Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ, քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո, ի վերջո, քաղց զգաց»»։
Այդ ժամանակից ի վեր Հիսուս սկսեց քարոզել ու ասել. «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է Երկնքի արքայությունը»»։
«Այդ ժամանակից ի վեր» - ե՞րբ էր «այդ ժամանակը»։ Դա ա´յն ժամանակն էր, երբ Հովհաննեսին բանտարկեցին զնդանում։ Իսկ ինչո՞ւ Քրիստոս հենց սկզբից ևեթ չքարոզեց նրանց։ Քրիստոսին ինչո՞ւ էր անհրաժեշտ Հովհաննեսը` այն դեպքում, երբ Իր (Քրիստոսի) գործերն իսկ պարզից էլ պարզ վկայում էին Նրա մասին։ Մի կողմից՝ ա´յն բանի համար, որպեսզի այդպիսով ի հայտ գար Հիսուսի մեծարժանությունը` ըստ այնմ, որ Ինքը` Քրիստոս էլ, Հայր Աստծու նման, ունենար մարգարեներ: Այդ մասին Զաքարիան նույնպես վկայել էր. «Եվ դու, մանուկ, Բարձրյալի մարգարեն պիտի կոչվես» (Ղուկ. 1։76): Մյուս կողմից էլ՝ որպեսզի այդպիսով Հիսուս անամոթ հրեաներին արդարացման ոչ մի հնարավորություն չթողներ։
Այս վերջին կետը մատնանշեց հենց Քրիստոս Ինքը, երբ ասաց. «Եկավ Հովհաննեսը. ո՛չ ուտում էր և ո՛չ խմում. և ասացին՝ նրա մեջ դև կա: Եկավ մարդու Որդին. ուտում է և խմում. և ասում են՝ ահա ուտող և խմող մարդ, բարեկամ՝ մաքսավորների և մեղավորների. բայց իմաստությունը արդարացվեց իր որդիների կողմից» (Մատթ. 11։18-19): Եվ դեռ ավելին, անհրաժեշտություն իսկ էր, որ Քրիստոսի մասին նախապես խոսեր ուրիշ մեկը, և ոչ թե հենց Նա Ինքը։ Եթե նույնիսկ այդքան զորավոր ապացույցներից և վկայություններից հետո նրանք (հրեաները) ասացին. «Դու Ինքդ Քո մասին ես վկայում, [ուստի] Քո վկայությունը ճշմարիտ չէ» (հմմտ. Հովհ. 8։13), ապա ինչեր ասես, որ չէին ասի, եթե նախ Հովհաննեսը Հիսուսի մասին չխոսեր, այլ Հիսուս Ինքն առաջինը սկսեր ժողովրդի առջև վկայել Իր իսկ մասին։ Ահա թե ինչու Քրիստոս Հովհաննեսից առաջ չքարոզեց և հրաշքներ չգործեց նախքան այն պահը, մինչև որ վերջինս բանտարկվեց զնդանում։ Հիսուս չէր կամենում նույնիսկ Իր քարոզությամբ պառակտում մտցնել ժողովրդի մեջ։ Ճիշտ և ճիշտ այդ նույն պատճառով Հովհաննեսը ևս ոչ մի հրաշք չգործեց, որպեսզի դրանով իսկ դեպի Քրիստոս առաջնորդի այն ժողովրդին, որին գրավում էր հենց Հիսուսի հրաշքների զորությունը: Եվ իսկապես, եթե նույնիսկ այդքան մեծաթիվ ու զորավոր հրաշքներից հետո էլ Հովհաննեսի աշակերտները՝ թե՛ իրենց ուսուցչի բանտարկությունից առաջ, և թե՛ հետո, նախանձով էին նայում Հիսուսին, ու եթե շատ մարդիկ էլ որպես «Քրիստոս»-ի ընդունում էին ոչ թե Հիսուսին, այլ Հովհաննեսին, ապա ուրեմն պատկերացնո՞ւմ ես, թե ինչ տեղի կունենար, եթե ներկա իրադրությունն էլ որևէ այլ կերպ` ընդդեմ Քրիստոսի զարգանար։
Ահա թե ինչու է Մատթեոս Ավետարանիչը մատնացույց անում հատկապես այն հանգամանքը, որ Քրիստոս «այդ ժամանակից ի վեր սկսեց քարոզել»: Եվ Քրիստոս Իր քարոզչության սկզբում սովորեցնում էր այն նույնը, ինչը նախկինում քարոզում էր Հովհաննեսը, իսկ Իր մասին Հիսուս դեռևս ոչինչ չէր ասում, այլ շարունակում էր միայն Մկրտչի քարոզչությունը: Չէ՞ որ քանի դեռ Հիսուսի ունկնդիրները Նրա մասին ճշգրիտ պատկերացում չունեին, ավելի լավ կլիներ նրանց լսելի դարձնել հենց Հովհաննես Մկրտչի ուսմունքը։
Այս միևնույն պատճառով նաև Իր քարոզության սկզբում Քրիստոս, ի տարբերություն Հովհաննեսի, չի ուսուցանում դժվարըմբռնելի կամ վշտաբեր որևէ ուսմունք։ Հովհաննեսը հիշատակել էր կացնի, կտրվող ծառի, հոսելու, կալի և անշեջ կրակի մասին (տե´ս Մատթ. 3։10-12), մինչդեռ Քրիստոս, ընդհակառակը, Իր քարոզությունը սկսում է երանելի դրախտի` «Երկնքի արքայության» մասին ցնծալի ավետիսով, արքայությո´ւն, որը պատրաստված էր Իրեն ունկնդրողների համար։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
Այնուհետև Հիսուսը սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարե՛ք, քանզի մոտեցել է երկնքի արքայությունը»:
«Այնուհետև»: Ե՞րբ: Հովհաննեսին բանտ նետելուց հետո: Իսկ ինչո՞ւ Հովհաննեսից առաջ չքարոզեց: Որովհետև պետք էր, որ Հովհաննեսը գար ու Նրա մասին վկայեր, և ապա՛ Նա հայտնվեր ու քարոզեր:
Սակայն, ասում են, ինչո՞ւ Նա Հովհաննեսի վկայության կարիքն ուներ, երբ Նրա զորավոր գործերը բավական էին վկայելու համար: Սրանով իմացիր Հորը Նրա պատվակից լինելը: Որովհետև ինչպես Հայրը, Նա նույնպես Իր մարգարեներն ուներ՝ չնայած նրան, որ դրանք Հո՛ր [մարգարեներն] էին: [Հովհաննեսի] մասին նաև հրեշտակն ասաց. «Կգնա Նրա առջևից» (Ղուկ. 1։17), իսկ [Հովհաննեսի հայր] Զաքարիան՝ «Դո՛ւ, մանո՛ւկ, Բարձրյալի մարգարե կկոչվես» (Ղուկ. 1։76):
Այլ կերպ ևս [կարելի է բացատրել]: Ընդունված էր, որ նախ ուրիշները մեկի մասին խոսեին, և ապա՛ նա՝ իր: Որովհետև եթե Հովհաննեսի այդքան վկայություններից հետո հրեաները հանդգնում էին ասել. «Դու ես Քո մասին վկայում, և Քո վկայությունը ճշմարիտ չէ» (Հովհ. 8։13), ի՞նչ կասեին, եթե Հովհաննեսը նախապես վկայած չլիներ: Այս պատճառով էլ [Հիսուսը] չքարոզեց մինչև [Հովհաննեսի] բանտարկությունը, որպեսզի ժողովուրդը չերկպառակտվեր: Նույն պատճառով էլ Հովհաննեսը հրաշքներ չգործեց, որովհետև [դրանք] գործելը պահվել էր Քրիստոսի համար: Քանի որ Հովհաննեսի մասին կարծում էին, թե Քրիստոսն է, ապա եթե [Հովհաննեսը] հրաշք գործեր, ավելի կհամոզվեին իրենց կարծիքի մեջ: Այլև քանի որ Արեգակի լույսը երևաց, պետք էր, որ Ճրագի լույսը մարեր: Նաև որպեսզի, ինչպես որ [Քրիստոսը] նախ ողջերի մեջ քարոզվեց, [քարոզվեր] նաև մեռելների մեջ, ինչպես [քարոզվեց] որովայնում 182, որը դժոխքի խորհրդանիշն էր: Հետևաբար, Մատթեոսը [Հիսուսի] ոչ թե հրաշքների սկիզբն է ներկայացնում, այլ քարոզության՝ [ասելով], որ Հիսուսը սկսեց քարոզել այն ժամանակ, երբ Հովհաննեսը դադարեց քարոզելուց: [Հիսուսի] քարոզության խոսքն էլ ուրիշ չէր, այլ ինչ որ Հովհաննեսն էր սովորեցնում: Սակայն վերջինիս սպառնալից խոսքերը չէր ասում՝ տապարի մասին և այլն, այլ միայն մեղմականը. «Ապաշխարե՛ք, քանզի մոտեցել է արքայությունը»:
Իսկ ո՞ր արքայությունն է մոտեցել՝ ըստ Նրա խոսքի: Նախ՝ [հենց] Ինքը, որ երկնքի և երկրի Արքան էր, և մոտեցել էր Իր խաչելությամբ ու հարությամբ փրկելու և փրկվածներին երկնքի արքայությունը տալու: Նաև՝ սրանով նոր [ուխտը] հնից ավելի մեծ դարձրեց. այնտեղ չէր ասվում, թե որևէ մեկին բարի գործերի դիմաց տրվելու էր երկնքի արքայություն, այլ միայն երկրային [վարձատրություն], իսկ այստեղ՝ երկինքն ու երկնքի թագավորությունը:
Եվ [Հիսուսն] Իր հայտնության սկզբում չէր մկրտում, որպեսզի կատարվեր ժողովրդին Հովհաննեսի ասած խոսքը. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, իսկ Նա՝ Սուրբ Հոգով»: Այլ նախ քարոզեց հավատալ և ապաշխարել, իսկ իբրև անմեղ գառ զոհաբերվելուց հետո ոչ թե Ինքն [էր մկրտում], այլ աշակերտների՛ն հրամայեց, որ մկրտեն 183:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»:
«Հիսուս սկսեց քարոզել և ասել. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»:
Քարոզում էր նրանց, ովքեր լուսավորվածներ և կանչվածներ էին:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
17-22. Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»: Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին: Եւ նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»: Եւ նրանք իսկոյն թողնելով ուռկանները՝ գնացին նրա յետեւից: Եւ այնտեղից առաջ գնալով, տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց: Նրանք իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը՝ գնացին նրա յետեւից:
Հիսուսի վերջին անգամ Գալիլիա վերադարձից հետո, Կանայի բժշկության և Նազարեթ այցելության պատմություններում ոչ մի անգամ չի հիշատակվում աշակերտների մասին։ Այդ պարագան չի կարելի պատահական լռություն համարել։ Հրեաստանում եղած ժամանակ Հիսուս իր աշակերտների հետ էր։ Սակայն աշխակերտների անունները չեն հիշատակվել, որպեսզի հնարավոր լինի նրանց որոշակիորեն ներկայացնել և ասել նաև, թե որոնք էին անբաժանելի ընկերները։ Ընդհակառակը, բոլոր փաստերը խոսում են այն մասին, թե սկզբնական շրջանում Հիսուսի աշակերտները միշտ նույնը չէին և ոչ էլ մշտապես շրջում էին Հիսուսի հետ։ Նազարեթի միջադեպը բացահայտորեն ցույց է տալիս, որ Հիսուս միայնակ այցելեց հայրենի քաղաքը և բնավ Իրեն ուղեկցող չուներ։ Նա միայնակ էր, երբ դուրս եկավ Նազարեթից և, հրաշալի կերպով ազատվելով Իրեն սպանել ցանկացող ամբոխի ձեռքից, բռնեց Կափառնայումի ճամփան։
Բոլոր աշխակերտները, սրտով միշտ Հիսուսի հետ լինելով, վերադարձել էին իրենց տները և կրկին զբաղվում էին իրենց արհեստով։ Հիսուս Իր և Իր ազգականների ապրուստը հոգալու համար բավական միջոցներ չուներ և գուցե Ինքն էլ դեռ նրանցից սպասելիքներ ուներ։ Հետևաբար, դուրս գալով Նազարեթից և դեպի Կափառնայում ուղղվելով, մենակ էր։ Սական, ուր էլ որ լիներ, չէր զլանում քարոզելուց։ Քարոզների նյութը միշտ պտտվում էր խոստացված մարգարեությունների լրման, Երկնքի Արքայության հասնելու և Իր մեսիայության շուրջ։ Հիսուսի շարունակաբար կրկնած նյութերն էին․ Կատարեալ է ժամանակ․ հասեալ է Արքայութիւնն Աստուծոյ, ապաշխարեցէ՛ք, հաւատացէ՛ք յաւետարանն Մարկ․ 1։15:
Այսպես էր Հիսուս հետզհետե մոտենում Կափառնայումին, երբ Տիբերիայի լճի մոտ, Բեթսայիդայի և Կափառնայումի միջև գտնվող ափերից անցնելիս, տեսավ, որ Պետրոս և Անդրեաս Հովնանյան եղբայրները, Իրեն նախածանոթ այս աշխակերտները, ձկնորսությն էին դուրս եկել։ Իրենց արհեստի համաձայն, նետել էին ուռկանները ծովը և, նավակում նստած, սպասում էին։ Ձայն տվեց նրանց և մոտեցան ցամաքին։ Այն ժամանակ սկսեց խոսել և հայտնեց, թե ընդարձակվում է Ավետարանի գործը, հետևաբար Ինքն այլևս չի կարող մնալ առանց մշտական օգնականների։ Ուստի անհրաժեշտ է, որ նրանք այսուհետ մշտապես իր հետ լինեն։ Պետք է այլևս թողնեն ձուկ որսալը և ամբողջությամբ նվիրվեն մարդ որսալուն։ Պետրոսն ու Անդրեասը սիրով համաձայնվեցին և հենց նույն պահից էլ չկամեցան մենակ թողնել Հիսուսին։ Նետված ուռկանները հավաքելու գործն իրենց մարդկանց հանձնարարեցին և Հիսուսի հետ առաջացան դեպի Կափառնայում։
Մի փոքր ևս առաջանալով՝ ծովում մի ուրիշ նավ տեսան։ Այնտեղ եղողները նույնպես ուռկանները նետել էին ծովը և սպասում էին ձկների լցվելուն։ Նրանք էլ էին ծանոթ։ Հակոբոս և Հովհաննես Զեբեդեյան եղբայրներն էին իրենց հոր՝ Զեբեդեոսի և վարձկան նավավարների հետ։ ՀԻսուս նրանց էլ կանչեց։ Նրանք ևս մոտեցան և տեսան, որ իրենց արհեստակից Պետրոսն ու անդրեասը նույնպես Հիսուսի հետ են արդեն։ Հիսուս նրանց կրկնեց նույն խոսքերը։ Զեբեդեանք էլ հավանեցին։ Նավն ու գործը, որսն ու ուռկանները հորը հանձնեցին, որ վարձկանների հետ հոգ տանի, իսկ իրենք Հիսուսի հետ, հինգով մեկտեղ, մոտեցան Կափառնայումին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: