Ամբակումի մարգարեության մեկնություն 2։15

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

15-17․ Վա՜յ քեզ, որ քո մերձավորին քո չարության հետ խառնած խմիչք ես տալիս և հարբեցնում նրան, որպեսզի տեսնես նրա ամոթը։ [15] Դու փառքի փոխարեն հագեցար ամոթով՝․ խմի՛ր և դու և ցո՛ւյց տուր քո ամոթը. Տիրոջ Աջի բաժակը պիտի դառնա և քեզ, և անարգանք պիտի գա քո փառքի վրա։ Քանզի Լիբանանի հանդեպ քո չարագործությունը կընկնի քեզ վրա՝ սարսափած կենդանիների ոչնչացման, մարդկային արյուն թափելու, երկրի, քաղաքի և նրա բոլոր բնակիչների կործանման համար: (Սինոդական թարգ․)
   
   Չորրորդ «վայ»-ում՝ հենց առաջին հատվածում (15-րդ համար), նկարագրվում է քաղդեացիների խորամանկ ու նենգ չարության առանձնահատուկ բնույթը. նենգ ընկերոջ նման նա իր մերձավորին հարբեցնում է գինով միայն նրա համար, որպեսզի հետո չարախնդությամբ զվարճանա նրա նվաստացած տեսքով: Բաբելոնը ազգերին ներքաշում էր իր հետ բարեկամական դաշինքների մեջ (տե՛ս Դ Թագ. 20:12-18), որպեսզի հետո, արբեցնելով նրանց իր չարության բաժակից (Երեմ. 25:15, Նավ. 3:11), զվարճանա նրանց ծայրահեղ նվաստացմամբ ու խայտառակությամբ (Նավ․ 3:5, Ես. 47:3)։ Այս պատկերը փոխառված է այն բարոյական ծայրահեղ այլասերվածությունից, որին թշնամին անձնատուր էր լինում իր խնջույքների ժամանակ (համաձայն հրեական ավանդության՝ այս խրախճանքների ընթացքում բերում էին գերիներին, գինով հարբեցնում նրանց, ապա ստիպում պարել մինչև ուժասպառ լինելն ու մերկանալը, որից ներկաները զվարճանում էին արհամարհանքով):

   Աստծու արդարության ընդհանուր օրենքի համաձայն՝ հանցանքին ճշտորեն հետևելու է համապատասխան պատիժը: Տեր Աստծու բարկության բաժակը, որը մի անգամ հանձնվեց Բաբելոնին այլ ազգերին մատուցելու համար (Երեմ. 25:15, Ես. 51:17, Սաղմ. 59:5, 74:9), այժմ վերադառնում է հենց Բաբելոնին, որն անխուսափելիորեն մինչև վերջ պիտի ըմպի այն (Աբդ․ 1:16, Երեմ. 51:7, 39)։ Նրան սպասվում են այն նույն նվաստացումը, ամոթը և խայտառակությունը, որոնք նա պատրաստել էր ուրիշների համար (16-րդ համար, «հեարել»`ցույց տուր անթլփատությունը, «կիկալոն»՝ փսխանք, հմմտ. Ես. 28:8):

   17−րդ համարում նշվում է Բաբելոնի համար պատրաստված Աստծու նմանատիպ պատժի հիմնավորումը։ Դրանք նրա գործած չարագործություններն ու ավերածություններն են Լիբանանում (17-րդ համար)՝ որպես Ավետյաց երկրի ներկայացուցչի (Երեմ. 22։6, 23):

--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Վա՜յ նրան, ով ընկերոջը պղտոր հրապոյրներով է արբեցնում, արբեցնում է, որպէսզի նայի նրանց մերկութեանը:
(Արարատ թարգ․) Վա՜յ նրան, ով իր ընկերոջը խմեցնում է բարկության արբեցնող գինի, որպեսզի վայելի նրա պատվազրկումը։
(Գրաբար) Վայ որ արբուցանէ ընկերի իւրում հրապոյրս պղտորս. եւ արբուցանէ զի հայեսցի յայրս նոցա։