Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու 21:15

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

15-17. Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին: Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ սիրո՞ւմ ես ինձ: Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թէ սիրում եմ քեզ»: Յիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին:
   
    Տիբերիայի ծովեզերքի ճաշը մտերմիկ եւ ընտանեկան ժամանց եղավ Հիսուսի եւ առաքյալների միջեւ․ անշուշտ այդ ժամանակ անցյալը հիշեցին, Գալիլիայի քարոզությունների զանազան դեպքերի մասին պատմվեցին, հրեական հակառակության եւ ատելության հետեւանքների մասին խոսվեցին, Հիսուսի չարչարանքներն ու խաչելությունը իրենց սրտերը հուզեց։ Անշուշտ, Հիսուս հիշեց ու բացատրեց իր վերջին կտակի մեջ խոսված խորհրդավոր կետերը, եւ առաքյալների երեսով տվեց նրանց տկարանալը, փախչելն ու թաքնվելը։ Պետրոսին էլ հիշեցրեց նրա անձից եկած խրոխտ պարծենկոտությունը՝ մինչեւ ի մահ Հիսուսից չբաժանվելու հայտարարությունը ու քիչ անց քահանայապետարանի երեք ուրացությունները։ «Վերջապես,- ասում է Պետրոսին դիմելով,- դրանք անցան, հիմա տեսնենք, թե այժմյան զգացմունքդ ինչպիսին է, արդյոք իմ հանդեպ ունեցած սերդ ամեն ինչից վե՞ր է, եւ իմ սիրո համար ամեն բանի դեմ կանգնելու պատրա՞ստ ես»։ «Այո Տեր,- պատասխանում է Պետրոսը իր սովորական համարձակությամբ,- այո, քո հանդեպ ունեցած սերս կատարյալ է, եւ դու գիտես, թե որքան եմ քեզ սիրում»։ «Եթե այդպես է,- ասում է Հիսուսը,- ես էլ անցածը չեմ հիշի եւ թեպետ դու իմ աշակերտը լինելը ուրացար, բայց ես քեզ նորից առաքելության պաշտոնի մեջ հաստատում եմ եւ արտոնություն եմ տալիս, որ իմ հոգեւոր հոտիս գառնուկներին արածացնես»։
    Հիսուս նորից դիմում է Պետրոսին․ «Արված հայտարարությունդ լավ, բայց արդյոք ուղղակի խո՞սք է, թե հաստատուն ու նորից ետ չվերցվելու վկայություն․ ի՞նչ ես ասում իմ սերը պիտի ամեն ինչից վեր լինի՞»։ «Այո վարդապետ,- ասում է Պետրոսը,- ես ուրիշի երաշխավորությանը դիմելու կարիք չունեմ, դու ինձ բոլորից լավ ես ճանաչում, դու կարող ես վկայել, որ քո ուզած սերն ունեմ»։ «Լավ ուրեմն,- ասում է Հիսուսը,- ուրեմն ամեն ինչ մոռացված է, եւ իմ հոգեւոր հոտի ոչխարները արածացնելու իշխանությունդ նորոգում եմ»։
    Բայց Պետրոսը երեք անգամ էր ուրացել, պետք է երեք անգամ էլ կրկնվեր զղջումի խոստովանությունը եւ կատարյալ եւ ամենահաղթ սիրո վկայությունը, ուստի Հիսուս երրորդ անգամ էլ է հարց ու փորձ անում Պետրոսին․ «Ճիշտն ասա,- ասում է Պետրոսին,- վստահ լինեմ որ իմ հանդեպ ունեցած սիրուցդ ոչ մի պարագայում չպիտի հետ դառնաս»։ Պետրոսը մտածմունքի մեջ ընկավ։ Հիսուս վարդապետը սրտերը կարդացող եւ ապագան իմացող մեկն է, գուցե իր գլխին նորից մի փորձանք էլ պիտի գա, որն իմանալով է, որ Հիսուս միեւնույն խոսքին է վերադառնում եւ, իր հայտարությունը կրկնելուց հետո էլ նույն բանին է անդրադառնում։ Կարծես թե Պետրոսի խիստ համարձակությունը նվազում է, վախի կասկած է սրտում ծագում, ինքն իր վրա սկսում է երկմտել եւ տխրած շեշտով դիմում է Հիսուսին․ «Տեր, ինչո՞ւ ես ինձ նոր հարցերով նեղում, դու ամեն բան գիտես եւ ամեն բան ճանաչում ես, սրտերի գաղտնիքներն ես կարդում ու ապագան գուշակում, ահա սիրտս բաց է քո առջեւ, դու՛ նայիր, տես իմ սերը եւ ճանաչիր, թե որչափ կատարյալ եւ որչափ հաստատուն է»։ «Հիմա վստահ եմ,- պատասխանում է Հիսուս,- այլեւս ինձ չես ուրանալու, այլեւս իմ սիրուց չես բաժանվելու, ուստի անցյալն ամբողջովին քավված է, հոգեւոր հոտիս ոչխարները արածացնելու իշխանությունդ հաստատված է, առաքելական պաշտոնդ կարող ես վայելել»։
    Պետրոսը հանդարտվում է, սրտի տրոփումը դադարում է, ինքն իրենից գոհ է, վստահ, որ այսուհետեւ ուրեմն երկնավոր վարդապետի սերն ու պատիվը պիտի լինեն իր առաջնորդը, որեւէ արտաքին վախ կամ կասկած իրեն չպիտի մոլորեցնի։
    Հռոմեական աստվածաբաններն այդ հատվածն էլ իբրեւ վճռական փաստ են գործածում պապական դրությունները պաշտպանելու, նրա մեջ գտնելով Հռոմի եպիսկոպոսներին տրված մի իրավունք, եւ Պետրոսի՝ իր ընկերակիցներից եւ առաքելակիցներից բարձր եւ նրանց վրա իշխելու իրավասություն։ Սակայն ավետարանական պատմության ընթացքը այդպիսի նշանակության հետքն անգամ չունի, եւ հին Սուրբ Հայրերից բոլորն էլ, առանց որեւէ բացառության, այդ հատվածը որպես Պետրոսի երեք ուրացությունների դեմ երեք խոստովանությունների դարման են հասկացել։ Արդ, հանցանքի քավությունը շատ հեռու է բարձրագույն իշխանության տվչությունից․ ուշագրավ է մանավանդ, որ Հովհաննեսը Պետրոսի զղջումը իր տեղում չի գրել եւ այս կերպ է տալիս լրացումը։ Իսկ գառնուկներ եւ ոչխարներ արածացնելու արտոնությունը նույն ինքն առաքելության պաշտոնն է, որից Պետրոսը կամովին հրաժարվել էր Հիսուսի աշակերտը լինելն ուրանալով եւ պետք էր, որ նույն պաշտոնի մեջ նորից հաստատվեր հենց նույն Գալիլիայում եւ նույն ծավակի եզերքին, ուր այն առաջին անգամ տրվել էր (Մատթ. 4:17-22
    Առաձին երեւումով (Ղուկ. 24:12) Հիսուս ուզել էր մխիթարել հուսակտոր ու վշտահար Պետրոսին, բայց չէր հայտնել առաքելության մեջ վերահաստատվելւ։ Քանի որ ինչպես ուրացությունն էր հրապարակավ եղել, պետք է զղջումն էլ հրապարակավ լիներ, հրաժարումը հրապարակավ էր հաստատվել, վերահաստատությունն էլ պետք է հրապարակավ հռչակվեր։