Եսայու մարգարեության մեկնություն 25։1

Ա. Լոպուխին

1-2․ Տե՛ր, Դու ես իմ Աստվածը, մեծարում եմ Քեզ, փառաբանում եմ Քո անունը, քանի որ Դու սքանչելի գործեր կատարեցիր, և հնագույն նախասահմանումները ճշմարիտ են․ ամեն։ [1]   Դու քաղաքը քարերի կույտի վերածեցիր, անառիկ ամրոցը՝ ավերակների, օտարազգիների պալատներն այլևս գոյություն չունեն քաղաքում, դարեր շարունակ այն չի վերականգնվի։ (Սինոդական թարգ․)
   
   Մարգարեն փառաբանում է Տիրոջն այն բանի համար, որ Նա իրականացրեց Իր հնագույն խոստումները։ Տերը ցույց տվեց, որ Նա կարող է ամենաանհնարին բանն անգամ իրականություն դարձնել։ Նա կանխագուշակեց ամենից զորեղ ու ծաղկող պետությունների անկումը, և ահա այդ պետությունների մայրաքաղաքներն իրենցից միայն ավերակներ են ներկայացնում։ Սրա շնորհիվ Նա Իր թշնամիներին ստիպեց հարգել Իրեն և վախենալ Իրենից, իսկ ահա Իր ընտրյալի համար, որը ճնշված էր թշնամիների կողմից, Նա վահան և ապաստարան դարձավ՝ խորտակելով նրա թշնամիների կատաղությունը։

   «Ճշմարիտ են․ ամեն», այսինքն՝ կատարելապես ճշմարիտ են, իրականանում են կատարյալ ճշգրտությամբ։

   «Քաղաքը»։ Այստեղ եզակի թիվ է կիրառված հոգնակի թվի փոխարեն (հմմտ․ 24։10)։

   «Օտարազգիների պալատները» – անհասկանալի արտահայտություն է։  Condamin-ն առաջարկում է այստեղ «օտարազգիներ» (եբր․՝ «ցերիմ») բառի փոխարեն ընթերցել «անարդարներ» (եբր․՝ «ցեդիմ») և այդպիսով ամբողջ արտահայտությունն այսպես թարգմանել․ «Քաղաքը դադարեց անարդարների համար միջնաբերդ (կամ ամրություն) լինելուց»։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէ՛ր Աստուած իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր՝ առաջին խորհուրդը ճշմարիտ:
(Արարատ թարգ․) Տե՛ր, դու ես իմ Աստվածը. ես բարձրացնում եմ քեզ, գովերգում եմ քո անունը, որովհետև դու սքանչելի գործեր կատարեցիր, հավատարիմ ու ճշմարիտ վաղեմի խորհուրդներ,
(Գրաբար) Տէր Աստուած իմ փառաւոր արարից զքեզ. աւրհնեցից զանուն քո, զի արարեր սքանչելի իրս, զխորհուրդն առաջին զճշմարիտ: