Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 19:26

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

26-27. Երբ Յիսուս տեսաւ մօրը եւ այն աշակերտին, որ մօտ էր կանգնած, որին նա սիրում էր, մօրն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»: Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եւ այդ պահից աշակերտը նրան իր մօտ առաւ:
   
    Խաչելությունից երկու և ավելի ժամ էր անցել, Հիսուս, չարչարանքներից և արյուն կորցնելուց նվաղած, հետզհետե կյանքի վերջին շնչին էր մոտենում: Տիրամայր Մարիամը այդ պահի մոտենալը զգալով, ցանկանում է առաջ գնալ և Հովհաննեսի առաջնորդությամբ, Սողոմեի, Մագդաղենացու և Կղեովպայի ընկերակցությամբ և օժանդակությամբ խաչին էր մոտեցել, սիրտը վշտով համակված, բայց Աստծու կամքին հպատակվելով, ցավերը ներսում զսպելով և իր կերպարանքով Հիսուսի վիշտ չշատացնելու նպատակով, հոգևոր արիության զորությամբ կանգնում է և դիտում խաչված որդու սրտաճմլիկ տեսարանը: «Կայր»,- գրում է ավետարանը, կանգուն էր, արիության տիպար էր ներկայացնում: Տիրամորն անարգում են նկարիչները, երբ նրան խաչի տակ ընկած և նվազած, անշունչ ու կես անզգա վիճակի մեջ են պատկերացնում: Հիսուս, աչքերով շուրջը նայելու ժամանակ, տեսնում է Իր մորն ու վերջին հրաժեշտի ողջույնն է ուղղում նրան: «Ես արդեն մեկնում եմ,- ասում է նա, - և դու մենակ ես մնալու, այլևս ես չեմ կարող հոգալ քո մասին, թող այսուհետ Հովհաննեսը հոգա քեզ համար, և նա իմ փոխարեն քեզ որդի լինի. Կի՛ դու,ն ահա՛ որդի քո»: Որից հետո դիմում է Հովհաննեսին: «Լսեցիր,- ասում է,-քեզանից սպասում եմ, որ այսուհետև իմ մորը քո մոր պես խնամես և հոգաս. Ահա՛ մայր քո»: Որդիական փափուկ զգացման պարտքն է կատարում Հիուս Իր վերջին րոպեներին, մոր ապագայի մասին մտածելով, որպեսզի նա աշխարհում մենակ, անօգնական տառապյալ կին չլինի:
    Այստեղ մեզ հետաքրքրող կարևոր կետ է, թե Հիսուս, թեպես ստիպված էր Իր մորից հեռու լինել, սակայն նրա հոգն ու խնամքը ձեռից չէր թողել ու վերջին պահին Իրեն փոխարինող նշանակելու անհրաժեշտությունն էր զգում: Չնայած տեսանք, թե Հիսուսի մայրը երբեմն Տյառնեղբայրների ընկերակցությամբ էր շրջում (Մատթ. 14:15-21), սակայն երևում է, որ Տյառնեղբայրները մինչև վերջ Տրիամոր խնամքը չէին ստանձնել:
    Հիսուսի մահվանից հետո, Հովհաննեսը, տված հանձնարարության լիովին կատարած լինելը հաստատելու համար, բացահայտ վկայում է. «Յայնմ ժամանակի առ աշակերտն գնա առ իւր»: Զեբեդեոսի տանը բարեկեցիկ էր, Սողոմեն Տիրամոր ազգականն էր, Հովհաննեսը Հիսուսից հրաման էր ստացել, անշուշտ, բոլորն էլ ջանացին Մարիամի ցավերը մեղմացնել իրենց խնամքով և գուրգուրանքով: Ավանդությունն էլ պատմում է, թե Տիրամայրը մինչև իր կյանքի վերջը Հովհաննեսի մոտ և նրա խնամքի ներքո մնաց:
    Մեկնիչները Հիսուսի այդ հանձնարարության մեջ Հովհաննեսին համարում են բոլոր աշակերտների ներկայացուցիչը և կարծում են, թե Հիսուս նույնիսկ բոլոր քրիստոնյաներին Աստվածածնի հովհանավորության և բարեխոսությանն է հանձնում: Սա գեղեցիկ և խորհրդավոր տեսակետ է, և եկեղեցու կողմից Տիրամորն ընծայված պաշտամունքի նշանակություն արդարացնում է:
    Վերջապես, կան նկատողներ, թե ինչու Հիսուս, Տիրամորը դիմելով, ասում է. «Կին դու» և չի ասում «Մայր իմ»: Շատերը երկու բացատրությունները համարում են նույնանշանակ, սակայն այդ կոչումները տեղի և ժամանակի սովորություններից էին գալիս և համոզված կարող ենք ասել, որ Հիսուս տիրող սովորությանն է հետևել: Նույն ձևը գործածել էր մեկ ուրիշ անգամ էլ (Հովհ. 2:1-11): Գուցե Հիսուս չէր ցանկանում մոր կսկիծը սաստկացնել` մայրության հիշատակությամբ մայրական գորովալից կսկիծը նորոգել չուզելով: