Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։28

Ա. Լոպուխին

«Իսկ ինչ վերաբերում է նրանց ժառանգությանը, ապա Ես եմ նրանց ժառանգությունը։ Եվ նրանց ունեցվածք չտաք Իսրայելում. Ես եմ նրանց ունեցվածքը»։ [28] (Սինոդական թարգ․)
   
    Քահանաների կատարյալ սրբությանը, նրանց` միայն Աստծուն պատկանելիությանը կխոչընդոտեին ոչ միայն վերևում թվարկված պղծությունները, այլ նաև նույնիսկ այնպիսի անմեղ պարագան, ինչպիսին ունեցվածքի տեր լինելն էր, և հատկապես խոսքն այնպիսի արժեքավոր գույքի մասին է, ինչպիսին հողային սեփականությունն է: Քահանաների ժառանգությունը («իսկ ինչ վերաբերում է նրանց ժառանգությանը» - այս արտահայտությունը, որը բառացիորեն վերցված է Թվ. 18:20-րդ, Բ Օրին. 18:1-ին և 10:9-րդ համարներից, էլ ավելի է ամրապնդում սույն միտքը) լինելու է Ինքը` Յահվեն (և պատկերացրե'ք, թե սա որքա՜ն պատվաբեր և օգտավետ «փոխարինում» է հողի հետ), ասել է թե` ամենամոտ ձևով այն ամենը, ինչը պատկանում է Նրան. զոհաբերության համար մատուցված զոհի մասեր և այլն, որոնք թվարկված են 29-րդ և 30-րդ համարներում: Քահանաները (ինչպես և ղևտացիները, ինչպես երևում է Եզեկ. 45-րդ և 47-րդ գլուխներից) չպետք է ունեցվածքի տեր լինեին Իսրայելում։ Չնայած որ Եզեկ. 45:1-5-րդ համարներում նրանց հողատարածքներ են տրվում (գուցե միայն հողատարածքներ` դրանցում բնակվելու համար), սակայն Ղևիի ամբողջ ցեղին հատուկ առանձնացված տարածք չի տրվում:

--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Նրանք ուրիշ ժառանգութիւն չեն ունենալու, քանի որ ես եմ նրանց համար ժառանգութիւն. Իսրայէլի զաւակների մէջ նրանց կալուածք թող չտրուի, քանի որ ես եմ նրանց համար ժառանգութիւն:
(Արարատ թարգ․) «Եվ սա նրանց համար ժառանգություն թող լինի. ես եմ նրանց ժառանգությունը. նրանց Իսրայելում ունեցվածք չտաք. ես եմ նրանց ունեցվածքը։
(Գրաբար)Եւ ո՛չ եղիցի նոցա ժառանգութիւն, զի ես եմ նոցա ժառանգութիւն. և կալուածք մի՛ տացին նոցա ‘ի մէջ որդւոցն Իսրայէլի, զի ե՛ս եմ նոցա ժառանգութիւն: