Եսայու մարգարեության մեկնություն 57:20

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Իսկ անօրէնները պիտի ծփան ծովի նման եւ հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կաւի հետ խառնուելով: Ամբարիշտների համար խաղաղութիւն չկայ», -ասում է Տէրը:
   
   Անօրենները ծփալու են ծովի նման, և հանգիստ չեն գտնելու։
   Այս խոսքը շատ իմաստներով ուղղված է անօրեններին. նախ՝ ինչպես ծովն է ծփում, նույնպես և մեղավորներն են մշտապես խռովքի մեջ. տարուբերվում են խղճի խայթի պատճառով և հանգիստ չեն գտնում ո՛չ տան մեջ, ո՛չ դրսում, ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը, ինչպես Կայենը, որը երերում ու տատանվում էր՝ բոլոր մեղավորների օրինակով: Այս պատճառով մարգարեն ասում է. «Իմ ոսկորները հանգիստ չունեն մեղքերիս պատճառով» (Սաղմ. 35:4):
   Երկրորդ՝ ինչպես ալիքները երկար չեն մնում, այլ իսկույն չքանում են, այդպես էլ մեղավորների խորհուրդներն անհաստատ են և շուտով կորչում են, որովհետև «Տերը ցրում է մեղավորների խորհուրդները» (Սաղմ. 32:10), ինչպես ասում է մարգարեն: Իսկ Հակոբոս առաքյալն էլ ասում է. «Երկմիտ մարդն անհաստատ է, նրա բոլոր ճանապարհները կոծող հողմի նման են» (Հակ. 1:8):
   Երրորդ՝ որովհետև թեպետ ալիքները մռնչալով են գոչում, սակայն իրենց սահմանից դուրս չեն գալիս, այլ իրենք իրենց խորտակվում են, ըստ Հոբի գրքի խոսքի, թե՝ «Քո ալիքները քեզ վրա են խորտակվելու» (հմմտ. Հոբ. 38:11), այդպես և թեպետ մեղավորը հայհոյում է արդարին ու կամենում է սպանել նրան, սակայն Տերը չի թույլատրում դա, այլ նրանք իրենք իրենց են վնասում՝ չար խոսքեր մտմտալով արդարների մասին և ներքուստ այրվելով, ըստ այն խոսքի, թե՝ «Ծովի անսաստ ալիքների նման միշտ փրփրում են ի կորուստ իրենց անձանց» (Հուդա 13):
   Չորրորդ՝ որովհետև ծովը առավելապես խռովքի է ենթարկվում ամպերից ու քամիներից, նույնպես և նրանք՝ իրենց հակառակորդներից, քանզի թե՛ հաղթելիս ու թե՛ պարտվելիս միշտ խռովքի մեջ են, որովհետև բազում չարչարանքով հազիվ կարողանում են հաղթել թշնամուն, բայց անգամ դրանից հետո տևապես կասկածի մեջ են մնում: Այս պատճառով Տերն ասում է. «Ամբարիշտների համար խաղաղություն չկա»:
   Հինգերորդ՝ որովհետև ալիքները, հասնելով ծովեզրին, դադարում են ծփալ, որի մասին ասում է.
   Նրա ջրերը կոխան պիտի լինեն ու խառնվեն կավի հետ։
   Նույնպես և մեղավորների հնարքները մահվամբ պիտի խափանվեն, համաձայն մարգարեի. «Այն օրը կորչելու են նրանց բոլոր խորհուրդները» (Սաղմ. 145:4): Եվ նահապետն էլ ասում էր. «Մի ջրի նման եռալու ես» (Ծննդ. 49:4):
   Վեցերորդ՝ որովհետև ինչպես նավի հետքը չի երևում ծովի վրա, ըստ Սողոմոնի խոսքի (Առակ. 30:19), այդպես և խրատը չի մնում նրանց մտքում, որովհետև մեղքով լուծված են աշխարհի ցանկություններին: Եվ ոչ միայն դա, այլև ատում են իրենց հանդիմանողներին: Ու ինչպես Սողոմոնն է ասում. «Խրատիր իմաստունին, և կսիրի քեզ, խրատիր անմիտին, և կատի քեզ» (Առակ. 9:8):
   Յոթերորդ՝ ինչպես եթե բազում քաղցրաջուր գետեր և անձրևներ թափվեն ծովի մեջ, այն չի քաղցրանա, նույնպես և Սուրբ Գրքի քաղցր խոսքը թեկուզ տևապես քարոզեն էլ՝ սիրո արքայությունն ու Աստծո մեծ ողորմությունը բարբառելով, միևնույն է անօրենը մեղքի դառնությունը չի կորցնի, որովհետև սխալվողը չի ուղղվում, ինչպես ասում է իմաստունը (հմմտ. Ժող. 1:15):
   Ութերորդ՝ որովհետև ո՛չ կարկուտը, ո՛չ ցրտաշունչ սառնամանիքը չեն կարող խաղաղեցնել ծովը, այդպես էլ մեղավորի [պարագայում], թեկուզ և նա իր վրա հասած բազում պատուհասներ տեսնի՝ հիվանդություն, սով, ավեր, երաշտ, անասունների մահ՝ չի զղջա, որ մինչև որ գլխովին կորչի: Եվ դա լինում է հիմարության պատճառով, որովհետև չի հասկանում, որ Աստված այսպիսի պատուհասներ է բերում մեղավորների զղջման համար, «որովհետև չի կամենում մեղավորի մահը» (հմմտ.Ա Տիմ. 1:15):
   Իններորդ՝ ինչպես ալիքների բազմության պատճառովծովի հատակը չի երևում, այդպես էլ մեղավորի սիրտն է խավարում Աստծո շնորհների ծագումից, որովհետև նրանք «շոշափեցին խավարը և ոչ լույսը» (Հոբ 12:25), ինչպես ասվում է: Նաև, մեղավորները զրկված են բնական լույսից ու չեն տարբերում բարին՝ չարից, ըստ այս խոսքի. «Մեղքով բռնված հոգիները մտքով ևս ապականված են»:
    Տասներորդ՝ ինչպես որ որևէ մի բույս չի բուսնում ո՛չ ծովում և ո՛չ էլ նրա ընդերքում, այդպես էլ բարի գործերը արմատ չեն գցում մեղավորների հոգիներում, ըստ այն խոսքի, թե՝ «Նրա պտուղը կկորչի երկրից» (Սաղմ. 20:1): Այլև, մեղավորը դեռ ուրիշ շատերին էլ ընկղմում է իր մեղքի մեջ, որի մասին Տերն ասում էր. «Դուք չեք մտնում, և ովքեր մտնում են, թույլ չեք տալիս մտնել» (Մատթ. 23:13): Իսկ Սողոմոնը խրատում է. «Մի՛ բնակվիր անզգամ մարդու մոտ, որպեսզի ծուղակն ընկնելով խեղդամահ չլինես» (հմմտ. Առակ. 22:25): Սրանք անօրենների մասին էին: Իսկ արդարների մասին մարգարեն ասում է. «Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին ու մերձավորներին» (57:19), այսինքն՝ խաղաղություն լինի ըստ խղճմտանքի՝ ներքուստ, և արտաքուստ: Դարձյալ, «ջրերը կոխան պիտի լինեն ու խառնվեն կավի հետ» խոսքը [նշանակում է] հոգով և մարմնով դեպի կյանքն ու մահը ընթանալը, երկնավոր և երկրավոր բարիքներին փափագելը, դարձյալ՝ խորհրդանշում է Նոր օրենքի [հարաբերությունը] Հնի նկատմամբ: Եվ ամեն տեսակի խռովություն, որ թվարկվեց ամբարիշտների վերաբերյալ և որ նրանց իսկ դեմ է, ամեն ձևով խաղաղություն և հանգիստ է դառնում արդարների համար:
Այսքանն այս մասին:
   

Ա. Լոպուխին

20-21․ «Իսկ ամբարիշտները նման են ալեծուփ ծովի, որը չի կարող հանդարտվել, և որի ջրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս»։ «Ամբարիշտների համար խաղաղություն չկա», - ասում է իմ Աստվածը»։ [20] (Սինոդական թարգ․)
   
   Եթե հավատացյալներին և, ընդհանրապես, արդարներին Տերը խաղաղություն և պայծառ, ուրախ հանգիստ է խոստանում՝ որպես արդյունք նրանց մաքուր խղճի և կատարած պարտքի, ապա  անհավատներին և ամբարիշտներին, մարգարեի խոսքի համաձայն, սպասվում է ճիշտ հակառակը՝ խռովված հոգու ցավագին, ծանր վիճակ, որը հիշեցնում է փոթորկվող ծովի ալեկոծությունը։ Հոգեկան այսպիսի մռայլ տրամադրության հետևանքները նրանց վրա անխուսափելիորեն կդրսևորվեն նաև արտաքնապես՝ համապատասխան գործողությունների տեսքով, նման այն բանին, թե ինչպես են փոթորկվող ծովի ալիքները մշտապես ցեխ և տիղմ ափ նետում։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Իսկ անօրէնները պիտի ծփան ծովի նման եւ հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կաւի հետ խառնուելով: Ամբարիշտների համար խաղաղութիւն չկայ», -ասում է Տէրը:
(Արարատ թարգ․ 20-21) Բայց ամբարիշտները նման են ալեծուփ ծովի, որը չի կարող հանդարտվել, և որի ջրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս։
«Խաղաղություն չկա ամբարիշտների համար»,- ասում է իմ Աստվածը։
(Գրաբար 20-21) Այլ անաւրէնք իբրեւ զծով ծփեսցին, եւ հանգիստ մի գտցեն. եւ կորիցէ ջուր նորա ի կոխումն եւ ի կաւ: Ոչ գոյ խաղաղութիւն ամպարշտաց` ասէ Տէր: