Եզեկիելի մարգարեության մեկնություն 17։22

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տեր Աստված. «Եվ Ես Ինքս մի ոստ պիտի վերցնեմ բարձր եղևնու գագաթից և պիտի տնկեմ. նրա ամենաբարձր ընձյուղներից մի մատղաշ ճյուղ պիտի կտրեմ ու պիտի տնկեմ մի բարձր ու վսեմ լեռան վրա»»։[22] (Սինոդական թարգ․)
   

   Չնայած Սեդեկիային և նրա հետ Դավթի ողջ տանը պատուհասած հարվածին, Աստված չմոռացավ այս տանը տված Իր խոստումները և դրանք վերհիշում է այստեղ՝ օգտագործելով նախորդող այլաբանությունը։ Անհաջող ծառատունկին՝ Նաբուգոդոնոսորի տնկած ցածր և աննշան որթատունկին Աստված հակադրում է բարձր լեռան վրա մայրի տնկելը, որը պետք է տեղի ունենա ապագայում և որով հստակորեն ակնարկվում է Մեսիան (հրեաները հասկանում էին Զորաբաբելին):

   «Նրա ամենաբարձր ընձյուղներից մի մատղաշ ճյուղ պիտի կտրեմ» - 4-րդ համարում մայրի ծառի «վերին ընձյուղ» էր կոչվում Հեքոնիան։ Աստված խոստանում է ի դեմս Մեսիայի վերականգնել Հեքոնիայի տոհմը. Քրիստոս, իսկապես որ, սերում էր Հոսիայի որդիներից՝ ուղիղ գծով հենց Հեքոնիայից (համեմատությամբ դիտարկի՛ր 1:4-րդ համարում «Հեքոնիա» անվան բացատրությունը):

   «Մատղաշ (բառացիորեն՝ «բարակ») ճյուղ» - տնկել կարելի է միայն մատղաշ ճյուղը: Այստեղ ակնարկվում է Դավթի տան նվաստացած վիճակը և Քրիստոսի նվաստացումները:

   «Մի բարձր ու վսեմ լեռան վրա» - այսինքն՝ Սիոնի վրա (համեմատությամբ դիտարկի՛ր Եսայու մարգարեության 2։2-րդ համարը, որը և Եզեկիելը կարող էր նկատի ունենալ այստեղ): Մայրին (եղևնենին կամ եղևնին․ հանդիպում է նաև «կաղնի» անվանումով) աճում է լեռներում՝ ի հակառակ որթատունկի (տե՛ս 5-րդ և 6-րդ համարենրը)։

   «Վսեմ», բառացիորեն՝ «բարձրացված», այսինքն՝ ոչ թե ի բնե բարձր, այլ հանգամանքների արդյունքում բարձրացված։ Թեոդորետոս Երանելին ասում է, որ այստեղ խոսքը «Քրիստոսի՝ Գողգոթա լեռան վրա խաչին գամվելու» մասին է։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) «Այս մասին այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Բարձրաւանդակի ընտիր-ընտիր մայրիներից մէկն առնելու եմ, դրա կատարի ճիւղերից վերցնելու եւ խորն եմ տնկելու բարձր լերան վրայ
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Ես ինքս մի ոստ պիտի վերցնեմ եղևինի բարձր գագաթից և տնկեմ. նրա ամենաբարձր ճյուղերից մատղաշը պիտի կտրեմ ու պիտի տնկեմ մի բարձր ու վեհ լեռան վրա։
(Գրաբար) Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Եւ առից ես յընտիր ընտիր մայրից բարձուանդակին. և տա՛ց ես 'ի գլխոյ շառաւիղացն նորա' ի սիրտս նոցա. քշտեցից և տնկեցից 'ի վերայ լերինն բարձու: