Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Բայց Ես ասում եմ ձեզ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք ձեզ վիրավորողների ու ձեզ հալածողների համար»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:43
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում,
Բայց Ես ձեզ ասում եմ. սիրե՛ք ձեր թշնամիներին, օրհնե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք գործեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ:
Որպեսզի ոչ ոք այս խոսքն անիրագործելի չհամարի, թե ինչպե՛ս է հնարավոր սիրել թշնամիներին, ասում է. «Ե՛ս եմ ասում ձեզ», այսինքն՝ քանի որ արարչությունը նախ թշնամություն ուներ Արարչի հանդեպ, ուստի մարդիկ անկարող էին միմյանց հանդեպ ունեցած սերը ցուցաբերել նաև թշնամիների հանդեպ, իսկ այժմ, քանի որ «Իմ մարմնի մահվամբ,-ասում է,- այդ թշնամությունը վերացրի», ինչպես ասում է առաքյալը. «Մինչ թշնամի էինք, հաշտվեցինք Աստծո հետ Նրա Որդու մահվամբ» (Հռոմ. 5։10), ուրեմն՝ ինչպես որ Նա՛ սիրեց ձեզ, որ թշնամի էիք Նրան, այդպես էլ դո՛ւք սիրեք ձեր թշնամիներին:
Բայց ո՞ւմ է Հիսուսը «թշնամի» կոչում: Ովքեր մեր կյանքին հասցնում են ամեն տեսակ վնաս, մեր թշնամիներն են ու [այդպես] էլ կոչվում են, և նրանց է ներել հրամայում [Տերը]: Իսկ թշնամիների հանդեպ սիրո օրինակը սովորեցնում է Պողոսը, քանի որ սիրո աստիճանները տարբեր են՝ Աստծո հանդեպ, ընկերոջ, կնոջ և թշնամու. Աստծուն հրամայվում է ամբողջ սրտով ու հոգով սիրել, ընկերոջը՝ սեփական անձի չափ (Մատթ. 22։37, 19։19, Մարկ. 12։30-31), կնոջ մասին խնամք տանել իբրև տկար անոթի (Ա.Պետ. 3։7) իսկ թշնամու մասին [առաքյալն] այսպես է ասում. «Եթե քաղցած է, հա՛ց տուր նրան, և եթե ծարավ՝ ջուր» (Հռոմ. 12։20), նաև, հոգևոր սիրով, խոսքով ջանա [նրան] ուղղության բերել, որպեսզի «սա անելով»՝ վառես նրա մտքում, որն [առաքյալը] «գլուխ» է կոչում (Հռոմ. 12։20), այն կրակի «կայծերը», որը Հիսուսը եկավ գցելու երկրի վրա (Ղուկ. 12։49), այսինքն՝ [նրան] շարժես դեպի քո սերը և քո հանդեպ եղած նրա թշնամությունը բոլորովին խափանես:
Մեկ այլ պատճառով էլ ենք պարտավոր սիրել թշնամիներին: Եթե անասունների համար բնական է, որ սիրում են իրենց երախտավորներին, ապա մենք ուրիշ ի՞նչ ավելի մեծ երախտագործ ունենք, քան մեր թշնամիները, ովքեր մեր երանության պատճառն են դառնում՝ ըստ այսմ. «Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատում են..., ամեն չար բան ասում..., ցնծացե՛ք..., որովհետև ձեր վարձը շատ է երկնքում» (Մատթ. 5։11-12):
«Օրհնե՛ք ձեզ անիծողներին»: Սրա մասին դարձյալ Պողոսն է խոսում. «Անիծում էին, օրհնում էինք. հայհոյում էին, աղաչում էինք. չարախոսում էին, համաձայնում էինք» (հմմտ. Ա Կոր. 4։12-13): Որովհետև [անիծողը], չարի գործիք դառնալով, լուտանքի խոսքեր է դառնությամբ ներծծված նետի պես արձակում քեզ վրա, բայց քո բերանից օրհնություն լսելով՝ շառագունում է և նախկին տգեղ խոսքերով ինքն իրեն մեղադրում: Կամ էլ՝ նրանց անեծքը ձեր համբերության և օրհնության շնորհիվ կյանքի և փառքի պտուղներ է ձեզ պարգևում:
«Բարի՛ք գործեք ձեզ ատողներին»: Մարդկանց մեջ ատելությունը երկու պատճառով է լինում: Կամ երբ ոմանք շվայտ կյանքի մեջ թաթախվում են և առաքինիների պարկեշտ կյանքով ու խոսքերով հանդիմանվում, որով սկսում են ատել [առաքինիներին], ինչպես Հերովդեսը՝ Հովհաննես [Մկրտչին] (Մատթ. 14։1-12), Աքաաբը՝ մեծ Եղիային (Գ Թագ. 17-19), որովհետև այսպես է գրված. «Ատեցին դռան առաջ հանդիմանողին» (Ամոս 5։10). ասում է՝ [այսպիսիներին] բարի՛ք գործեք, այսինքն՝ սակավ առ սակավ սփոփելով՝ ուղղությա՛ն բերեք: Կամ էլ՝[ատելությունն առաջ է գալիս] ոմանց բանսարկության պատճառով, երբ եղբայրը չարախոսում է եղբորը և նրա սրտում ատելություն տնկում: Ուստի [Տերը] խրատում է՝ բարի՛ք գործեք ձեզ ատողներին՝ խոսքով գովելով՝ ըստ այսմ. «Խոսե՛ք, եղբայրներ, ձեզ ատողների հետ» (Ես. 66։5), և պատվասիրաբար առատ սեղանի մասնակից դարձնելով, որպեսզի ձեր վարքը տեսնելով՝ հասկանան, որ չարախոսը ստել է, և ատելության կրքից ազատվելով՝ սիրով կապվեն ձեզ:
«Եվ աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ»: [Տերը] բոլոր բարի գործերի գլուխը, որը մարդու կատարելությունն է, այս խոսքերի ավարտին է դնում, որովհետև միայն չասաց՝ սիրիր կամ օրհնիր կամ բարիք գործիր, այլ թե՝ նաև աղոթի՛ր, որը մտքի գործ է: Որովհետև թեև շատերը մարմնի կերպարանքով ցույց են տալիս սիրո հանգամանքները, սակայն մտքում անպատմելի բաներ են ասում: Ուստի [Տերը] կամեցավ նաև մտքի ախտը բուժել. ասում է՝ այսպե՛ս աղոթիր Աստծուն. «Այն մեղք մի՛ համարիր նրանց համար» կամ էլ՝ «Այդ բնավորությունից դեպի զգաստությո՛ւն փոխիր նրանց»: Իսկ չարչարող ու հալածող է կոչում մեր կրոնի հակառակորդներին, ովքեր մեր կյանքը դառնությամբ կեղեքում են, ապա մեր հայրենիքից մեզ արտաքսում, ինչպես Նաբուքոդոնոսորն արեց իսրայելացիներին, որոնց Դանիելը խրատեց աղոթել նրա կյանքի համար (Դան. 1-4), որպեսզի երբ նա խաղաղության մեջ լինի, ասում էր, ձեզ համար էլ խաղաղություն լինի, և նա, ձեր աղոթքը լսելով, չարությունից զգոնության փոխվելով, մեղմանա:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: