Ա․ Լոպուխին
«Եվ ամեն մեկը չորս դեմք ուներ, և նրանցից յուրաքանչյուրը չորս թև ուներ»։ (Սինոդական թարգ․)[6]
Դեմքը մարմնի ամենակարևոր մասն է, որն ամենանկատելի ձևով տարբերակում է յուրաքանչյուր էակի մյուս էակներից։ Դեմքը մարմնի այնքան կարևոր մի մաս է, որ շատ լեզուներում դեմքը հենց տվյալ էակի հոմանիշն է: Ուստի քերովբեներին վերագրվող 4 դեմքերի առկայությունը նշանակում է առաջին հերթին նրանց անմատչելիորեն բարձր լինելը մարդկային սահմանափակ ճանաչողությունից։ Այդ չորս դեմքերի առկայությունը խորհրդանշում է քերովբեների մեջ աստվածային ինչ-որ տարրերի ներկայությունը» (Riehm, De natura et notione symbobica cheruborum, 1864, 21): Այդ դիմային եզակիությունը, որը մեր անհատականության ու գիտակցականության տարբերակիչ հատկանիշն է, քերովբեների պարագայում շատ ավելի լայն ծավալներ է ընդունում, քանի որ նրանք անըմբռնելի կերպով իրենց անձերի մեջ են միավորում շատ ավելին, քան մարդ կարող է պատկերացնել։ Բացի դա, քերովբեների այսքան դեմքերի առկայության շնորհիվ նրանց համար հորիզոնի կողմերի միջև տարբերություն չկար. չէին կարող գոյություն ունենալ առջև, հետև և կողքեր (Վ. Մակարի, 1-ին զրույց): Դեռ ավելին, այդ դեմքերի քառակիության շնորհիվ քերովբեները կարող էին միաժամանակ նայել բոլոր ուղղություններով և, հետևաբար, մշտապես տեսնել ամեն բան, ինչը ցույց էր տալիս նրանց գիտելիքների հատուկ վսեմությունը, որն էլ իր հերթին հիշեցնում էր Աստծո ամենագիտության մասին: Եվ վերջապես, չորս դեմքերի առկայության շնորհիվ քերովբեները կարող էին առանց այս կամ այն կողմ շրջվելու գնալ դեպի աշխարհի յուրաքանչյուր երկիր, ինչը նրանց բացառիկ իշխանություն էր տալիս նաև տարածական սահմանափակումների նկատմամբ և նրանց համար ապահովում էր տարածական սահմանների հանդեպ շատ ավելի մեծ ազատություն՝ համեմատած մյուս արարածների հետ, ինչն էլ հիշեցնում է Աստծո ամենուր ներկայության մասին: Եվ քանի որ քերովբեների չորս դեմքերի կառուցվածքն այնպիսին էր, որ նրանք կարողանային առանց շրջվելու գնալ ցանկացած ուղղությամբ, իսկ այդ նպատակին կարելի էր հասնել միայն այն դեպքում, եթե նրանք իրենց չորս կողմերից յուրաքանչյուրում ունենային ոչ միայն համապատասխան դեմք, այլ նաև թևեր ու ոտքեր, ուստի այդ ամենից ելնելով կարող ենք հանգել այն եզրակացությանը, որ մարգարեի կողմից կիրառվող «դեմք» բառն այստեղ նշանակում է ոչ միայն գլխի առջևի մասը, այլև ամբողջ մարմնի առջևի մասը (եբրայերենում ասվում էր՝ «երկրի երեսը» (կամ «դեմքը»), «դաշտի երեսը», «հագուստի երեսը» (Ծննդ. 2:6, Ղևտ․ 14:56 և այլ տեղիներ)։
Մարգարեին երևացած արարածների «թևերը» Եզեկիելի միտքը պիտի հառեին դեպի նրանց բնակության ոլորտը՝ դեպի երկինք (թռչունների թևերն Աստվածաշնչում «երկնային» են կոչվում, Ծննդ. 1:26, Սաղմ․ 8։9 և այլ տեղիներ)։ Այդ թևերը նաև մատնացույց էին անում, որ երկինքն է այդ քերովբեների իրական, սեփական ոլորտը, ինչպես օդը՝ թռչունների, և ջրոլորտը՝ ձկների համար։ Սերովբեների և քերովբեների թևերը նպատակ ունեին ցույց տալու, որ թե՛ առաջինները և թե՛ երկրորդներն անբաժան են երկնքից և միայն ժամանակավորապես է, որ նրանք կարող են իջնել երկիր, որն իրենց համար բոլորովին օտար մի միջավայր է։ Մինչդեռ հրեշտակները, որոնք Սուրբ Գրքի ոչ մի հատվածում չեն բնորոշվում որպես թևեր ունեցող էակներ, ավելի սերտ հարաբերություններով են կապված արդեն երկրի՛ հետ: Թևերը թռչունի համար ծառայում են ոչ միայն թռչելու հնարավորություն ընձեռող միջոց, այլ նաև որպես արտաքին ազդեցություններից պաշտպանիչ ծածկ թե՛ անձամբ իր, և թե՛ հատկապես իր ձագուկների համար։ Թռչնի թևերի «մատուցած» այս վերջին ծառայությունը մասնավորապես կարևորվում է Աստվածաշնչում, ուր և բազմաթիվ համեմատական անդրադարձումներ են կատարվում դրա վերաբերությամբ (Եզեկ․ 2։12, Սաղմ․ 62։8; Հռութ 2:12, Սաղմ․ 62:8 և այլ տեղիներ): Քերովբեների թևերը նույնպես պետք է ունենային այդպիսի նշանակություն։ Քերովբեներն իրենց երկու վար իջեցված թևերով ծածկում էին իրենց մարմինը (11։23-րդ համար), իսկ երկու մեկնած թևերով էլ, անկասկած, ծածկում էին այն միևնույն բաները, որոնք իրենց բացած թևերով ծածկում էին խորանի և տաճարի քերովբեները։ Իսկ այս վերջիններն էլ իրենց թևերով ծածկում էին Ուխտի տապանակի կափարիչը՝ որպես Աստծո Փառքի հայտնության վայր (այստեղից էլ «ծածկող քերովբե» արտահայտությունը, Եզեկ․ 28:14 և այլ տեղիներ): Եզեկիելի տեսիլքի մեջ երևացած քերովբեները նույնպես իրենց բացած թևերով երկրի «աչքից» թաքցնում էին այն վայրը, որտեղ կանգնած էր Աստծո գահը (23-րդ համար)։
Քերովբեների «քառյակ» թևերը, երկրային էակներին հատուկ սովորական թևերի հետ համեմատած իրենց ունեցած անհամապատասխանությամբ, ցույց էին տալիս նրանց բնակության ոլորտի առանձնահատուկ բարձրաբերձությունը։ Թևերի այսպիսի քանակն անսպասելի էր նաև քերովբեների և սերովբեների վերաբերյալ նախորդ պատկերի հետ համեմատության տեսանկյունից, քանի որ խորանի և տաճարի քերովբեներն ունեին երկուական թևեր, իսկ Եսայու նկարագրած սերովբեները՝ վեցական թևեր: Համաձայն համընդհանուր ճանաչում գտած մեկնաբանության՝ քերովբեները չունեն ուրիշ զույգ թևեր, քանի որ նրանց միակ նպատակն է ծածկել տապանակը, այլ ոչ թե տեղաշարժել Աստծո Փառքը, ինչպես Եզեկիելի մարգարեության պարագայում է։ Մյուս կողմից էլ՝ Եզեկիել մարգարեի տեսած քերովբեները, լինելով Աստծո գահի ներքևում՝ որպես այն կրողներ, երրորդ զույգ թևերի կարիքը չունեին՝ իրենց դեմքերը ծածկելու համար։ Իսկ ահա արդեն Հայտնության գրքում քերովբեները, լինելով ոչ թե Աստծո գահի տակ, այլ այդ գահի շուրջը, ունեն արդեն յուրաքանչյուրը վեցական թևեր:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ամէն մէկը չորս դէմք ունէր, ամէն մէկը՝ չորս թեւ:
(Արարատ թարգ․) Բայց ամեն մեկը չորս դեմք ուներ, և նրանցից ամեն մեկը չորս թև ուներ։
(Գրաբար) Եւ չորք դէմք միոյ, և չորք թևք միոյ միոյ ‘ի նոցանէ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: