Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 19:11

Մաղաքիա արք. Օրմանյան

11-27․ Եւ մինչ նրանք լսում էին այս, Յիսուս մի առակ էլ աւելացրեց նրա համար, որ ինքը մօտենում էր Երուսաղէմին, եւ նրանք կարծում էին, թէ Աստծու արքայութիւնը շուտով յայտնուելու է: Նա ասաց. «Մի ազնուական մարդ գնաց հեռու աշխարհ՝ իր թագաւորութիւնը ստանալու եւ վերադառնալու համար: Եւ կանչելով իր ծառաներին՝ նրանց տասը մնաս տուեց եւ ասաց. «Շահարկեցէ՛ք դրանք, մինչեւ որ գամ»: Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. «Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի»: Եւ ազնուականը վերադարձաւ՝ իր թագաւորութիւնն ստացած, եւ կանչեց այն ծառաներին, որոնց տուել էր դրամը, որպէսզի իմանայ, թէ ով ինչ էր շահել: Եկաւ առաջինը եւ ասաց. «Տէ՛ր, քո մէկ մնասը տասը մնաս բերեց»: Եւ տէրը նրան ասաց.«Ազնիւ եւ բարի ծառայ, քանի որ այդ փոքր բանի մէջ հաւատարիմ եղար, իշխանութիւն ունեցիր տասը քաղաքների վրայ»: Եկաւ երկրորդը եւ ասաց. «Քո մէկ մնասը հինգ մնաս բերեց»: Տէրը նրան ասաց. «Դու էլ՝ հինգ քաղաքների վրայ»: Միւսն էլ եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մէջ ծրարած պահում էի. վախենում էի քեզնից, որովհետեւ խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, եւ հնձում ես, ինչ որ չես սերմանել»: Եւ տէրը նրան ասաց. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ, անհաւատարի՛մ ծառայ. գիտէիր, որ ես մի խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել եւ հնձում եմ՝ ուր չեմ սերմանել: Հապա ինչո՞ւ իմ դրամը լումայափոխներին չտուիր, որպէսզի ես, գալով, տոկոսներով միասին պահանջէի այն»: Եւ սպասաւորներին ասաց. «Վերցրէ՛ք դրանից մէկ մնասը եւ տարէ՛ք տուէք նրան, ով տասը մնաս ունի”: Եւ ծառաները ասացին նրան. «Տէ՛ր, արդէն նա տասը մնաս ունի՛»: Ասում եմ ձեզ, թէ՝ «Ով որ ունի, նրան պիտի տրուի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցուի եւ այն, ինչ որ ունի: Բայց իմ այն թշնամիներին, որոնք չէին կամենում, որ ես թագաւորեմ իրենց վրայ, բերէ՛ք այստեղ եւ սպանեցէ՛ք իմ առաջ»»:
   
    Հիսուս Զակքեոսի տանն էր, երբ հայտնեց մեղավորների դարձի համար ունեցած փափագը: Այդ զռիթով խոսեց մարդկանց հոգևոր փրկության համար Իր կատարելիք վերջնական գործողության մասին, որն առաքյալներին բացատրել էր Իր չարչարանքների և մահվան կանխագուշակության մեջ (Մատթ. 20:17-19), բայց Ինքն այդ «» էր կոչում:
Ժողովուրդը, որ լսում էր, նույն իմաստով չէր հասկանում այդ բացատրությունը: Նրա համոզմամբ Հիսուս Մեսիա էր, իսկ Մեսիայի փառավորությունը Աստուծո Արքայության հայտնությունը միայն կարող էր լինել: Հետևաբար, կարծում էին, թե այդ հայտնությունը մոտալուտ է և թե Երուսաղեմ գնալն էլ նպատակ ունի: Այսպես, հրապարակի վրա երկու տարբեր առումների և իմացածների ընթացքները միմյանց էին բախվում: Մի կողմից երկյուղ կար Հիսուսի մահվան համար, իսկ մյուս կողմից խանդավառություն` «» : Երիքովում եղած ընդունելությունը այդ ըմբռնման հետևանքն էր: Հիսուս դա պատեհ առիթ համարեց, որպեսզի Երիքովում այդ նպատակին համապատասխան մի առակ պատմի և հավանաբար Զակքեոսի տանը:
    Մի ազնվական ճամփորդության դուրս եկավ, որպեսզի գնա հեռու երկիր: Դեռ դուրս չեկած` կանչեց իր պաշտոնյաներին և յուրաքանչյուրին տվեց տասական մնաս, որ օգտագործեն մինչև վերադարձը: Առակը չի ճշտում մնասը ոսկի էր, թե` արծաթ: Արծաթ մնասը 1200, իսկ ոսկին`10.000 ղուրուչ արժեր: Երբ ազնվականը վերադարձավ, առաջին գործը եղավ իմանալ մնասների արդյունքը: Կանչեց պաշտոնյաներին հաշիվ ներկայացնելու համար: Առաջին եկողը հայտնեց, որ տասը մնասը օգտագործելով շահեց ևս տասը մնաս: Տերը գովեց նրան որպես ազնիվ ու բարի ծառայի և քչի դեպքում ցուցաբերած հավատարմության համար տասը քաղաքների կառավարիչ կարգեց: Երկրորդ եկողը հայտնեց, որ տասը մնասը օգտագործելով շահել է ևս հինգը: Նա էլ գովեստի արժանացավ և հինգ քաղաքների կառավարիչ նշանակավեց: Երրորդ եկողն հաըտնեց, թե վախեցել է գործածել, միգուցե կորցներ և արժանանար տիրոջ բարկությանը, որ կարող էր հասցրած կորստի համար վրեժխնդիր լինել, ուստի տասը մնասները, թաշկինակի մեջ փաթաթելով, զգուշությամբ պահել է և հիմա նույնությամբ բերում է ու հանձնում: Այս ամենը լսելով` տերը սկսեց նրան հանդիմանել. «Քո խոսքով եմ ուզում քեզ դատել. Եթե գիտեիր,որ այնչափ անգամ մեկն եմ, վերցնում եմ չդրածս և հնձում չսերմանածս, ապա եթե դու էլ չաշխատեիր, պետք է գոնե ինձանից վերցրած տասը մնասը մի սեղանավորի հանձնեիր, որ գեթ նրանից ստանալիք տոկոսը շահեիր և հիմա գոնե ինձ արդյունք ներկայացնեիր»: Այս ասելով` շուռ է գալիս յուրայինների կողմը. «Վերցրեք իրեն տրված տասը մնասը և տվեք տասին տասը շահողին»: «Նա արդեն բավականին ունի», - պատասխանում են այնտեղ եղողները: «Հոգ չէ,- ասում է տերը,- շահեցնելով ունեցողն արժանի է ավելացման և չշահեցնելով չավելացնողի ձեռքից ունեցածն էլ պետք է վերցնել»: Առակի սկզբում չի ասվում, թե քանիսն էին մնասներ ընդունող պաշտոնյաները: Ուստի միայն երեք անձերից հաշիվ պահանջված լինելը նկատի է առնվել շատ ու քիչ շահողներին և ընդհանրապես չշահողին ցույց տալու նպատակով:
    Առակն ունի երկու տարբեր մասեր, որոնք առանձին էլ կարող են ամբողջական դիտվել. Մեկը մնասների գործածումն է, մյուսը` հակառակորդների ընթացքը: Մնասների առակը նման է քանքարների առակին ( Մատթ. 25:14-30), որն իր հերթին առանձին պիտի մեջբերենք, որովհետև երկուսը միմյանցից տարբերվում են մի շարք պարագաներով և մանավանդ պատմված օրվա և տեղի պարագայով: Պետք է ասել, որ Հիսուս նույն նյութը տարբեր անգամներ տարբեր դարձվածներով է կրկնել: Այս կետի վրա քանի-քանի անգամ ենք ուշադրություն հրավիրել և պնդել, թե երբեք չպետք է կարծել, որ Հիսուս իր քարոզություններում մի նյութը միայն մեկ անգամ և մի տեղ է ասել, այլ նույն նյութը զանազան տեղեր, զանազան անգամներ և զանազան դարձվածներով է պատմել:
    Ճիշտ սրա հետևանքն է, որ Երիքովում խոսած ժամանակ առակին այնպիսի զարդեր է ավելացրել, որ ձևով հատուկ էր երիքովցիներին և կարող էր շարժել նրանց հետաքրքրությունը:Հակառակորդների արածը հիշեցնում է Արքեղայոսի դեմ երիքովցիների բռնած ընթացքը, երբ Արքեղայոսը հոր` Մեծն Հերովդեսի մահվանից հետո Հրեաստանի չորրորդապետության հաջորդը եղավ:
    Առակի ունեցած բարոյական իմաստը շատ հայտնի է, թե մարդն ինչպես պետք է Աստծուց ընդունած շնորհներն ու բարիքները իբրև ավանդ նկատի, դրանք արդյունավորի և իր օգտի համար գործադրի: Այստեղ ինչ-որ ձևով ևս հանձնարարվում են Տնտեսի առակով ավանդված սկզբունքները (Ղուկ. 16:1-13): Իսկ ավետարանական իմաստը վերագրվում է Հին Ուխտի մարդկանց, ովքեր չիմացան Երկնավոր Հոր կողմից իրենց պարգևված միջոցների հարգը ճանաչել և արդյունավորել Հիսուսի գալուստը, քարոզությունը, վարդապետությունը, հրաշագործությունը, որոնք առանձին- առանձին մնասներ էին. Ոչ գործածեցին, ոչ շահեցին, ուստի նոր վարձատրության չարժանացան: Ահա թե ինչու իրենց հանձնված Հին Ուխտի մասն էլ իրենցից պիտի առնվի և տրվի Հիսուսի շնորհած մնասներն արդյունավորող և Ավետարանի համար արգասաբեր անող Նոր Ուխտի հավատացյալներին:
    Իսկ ազնվականի նկատմամբ ունեցած հակառակության մասերը ոմանց համար երիքովցիների պարագաներից վերցված լոկ զարդեր են: Սակայն, ըստ այլոց, այդ մասերն էլ ավետարանական իմաստ ունեն և ցույց են տալիս, թե ինչպես հրեաները ջանացին, որպեսզի չհաջողվի Հիսուսի քարոզած Երկնից Արքայությունը, բայց չհասան իրենց նպատակին: Հիսուսի Երկնից Արքայության վարդապետությունը և Ավետարանի հաստատությունն իրականացան, իսկ Հիսուսի դեմ գործող հակառակորդներն էլ պիտի իրենց պատիժն ստանան: