Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 3:14

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

14-15․ «Մինչդեռ Հովհաննեսը կանխեց նրան ու ասաց. «Ե՛ս պետք է մկրտվեմ Քեզանից, և Դո՞ւ ես գալիս ինձ մոտ»»։ «Բայց Հիսուս պատասխանեց ու ասաց նրան. «Հիմա թո՛ւյլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը»։ Այդ ժամանակ Հովհաննեսը թույլ է տալիս Նրան»։
   
    Քանի որ Հովհաննեսի մկրտությունը ապաշխարության մկրտություն էր և մարդկանց առաջնորդում էր իրենց մեղքերի գիտակցությանը, ուստի, որպեսզի ոչ ոք չկարծեր, թե Հիսուս այդ միևնույն մտադրությամբ էր եկել Հորդանան՝ որպես նախազգուշացում Հովհաննեսը Հիսուսին անվանում է Գառ և աշխարհը մեղքերից ազատող Փրկիչ։ Նա, Ով կարող էր վերացնել մարդկային ողջ ցեղի մեղքերը, Նա Ինքը, անկասկած, լիովին անմեղ էր։ Ահա թե ինչու Հովհաննեսը չասաց. «Ահա՛ անմեղը», այլ, որ շատ ավելի կարևոր բնորոշում էր՝ «Ահա՛ Նա, Ով [Իր վրա] է վերցնում աշխարհի մեղքը», որպեսզի այդպիսով դու համոզվես, և համոզվելով էլ՝ տեսնես, որ Հիսուս մկրտվելու է գալիս մեկ այլ, մյուսներից տարբեր նպատակով։ Այս իսկ պատճառով էլ Հովհաննեսն ասաց իր մոտ եկող Քրիստոսին. «Ե՛ս պետք է մկրտվեմ Քեզանից, և Դո՞ւ ես գալիս ինձ մոտ»։ Նա չասաց. «Այդ Դո՞ւ ես ուզում մկրտվել ինձնից»։ Նա նույնիսկ դա չհամարձակվեց ասել։ Իսկ ի՞նչ ասաց նա։ «Եվ Դո՞ւ ես գալիս ինձ մոտ»։ Իսկ Քրիստո՞ս ինչ ասաց։ Այստեղ Քրիստոս վարվեց ճիշտ այնպես, ինչպես ավելի ուշ արեց՝ Պետրոսի հետ։ Այս վերջինը (Պետրոսը) նույնպես թույլ չտվեց Հիսուսին լվանալ իր ոտքերը, սակայն երբ լսեց Փրկչի այս խոսքերը՝ «Ինչ որ Ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց հետո կիմանաս», նաև այն, թե՝ «եթե քեզ չլվանամ, Ինձ հետ մաս չունես» (Հովհ․ 13։7-8), – այդժամայն իսկ մի կողմ թողեց իր համառությունը և հնազանդություն ցուցաբերեց։
    Նմանապես նաև Հովհաննեսը, երբ լսեց Փրկչի այս խոսքերը՝ «Հիմա թո՛ւյլ տուր, որովհետև մեզ հարկ է այսպես կատարել ամբողջ արդարությունը», անմիջապես հնազանդվեց Նրա խոսքին։ Նրանք երկուսն էլ՝ թե՛ Պետրոսը և թե՛ Հովհաննեսն իրենց բնույթով համառ չէին, այլ ունեին և՛ սեր, և՛ հնազանդություն, ու ամեն ինչում փորձում էին հնազանդվել Տիրոջը։ Տե՛ս, թե Հիսուս ինչպես է համոզում Հովհաննեսին հենց այն եղանակով, որը հատկապես դժվարընդունելի էր նրա համար. Հիսուս չասաց, որ դա է պահանջում արդարությունը, այլ՝ «հարկ է» (պատշաճ է): Քանի դեռ Հովհաննեսը Հիսուսի համար խիստ անպատշաճ էր համարում ծառայի (իր՝ Հովհաննես Մկրտչի) կողմից մկրտություն ընդունելը, Հիսուս, ընդհակառակը, Մկրտչի մատնացույց է անում այդ մկրտություն լիակատար պատշաճությունը՝ կարծես թե ասելով. «Մի՞թե դու այն պատճառով չես խուսափում ու հրաժարվում սրանից, քանի որ այն անպատշաճ ես համարում։ Սակայն, ընդհակառակը, սա լիովին պարկեշտ է, ուստի և թո՛ղ որ այսպես լինի»: Եվ Հիսուս պարզապես չասաց՝ «թո՛ւյլ տուր», այլ ավելացրեց՝ «հիմա»․․․ «Սա միշտ չէ, որ այսպես պետք է լինի», - ասում է Նա։ - «Այլ, ընդհակառակը, դու Ինձ տեսնելու ես նաև այն վիճակում, որում ցանկանում ես տեսնել, բայց հիմա առայժմ սպասի՛ր դրան։
    Այնուհետև Քրիստոս արդեն մատնացույց է անում, թե ինչու է պատշաճ այդ կերպ վարվելը (այն, որ Հիսո՛ւս մկրտվի Հովհաննես Մկրտչի ձեռքով)։ Ուրեմն, ինչո՞ւ է դա պարկեշտ։ Որովհետև մենք պետք է կատարենք ամբողջ օրենքը, ինչը և Քրիստոս ի նկատի ուներ «ամբողջ արդարությունը» խոսքերով․ չէ՞ որ արդարությունը պատվիրանների կատարումն է։ «Քանի որ, - ասում է, - մենք արդեն իսկ կատարել ենք մյուս բոլոր պատվիրանները, և միայն սա է մնացել, ապա պետք է նաև այս մեկը կատարենք։ Ես եկել եմ ձեզ ազատելու օրենքի խախտման պատճառով ձեզ վրա ընկած անեծքից։ Ահա թե ինչու նախ Ես Ինքս պետք է կատարեմ ամբողջ օրենքը և ձեզ ազատեմ դատապարտությունից, ու այդպիսով վերջ դնեմ օրենքի տիրապետությանը։ Հետևաբար, Ես պետք է կատարեմ ամբողջ օրենքը, որովհետև Ես պետք է վերացնեմ այն անեծքը, որը օրենքում գրված է ձեր դեմ։ Այդ իսկ պատճառով էլ Ես մարմին առա ու եկա աշխարհ:
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»:
   

     Բայց Հովհաննեսն արգելում էր Նրան՝ ասելով. «Ե՛ս պետք է Քեզնից մկրտվեմ, և Դո՞ւ ես ինձ մոտ գալիս»:
   
Թեպետ Հովհաննեսը գիտեր, որ [Հիսուսը] տնօրինաբար է մկրտության գալիս, սակայն Նրա հանդեպ ցույց տվեց պատշաճ խոնարհություն, ինչպիսին վայել է, որ ծառան տիրոջ հանդեպ [ցուցաբերի], և արարածը՝ Արարչի: Սա կարելի է տեսնել Մովսեսի, Երեմիայի և բոլոր սրբերի պարագայում, ովքեր, թեև կանչվում էին առաջնորդության, սակայն հրաժարվում էին [իրենց անձին վերագրել] աստվածայինը, քանի որ միևնույն Հոգին կար ամենքի մեջ:

    «Ե՛ս կարիքն ունեմ Քեզնից մկրտվելու. ճրագս՝ Արեգակիցդ, ձայնս՝ Խոսքիցդ, փեսավերս  135՝ Փեսայիցդ, կանանցից ծնվածների մեջ մեծս 136 ՝ բոլոր արարածների Անդրանկիցդ  137: Ե՛ս կարիքն ունեմ. և ո՛չ սոսկ մկրտվելու Քեզնից, այլ արյա՛մբ՝ Քո օրենքի համար, որպեսզի Քո կենդանարար գալուստը քարոզեմ ինչպես ողջերին երկրի վրա, այդպես էլ մեռյալներին դժոխքում: Եվ Դո՞ւ ես ինձ մոտ գալիս: Այսինքն՝ սրբերի Սուրբդ գալիս ես տառապյալիս մոտ մաքրությո՞ւն ընդունելու: Բայց ինչպե՞ս կարող է խոտը մոտենալ կրակի բնությանն ու չայրվել»:

    [Հովհաննեսը] չասաց. «Գալիս ես ինձ մոտ մկրտվելու», քանի որ ամաչում էր այդպես ասել, այլ միայն՝ «գալիս ես ինձ մոտ», այսինքն՝ մահվամբ [գալիս ես] դժոխք  138:
   

Ստեփանոս Սյունեցի (†735)

Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»:
   
    «Իսկ Հովհաննեսը ընդդիմացավ նրան և ասաց. «Ի՛նձ պետք է քեզնից մկրտվել, և Դու ի՞նձ մոտ ես գալիս»:
    Հովհաննեսը գիտեր, որ հարկ է իրեն մկրտվել Աստծու Գառից, Ով վերցնում է աշխարհի մեղքը (Հովհ. 1։29):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի'նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:13