Ա. Պ. Լոպուխին. «Բացատրական աստվածաշունչ»
11-13. «Այդպես և դու պիտի հարբես ու թաքնվես, այդպես և դու պաշտպանություն պիտի փնտրես թշնամուց»: [3] «Քո բոլոր ամրությունները նման են հասած պտուղներով լի թզենու․ եթե դրանց թափահարեն, կընկնեն հենց ուտել ցանկացողի բերանը»։ «Ահա քո ժողովուրդը քո մեջ կանանց պես է․ քո երկրի դարպասները լայնորեն պիտի բացվեն թշնամիներիդ առաջ, և կրակը պիտի լափի քո նիգերը»։ (Սինոդական թարգ․)
Անխուսափելիորեն միանգամայն նմանատիպ ճակատագիր է սպասվում նաև Նինվեին։ Նա Աստծու ձեռքից պետք է ընդունի և ըմպի Տիրոջ բարկության բաժակը (հմմտ. Սաղմ․ 74։9, Երեմ․ 25։15−17, 51:7, Ամբ․ 2։16 և այլն)։ «Ինչպես հարբածության մեջ՝ դու մատնվելու ես աղետի և, այս ու այն կողմ ընկնելով, պիտի սկսես քեզ պատահած չարիքներից որևէ փրկություն գտնել, սակայն չես գտնի… Քամուց տատանվող թզենիների պես, որոնցից հեշտությամբ ընկնում են անգամ չհասունացած թզերը, դու էլ կզրկվես քո բնակիչներից․ սարսափով համակված քաջարի զինվորները կանանցից ոչնչով չեն տարբերվի․ առանց դժվարության կբացվեն դարպասներդ, երբ կրակը լափի դրանց նիգերը, և հեղեղի պես կներխուժեն հակառակորդները» (Երանելի Թեոդորիտոս Կյուրոսացի․«Տասներկու մարգարեների մեկնությունը», Մ․, 1857, Գիրք 3, էջ 18)։
11−րդ համարում ուշագրավ է «դու կթաքնվես» («tegi naalama») արտահայտությունը։ Այս մարգարեության զարմանալիորեն ճշգրիտ իրականացումը կարելի է տեսնել այն բանում, որ երբեմնի փառավոր և աշխարհահռչակ Նինվեի ավերակների վայրը, մ․թ․ա․ 606 թվականի ճակատագրական իրադարձություններից հետո, իսկապես մոռացության մատնվեց, և երկար ժամանակ ամբողջովին անհայտ մնաց աշխարհին: Ներկա ժամանակներում, երբ հաստատված է հին Նինվեի գտնվելու վայրը, նրա ավերակները, այնուամենայնիվ, ներկայացնում են ամբողջովին կործանված ու անդառնալիորեն ավերված ու բոլորի կողմից արհամարհված փառքի մի տխուր պատկեր։
12 -13−րդ համարներում մատնանշվում են Նինվեի անարգել նվաճումն ու հեշտ անկումը, որի անխուսափելի ու անկասկած լինելը ցույց են տրվել 8−11−րդ համարներում։
Պաղեստինյան կոլորիտ ունի 12−րդ համարում Նինվեի ամրությունների համեմատությունը վաղ հասունացող թզերի (բիկկուրիմ) հետ։ Թզենու այդ տեսակը հասունանում էր ոչ միայն հունիսին, այլև ավելի շուտ (տե՛ս Մարկ․ 11։13), մինչդեռ սովորաբար թզի բերքահավաքի շրջանը միայն օգոստոսի վերջն է։ Դրանք ծառին շատ թույլ են կպած և հեշտությամբ են թափվում (տե՛ս Ես․ 28։4, Ովս․ 9։10, Միք․ 7։1, Երեմ․ 24։4)։ Այդպես էլ Ասորեստանի բոլոր ամրությունները առանց որևէ ջանքի կընկնեն թշնամիների ձեռքը։
13−րդ համարի առաջին հատվածը բացատրում է Նինվեի և ամբողջ երկրի նվաճման հեշտության պատճառը՝ բանակում քաջության կտրուկ անկումը․ ասորեստանյան մարտիկները հուսահատությամբ և վախկոտությամբ կնմանվեն կանանց (Ես․ 19։16, Երեմ. 50։37, 51։30)։
Համարի երկրորդ հատվածում մատնանշվում է ոչ միայն ևս մեկ անգամ Ասորեստանի ամենակարևոր ամրությունների նվաճման հեշտությունը, այլ նաև ցույց է տրվում վերջիններիս կործանման կերպը՝ ճակատագրական աղետի արտասովոր արագությունը․«Քո երկրի դարպասները լայնորեն պիտի բացվեն թշնամիներիդ առաջ, և կրակը պիտի լափի քո նիգերը»։ Վերջին խոսքերում ասորեստանցիների սովորություններից մեկի մասին ակնարկ են տեսնում․ քաղաքների և ամրոցների պաշարման ժամանակ նրանք օգտագործում էին վառվող ջահեր՝ դարպասների նիգերն այրելու և այդ կերպ պաշարված քաղաք մուտք գործելու համար։ Նույն կերպ էլ նրանց հետ են վարվելու:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եւ դու կը հարբես, կը յիմարանաս, թշնամիներից քեզ համար ոտքի տեղ կը խնդրես:
(Արարատ թարգ․) Դու ևս պիտի հարբես, անհայտանաս, դու ևս պիտի ապաստարան փնտրես թշնամուց։
(Գրաբար) Եւ դու արբցես եւ յիմարեսցիս. եւ խնդրեսցես քեզ ոտնկայ ի թշնամեաց քոց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: