահատուկ արագությո՞ւն է ներմուծվում, որը բնորոշ է յուրաքանչյուր գործընթացի ավարտին և, այդ թվում, անխուսափելի է նաև ժամանակների վախճանին Աստծո գործելակերպի պարագայում:

   «Նրանց չորս երեսների դիմաց» -  Եբրայեցերենում՝ «լեառբագատ պանավ», բառացիերեն՝ «նրա չորս երեսները»: Դերանունները եզակի թվով դրվում են հատուկ նշանակությամբ (հակառակ քերականական համաձայնության, որովհետև «կենդանիները», որոնց վերաբերում է դերանունը, հոգնակի թվի են պատկանում), քանի որ խոսքն այստեղ միայն մեկ անիվի մասին է, որը կարող է լինել միայն մեկ կենդանու դեմքով։ Մարգարեի այն նկատառումից հետո, որ անիվները գտնվում էին «կենդանիների կողքին», ընթերցողը հեղինակից ակնկալում է խիստ ճշգրիտ ցուցում այն մասին, թե ո՞ր կողմից է այդ քառադեմ արարածն իր «կողքին» անիվ ունեցել։ Դա պարզ է դառնում բառերի վերլուծության արդյունքում։ Մարգարեն այդ հարցին պատասխանում է «նրանց չորս երեսների դիմաց» արտահայտությամբ։ Այս դեպքում արդեն ցուցումը բավականին ճշգրիտ և հստակ է, սակայն առաջին հայացքից այն մի աներևակայելի պատկեր է ներկայացնում. մեկ անիվը միաժամանակ գտնվում էր չորս տարբեր վայրերում: Զարմանալի չէ, որ Յոթանասնից թարգմանությունը բաց է թողել այս «ճշգրիտ» ցուցումը: Չպետք է, սակայն, մոռանալ, որ այստեղ մենք գործ ունենք տեսիլքի հետ։ Ինչպես որ չորս թևերն ու երկու ձեռքերը միաժամանակ կարող են լինել կենդանու չորս տարբեր կողմերում, այդպես էլ կարող է լինել անիվի պարագայում։ Տեսիլքներում թույլատրվում է տարածության և ժամանակի ա՛յն օրենքների «խախտումը», որոնք ազդեցություն չունեն տեսիլքների ներազդեցության միջավայրի սահմաններում։

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եւ ահա երկրի վրայ, չորս կենդանի էակների յետեւից մի անիւ էի տեսնում. անիւների կերպարանքն ու դրանց կառուցուածքը ոսկեքարի տեսքն ունէին:
(Արարատ թարգ․) Եվ նայեցի կենդանի էակներին. ահա գետնի վրա չորս երես ունեցող ամեն մի կենդանի էակի կողքին մի անիվ կար։
(Գրաբար) Եւ տեսանէի և ահաւասիկ անիւ մի յերկրի զհետ գազանացն չորեցունց. և կերպարանք անուոցն և արա՛ր նոցա՝ իբրև զտեսիլ ականց Թարշշի.