Եսայու մարգարեության մեկնություն 61:4

Ա. Լոպուխին

4-5․ «Եվ պիտի վերաշինեն դարավոր անապատները, պիտի վերականգնեն հնագույն ավերակները և պիտի նորոգեն հին սերունդներից ի վեր լքված փլատակ քաղաքները»: [4] «Եվ օտարականները պիտի գան ու հովվեն ձեր հոտերը, և օտարների զավակները ձեր հողագործներն ու այգեգործները պիտի լինեն»: (Սինոդական թարգ․)
   
   Այս հատվածում (4-9-րդ համարներ) խոսվում է մեսիական Եկեղեցու աճի, նրա ընդհանրական բնույթի, հավիտենական ուրախության և համընդհանուր փառավորման մասին:
   
   «Եվ պիտի վերաշինեն դարավոր անապատները, պիտի վերականգնեն հնագույն ավերակները…և օտարականները պիտի գան…և օտարների զավակները ձեր հողագործներն ու այգեգործները պիտի լինեն»: Այս գեղեցիկ պատկերները, որոնք մեզ քաջ հայտնի են նույն մարգարեի՝ նաև ավելի վաղ հնչեցրած պատմություններից (Ես․ 44։26, 49։8, 1958։1, 12, 60։10), ակնհայտորեն մեզ են առաջադրում նոր հիմնադրված Մեսիական թագավորության մեծ աճի և բարգավաճման գաղափարը: Եսայի մարգարեի գրքի միասնության օգտին վկայող հետաքրքրություններից ելնելով՝ կարևոր է նշել, որ 5-րդ համարի տեքստը գրեթե բառացիորեն զուգահեռ է 14-րդ գլխի հետևյալ բառերին. «Իսրայելի տունը նրանց ընդունելու է Տիրոջ երկրում որպես ստրուկներ և ստրկուհիներ, ու գերի է վերցնելու իրեն գերի պահողներին» (Ես․ 14։2): Նմանատիպ մատնանշումները կրկնակի նշանակություն ունեն. մի կողմից՝ դրանք խոսում են հոգևոր Իսրայելի մեծարման մասին, ըստ այդմ՝ հոգևոր Իսրայելը հեթանոսական ժողովուրդների ատելության և անարգանքի առարկան լինելուց կվերածվի վերջիններիս կողմից հարգալից վերաբերմունքի ու նույնիսկ կծառայեն նրան: Մյուս կողմից էլ՝ այս խոսքերըն ասես մարգարեաբար ակնարկում են այն հիասքանչ պատկերը, որն այնքան գեղարվեստորեն բացահայտվում է Պողոս առաքյալի կողմից, երբ վերջինս հեթանոսներին համեմատում է հրեական ծառի արմատին պատվաստված վայրի ձիթենու հետ (հմմտ. Հռոմ. 11։16-21):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները:
(Արարատ թարգ․) Նրանք պիտի վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացած վայրերը, պիտի նորոգեն փլատակ քաղաքները և սերնդեսերունդ կործանված ամայի տեղերը։
(Գրաբար) եւ շինեսցեն զաւերակսն յաւիտենից, եւ զյառաջագոյն աւերեալսն կանգնեսցեն. եւ նորոգեսցեն զքաղաքս աւերեալս ազգաց մինչչեւ յազգս: