Ա. Լոպուխին
«Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ, դո՛ւ, որ Տիրոջ ձեռքից խմեցիր Նրա բարկության գավաթը, ցմրուր խմեցիր արբեցումի գավաթը, ցամաքեցրիր այն»։ [17] (Սինոդական թարգ․)
17-23-րդ համարներն արդեն մարգարեական նոր խոսքի սկիզբն են, որի շարունակությունն ու վերջաբանն են հանդիսանում հաջորդող բոլոր գլուխները։ Նոր խոսքի սկիզբը տվյալ գլխի վերջնահատվածում դնելու համար ակնհայտորեն հիմք է ծառայում բովանդակությամբ և բնույթով սերտակցությունը։ Մարգարեական մխիթարությունների շրջանակն ասես թե աստիճանաբար փակվում և ավելի ու ավելի նեղ է դառնում․ սկզբում մարգարեն դիմում էր ամբողջ Իսևրայելին (գլուխ 48), այնուհետև՝ նրա ընտրյալ ներկայացուցիչներին (գլուխ 51), իսկ այժմ մարգարեն դիմում է միմիայն Երուսաղեմին՝ հավատարիմ Սիոնի հոգևոր-քաղաքական սրտին և կենտրոնին։
«Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, Երուսաղե՛մ․․․» - Սա ա՛յն նշանավոր խոսքերի կրկնությունն է, որոնք նպատակ ունեին ընդգծել արտահայտված խոսքի կարևորությունը և առանձնահատուկ ուշադրություն կենտրոնացնել այդ խոսքերի վրա, իսկ ահա Եսայի մարգարեն նաև մեկ այլ, յուրահատուկ նշանակություն է հաղորդում այդ խոսքին՝ այն որպես սահման ծառայեցնելով իր խոսքերի նոր ենթաբաժինների համար (հմմտ․Ես․ 5։25, 9։12, 17, 21, 10։4, 48։21, 57։21, ինչպես նաև Ես․ 5։8, 11, 20, 22։1, 23։1, 28։1, 30։1, 38։1, 12, 51։1, 4, 7)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր:
(Արարատ թարգ․) Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, ո՛վ Երուսաղեմ. դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա զայրույթի բաժակը, որ խմեցիր ցմրուր, քամեցիր թմրության թասը։
(Գրաբար) Զարթիր զարթիր արի կաց Երուսաղէմ, որ արբեր ի ձեռանէ Տեառն զբաժակն բարկութեան նորա. զբաժակն կործանման, զբաժակն սրտմտութեան, զոր արբերն` եւ սթափեցեր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: