Մաղաքիա արք. Օրմանյան
19-47. Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, այլ անում է այն, ինչ տեսնում է, թէ Հայրը կատարում է, որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը նրա նման եւ Որդին է գործում, քանի որ Հայրը սիրում է Որդուն, եւ այն ամէնը, ինչ ինքն է անում, ցոյց է տալիս նրան. եւ նրան ցոյց կը տայ սրանից շատ աւելի մեծ գործեր, որոնց վրայ դուք կը զարմանաք. որովհետեւ, ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս մեռելներին եւ կենդանացնում է, նոյնպէս եւ Որդին կենդանացնում է՝ ում կամենայ: Սակայն Հայրը ոչ մէկին չի դատում, այլ ամէն դատաստան տուել է իր Որդուն, որպէսզի ամէնքը պատուեն Որդուն, ինչպէս պատւում են Հօրը: Ով Որդուն չի պատւում, չի պատւում եւ Հօրը՝ նրան առաքողին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ով իմ խօսքը լսում է ու հաւատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը եւ չի դատապարտւում, այլ մահուանից կեանք անցաւ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կը գայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ մեռելները կը լսեն Աստծու Որդու ձայնը, եւ նրանք, որ կը լսեն, կ՚ապրեն, որովհետեւ, ինչպէս Հայրն ինքն իր մէջ կեանք ունի եւ կեանք է տալիս, նոյնպէս եւ Որդուն տուեց ինքն իր մէջ կեանք ունենալ եւ տալ: Եւ նրան իշխանութիւն տուեց դատաստան անելու, քանի որ մարդու Որդի է. դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, որովհետեւ կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա ձայնը եւ դուրս կը գան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար: Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ, ինչպէս լսում եմ Հօրից՝ դատում եմ, եւ իմ դատաստանը արդար է, որովհետեւ ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց»: «Եթէ ես եմ վկայում իմ մասին, իմ վկայութիւնը հաւաստի չէ: Ուրիշն է, որ վկայում է իմ մասին. եւ դուք գիտէք, որ հաւաստի է այն վկայութիւնը, որ նա վկայեց իմ մասին: Յովհաննէսի մօտ դուք մարդ ուղարկեցիք, եւ նա վկայեց ճշմարտութիւնը: Բայց ես մարդկանցից չէ, որ վկայութիւն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկուէք: Յովհաննէսն էր ճրագը, որ վառուած էր եւ լոյս էր տալիս, եւ դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լոյսով: Բայց ես աւելի մեծ վկայութիւն ունեմ, քան Յովհաննէսինը. այն գործերը, որ Հայրն ինձ տուեց, որ կատարեմ, այդ նոյն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թէ Հայրն է ուղարկել ինձ: Եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա՛ է վկայել իմ մասին. դուք ո՛չ նրա ձայնն էք երբեւէ լսել եւ ո՛չ էլ նրա երեսն էք տեսել: Եւ ո՛չ էլ նրա խօսքն ունէք ձեր մէջ բնակուած, որովհետեւ, ում նա ուղարկեց, դուք նրան չէք հաւատում: Քննեցէ՛ք Գրքերը, քանի որ կարծում էք, թէ նրանցով յաւիտենական կեանք կ՚ունենաք: Բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետեւ դուք կարծում էք, թէ յաւիտենական կեանք ունէք: Եւ դուք չէք կամենում դէպի ինձ գալ, որպէսզի կեանք ունենաք: Ես մարդկանցից փառք չեմ առնում: Բայց գիտեմ ձեզ, որ Աստծու հանդէպ սէր չունէք ձեր մէջ: Ես եկայ իմ Հօր անունով, եւ ինձ չէք ընդունում: Եթէ ուրիշ մէկը գայ իր անունով, նրան կ՚ընդունէք: Դուք ինչպէ՞ս կարող էք հաւատալ, քանի որ իրարից էք փառք առնում եւ չէք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս: Մի՛ կարծէք, որ ես Հօր մօտ ձեզ պիտի ամբաստանեմ. կայ մէկը, որ որպէս ամբաստանող կը կանգնի ձեր դէմ՝ Մովսէ՛սը, որի վրայ դուք յոյս էք դրել. որովհետեւ, եթէ դուք հաւատայիք Մովսէսին, կը հաւատայիք այդ դէպքում ուրեմն եւ ինձ, քանի որ նա հէնց իմ մասին է գրել. . իսկ եթէ նրա գրածներին չէք հաւատում, իմ խօսքերին ինչպէ՞ս պիտի հաւատաք»:
Հիսուսի ընդարձակ քարոզությունների այս հատվածը վերնագրեցինք Պրոբատիկեի անունով, որովհետև Հովհաննեսի Ավետարանում այն անմիջապես հաջորդում է բժշկությանը և խոսքի սկզբնավորությունն էլ հարակցություն է ցույց տալիս նրա հետ. «Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա»: Այսուհանդերձ, գիտենք որ ավետարանիչները սովորություն ունեն դեպքերն ու քարոզություններն իրար միացնել, որոնք միայն հեռավոր կապ ունեն միմյանց հետ: Նաև նյութերի կապվածության շնորհիվ են միմյանց կցում տարբեր առիթներով խոսված քարոզները: Ներկա պարագայում ևս նկատելի է, որ Հիսուս Պրոբատիկեից արդեն հեռացած, տաճարում էր հանդիպել բժշկված անդամալույծին ու դրանից հետո սկսել հրեաների հակառակաբանություններին պատասխանել:
Մյուս դիտելի կետն էլ այն է, որ սույն քարոզությունը ժողովրդին խոսված ընդարձակ և հրապարակային քարոզներից առաջինն է: Եվ որքան էլ առնչությունը շատ է տնօրինական խորհուրդների հետ ու իմաստը մեծ, որքան էլ թե’ իմաստները և թե’ բառերն իսկ կարոտ են մեկնության, ու սրբազան մեկնիչների համար ընդարձակ գրությունների նյութ են ընձեռել, այսուհանդերձ, մենք, որ պարզապես պատմական ոճին ենք հետևում, պիտի բավարարվենք քարոզներ պարունակող հատվածների լոկ ներքին իմաստը քաղել և այն համառոտված ներկայացնել, առանց բառերի և բացատրությունների մանրամասն մեկնությունների մեջ մտնելու և ոչ էլ ուզում ենք դժվարությունները կամ խորհուրդները լուսաբանելու համար երկարորեն գրել:
Այդ քարոզների մեջ Հիսուսի նպատակն է հայտնապես պաշտպանել Իր մեսիականությունը, դրա վրա ավելացնելով ևս մի հանգամանք, որ Հին Կտակարանում շատ բացահայտ չէր թե ակնկալված Մեսիան, որ որպես Մարդու Որդի է երևում, իսկապես Աստծո Որդի է` աստվածային գործերին հաղորդակից և աստվածային կարողություներին մասնակից: Քարոզության առաջին հատվածում այս կետերի մասին է խոսում ու գրավոր պարագաներ առաջ բերում, իսկ երկրորդում` մեսիականության փաստերը կամ վկայություններն է թվարկում ու բացատրում: Քարոզը եզրափակում է հրեաների անհավատությունը հանդիմանելով:
Հրեաները գայթակղվել էին և Հիսուսին հայհոյիչ էին նկատում, որովհետև Աստծուն Իրեն Հայր և Իրեն Աստծո Որդի կոչելով, հավակնում էր Աստծուն հավասար Աստված լինել: Հիսուս այդ անբաստանությունների հանդեպ «Քա'վ, թող չլինի, այդպիսի խոսք չասացի» պատասխանը չի տալիս, այլ ցանկանալով բացատրել ասածը, ուզում է հաստատել այն` միայն թե այլևայլ իմաստ չտրվի Իր խոսքին: Իսկ Ինչո՞վ է, որ մի հայտարարության ստույգությունը կարող է հաստատվել. իհարկե` գործով: Արդ` Հիսուս միայն աստվածային կարողությանը հասանելի գործեր էր կատարում, ինչպես Պրոբատիկեի անդամալույծի բժշկությունը և ինչպես էին տարուց ի վեր կատարված հրաշալի բժշկությունները: Լոկ որպես մարդու որդի, պիտի չկարողանար Նա «յանձնէ առնել եւ ոչինչ»: Իսկ հրեաները տեսնելով, որ գործում է, ուրեմն անհրաժեշտ է, որ համոզվեն, թե Ինքը ևս գործում է այնպես, ինչպես գործում է Հայր Աստված, որ Իր Որդուն ցույց է տալիս ինչ որ Ինքն է կատարում: Եվ դեռևս մինչև հիմա կատարվածներն աստվածային գործերի լրումը չեն և իրենց զարմանք պատճառող գործերից շատ ավելի մեծ գործեր պիտի տեսնեն: Որպես առավել մեծ գործերի օրինակ` Հիսուս հիշատակում է մեռելների հարությունն ու մարդկանց դատաստանը, որոնք Հայր Աստուծո գործերն են, բայց Որդին էլ է նույնը գործում, որպես հաղորդ աստվածային կարողությանը:
Հարությունը այդտեղ իր կրկին իմաստներով է ընկալվում. մարմնական մահից հետո մեռելներից վերակենդանություն և հոգեկան մահվանից հետո` մեղքերից վերարդարություն: Իսկ Դատաստանն էլ հասկացվում է թե' որպես դատավարություն և թե' որպես դատապարտություն: Հայր Աստծուն վերագրված` վերակենդանություն և վերարդարություն տալու կարողություն ունի նաև Որդին, որ Իր քարոզությամբ փրկություն է շնորհում և դա կատարում առանց որևէ բռնադատության, այլ Իր կատարյալ կամքով: Ուստի ինչ պատիվ, որ ընծայվում է Հորը, նույնը և պիտի ընծայվի նաև Որդուն: Այստեղ խոսքն ավելի հստակ կերպով կենտրոնացվում է վերարդարության վրա, իսկ Դատաստանն էլ կիրառվում է դատապարտության իմաստով: Ով ընդունում է Հիսուս-Մեսիային ու լսում Նրա խոսքերը, հնազանդվում և ընդունում, թե Նա Աստծու կողմից է եկել, նա կապրի, այսինքն` հավիտենական փրկության կարժանանա, դատապարտության տակ չի մտնի և իր հոգևոր մահը հոգևոր կենդանության կփոխվի: Այդ փրկության ժամանակը մոտալուտ է, մանավանդ, որ արդեն իսկ հասել է: Հիսուս այդ կյանքը պիտի պարգևի, որովհետև Նա կենդանացնելու կարողություն ունի: Միանգամայն աստվածային իշխանության մասնակցությամբ կարող է դատել մարդկանց և փրկության արժանիներին զատել անարժաններից:
Հագևոր վերակենդանության հաստատումը Հիսուս քաղում է մարմնավոր վերակենդանությունից: Ինչպես բոլոր մարդիկ, որ մեռան և թաղվեցին, աստածային հրամանով մի օր պիտի վերակենդանանան, բայց ոչ թե ամենքը նույն ձևով, այլ ոմանք իրենց բարի գործերի համար վարձատրության պիտի արժանանան, իսկ ուրիշներ` իրենց չար գործերի համար, դատապարտության պիտի ենթարկվեն: Նույնպես էլ Հիսուսի ձայնով ամենքը հոգևոր վերակենդանության են կոչվում, բայց փրկվում են միայն նրանք, ովքեր հնազանդվում են Նրա քարոզությանը, իսկ նրանք, ովքեր Նրա քարոզությունը չեն ընդունում, պիտի դատապարտվեն: Որքան էլ խիստ թվա այս վճիռը, սակայն արդար դատաստանի որոշում է այն: Հիսուս դրանով Իր կամքը առաջ մղող կամ փառքը փնտրող չի լինում, որովհետև կատարում է Աստուծո կամքը և պաշտպանում Աստուծո փառքը, այսինքն` Նրա, Ում կողմից, որ եկել է:
Այս կետից Հիսուս անցնում է Իր` Աստծու կողմից եկած լինելու փաստերը ներկայացնելուն, որովհետև լոկ Ինքը չէր, որ վկայում էր Իր Աստծուց եկած լինելը: Եթե միայն Ինքը վկայած լիներ, գուցե Իր վկայությունը ճշմարիտ չնկատվեր` որպես Ինքն Իր մասին վկայող, բայց, ահա, ուրիշ վկայողներ էլ կան:
Առաջինը Հովհաննես Մկրտչի վկայությունն է (Հովհ․ 5։32-35), ում կարծիքը ցանկացան հարցնել հրեաները, թե արդյո՞ք ինքն է Մեսիան: Իսկ նա հայտարարեց, թե ինքը չէ, այլ ակնկալված Մեսիան Հիսուս Նազովրեցին է (Հովհ․ 1։15-28): Այդ վկայության ճշմարիտ լինելը պետք է ընդունեն հրեաները, ովքեր Հովհաննեսին որպես մարգարե պատվեցին` մինչև իսկ մի պահ կարծելով, թե նա ինքը Մեսիան է կամ սպասված արևը և ուզեցին նրանով մխիթարվել, բայց նա մի փոքր ճրագ էր միայն:
Երկրորդը` Հովհաննեսի գործերից ավելի մեծ, Հիսուսի կատարած գործերի վկայությունն է Հովհ․ 5։36: Հիսուս այնպիսի գործեր կատարեց, որ միայն աստվածային զորությամբ կարող էին կատարվել և որտեղ հայտնվում է աստվածային զորությունը` այնտեղ է ճշմարտությունը, որովհետև Աստված Իր զորությամբ չի կարող հաստատել ստությունն ու խաբեությունը:
Երրորդը` նույնինքը Հայր Աստուծո ուղղակի Աստված վկայությունն է Հովհ․ 5։37-38, որ Հորդանանում հաստատեց Հիսուսի Աստծուց եկած լինելը (Մատթ․ 3։13-17): Թեպետ հրեաները ո'չ Նրա ձայնը լսեցին, ո'չ Նրա կերպարանքը տեսան և ո'չ էլ շնորհներն ընդունեցին, որովհետև չուզեցին հավատալ Իրեն:
Չորրորդը` ամբողջ Հին Կտակարանի մարգարեությունների վկայությունն է Հովհ․ 5։39-40: Հրեաներն իրենց ամբողջ հավատքն այդ Գրքերի վրա են հիմնել: Արդ` եթե լավ քննեն պիտի տեսնեն, որ մեսիական բոլոր մարգարեություններն իր մասին ամբողջությամբ ճշմարտվում են: Եվ եթե իրենց հավատքին իրոք հավատարիմ լինեին, կընդունեին նաև Իր Մեսիա լինելը:
Սրան հակառակ, երբ սուտ մեսիաներ ելան, ովքեր իրենց փառքի և իրենց շահի համար էին գործում, չվարանեցին նրանց ետևից գնալ: Եվ եթե կրկին նրանց նմանները հայտնվեն, դարձյալ պիտի հետևեն նրանց, մինչդեռ չեն ուզում ընդունել Իրեն, որ միայն Աստուծո անվամբ է գործում, Իր փառքը չի փնտրում և Իր Անձի ու շահի համար չի աշխատում: Եվ հրեաներից այլ բան էլ չէր սպասվում, քանի որ միայն անձնական փառքի ետևից են ընկած` Աստուծո փառքը չեն փնտրում և Աստուծո սերը չունեն սրտերի մեջ: «Այդ ամբաստանությունն անողը նույնպես ես չեմ, -ասում է Հիսուս, - կարիք չկա, որ Ես ձեզ ամբաստանեմ, Ինձնից առաջ Մովսես մարգարեն կա, ում անունով պարծենում եք, բայց գրածները չեք ընդունում: Եթե դուք Մովսեսին հավատարիմ հետևող լինեիք, Ինձ նույնպես կընդունեիք, որովհետև Մովսեսը կանխագուշակեց Իմ գալուստը: Երբ Մովսեսի գրածին էլ չեք հավատում, անշուշտ, Իմ խոսքերին հավատալու վերաբերյալ հույս չունեմ ձեզանից»: Այստեղ Հիսուս ակնարկում է Մովսեսի գրած և ամենքին ծանոթ մեսիական մարգարեությունը. «Մարգարէ յեղբարց քոց իբրեւ զիս յարուսցէ քեզ Տէր Աստուած քո, նմա լուիջիք» Բ Օր․ 18։15:
Այս է Պրոբատիկեի քարոզության բովանդակությունը, որը խոսեց Հիսուս երկրորդ Զատկին Երուսաղեմում գտնված ժամանակամիջոցին և քիչ հետո մեկնեց Երուսաղեմից:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: