Ամբակումի մարգարեության մեկնություն 2։15

Ա․ Լոպուխին

15-17․ Վա՜յ քեզ, որ քո հարևանին քո չարությամբ շաղախված խմիչք ես տալիս, և հարբեցնում նրան, որ խայտառակությունը նրա տեսնես: [15] Դու փառքի փոխարեն ամոթով կշտացար, դու էլ խմիր և ամոթդ ցույց տուր, Տիրոջ աջ ձեռքի բաժակը քեզ կփոխանցվի և կարատավորի քո փառքը: Քանզի Լիբանանում քո չարագործությունը քեզ վրա կընկնի՝ վախեցած կենդանիների ոչնչացման, մարդու արյունը թափելու, երկրի, քաղաքի և նրանցում բնակվողների ամայացման համար: (Սինոդական թարգ․)
   
   Չորրորդ «վայի» հենց առաջին հատվածում (համար 15) նկարագրվում է քաղդեացիների բնավորությանը հատուկ նենգավոր ու նողկալի մի հատկանիշ։ Նենգ ընկերոջ նման նա իր մերձավորին միայն նրա համար է գինով հարբեցնում, որպեսզի հետո չարամտաբար հիանա նրա նվաստացած տեսքով: Բաբելոնը ազգերին իր հետ բարեկամական դաշինք կնքելու էր դրդում (տես Բ Թագ. 20:12 և հաջորդը), որպեսզի հետո, նրանց իր չարության գավաթից խմեցնելով (Երեմ. 25:15−ը և հաջորդը, Նավ. 3:11), զվարճանա նրանց ծայրահեղ նվաստացած ու խայտառակված տեսքից (Նավ․ 3:5, Ես. 47:3)։ Պատկերը փոխառված է այն բարոյական ծայրահեղ այլասերվածությունից, որին թշնամին անձնատուր էր լինում իր խնջույքների ժամանակ (համաձայն հրեական ավանդության՝ այս խրախճանքների ընթացքում գերիներ են բերել և գինով հարբեցրել, ապա նրանց ստիպել են պարել մինչև ուժասպառ լինելն ու մերկանալը։ Ներկաներն այդ արհամարհանքով զվարճացել են): Աստծո արդարության ընդհանուր օրենքի համաձայն՝ հանցանքին հետևելու է նույնաստիճան պատիժը: Տեր Աստծու բարկության բաժակը, որը մի անգամ հանձնվեց Բաբելոնին այլ ազգերին մատուցելու համար (Երեմ. 25:15 և հաջորդը, Ես. 51:17, Սաղմ. 59:5, 74:9), այժմ վերադառնում է հենց Բաբելոնին, որը անխուսափելիորեն մինչև վերջ պիտի խմի այն (Աբդ․ 16, Երեմ. 51:7, 39)։ Նրան էլ է սպասում նույն նվաստացումը, ամոթը և խայտառակությունը, որը նա պատրաստել էր ուրիշների համար («խեառել՝ хеарел»`անհնազանդ, «կիկալոն՝ кикалон»՝ փսխունք, Ես. 28:8): 17−րդ համարում նշվում են Աստծո կողմից Բաբելոնի համար պատրաստված նմանատիպ պատժի հիմքերը։ Դրանք Լիբանանում (համար 17), որպես խոստացված երկրի ներկայացուցիչ (Երեմ. 12։6, 23), նրա կողմից իրականացված չարագործություններն ու ավերածություններն են:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրան, ով ընկերոջը պղտոր հրապոյրներով է արբեցնում, արբեցնում է, որպէսզի նայի նրանց մերկութեանը:
(Արարատ թարգ․) Վա՜յ նրան, ով իր ընկերոջը խմեցնում է բարկության արբեցնող գինի, որպեսզի վայելի նրա պատվազրկումը։
(Գրաբար) Վայ որ արբուցանէ ընկերի իւրում հրապոյրս պղտորս. եւ արբուցանէ զի հայեսցի յայրս նոցա։