Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում, քանի որ այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին»։
 
 Տե´ս, թե ինչպիսի պարգև է կրկին խոստացվում. «…որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում»։ Այն, որ դու լսում ես, որ բոլոր երանիների դեպքում չի խոստացվում Երկնքի արքայությունը, մի´ տրտմիր։ Թեև Քրիստոս տարբեր կերպ է նկարագրում պարգևները, սակայն հիշյալ երանություններից որևէ մեկին արժանացած ամեն ոք էլ Երկնքի արքայություն է մտնելու։ Եվ երբ Նա ասում է, որ սգավորները մխիթարվելու են, ողորմածները ողորմություն են գտնելու, սրտով մաքուրները տեսնելու են Աստծուն, և խաղաղարարներն Աստծու որդիներ են կոչվելու, Իր այս բոլոր խոսքերով Հիսուս նկատի ունի ոչ այլ ինչ, եթե ոչ` Երկնքի արքայությունը։ Ով ստանա հիշյալ օրհնությունները, նա անպայմանորեն կարժանանա նաև Երկնքի արքայությանը։ Ուստի մի´ կարծիր, թե այդ պարգևին արժանանալու են միայն հոգով աղքատները. այն կստանան նաև արդարության ծարավն ունեցողները, հեզերը և մյուս բոլոր երանելիները։
Հիսուս յուրաքանչյուր պատվիրանի մեջ երանության խոստումն է հիշատակել, որպեսզի դու որևէ զգայական (նյութական) բանի ակնկալիք չունենաս։ Չի կարող երանելի լինել այն մարդը, ով պարգևատրվում է մի այնպիսի պարգևով, ինչն այս կյանքում իսկ կորսվում և անհետանում է ստվերից էլ արագ։ Ասելով հանդերձ՝ «ձեր վարձը մեծ է», Քրիստոս դրանով էլ չի սահմանափակում Իր մխիթարությունը, այն նաև ավելացնում է. «Այդպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզանից առաջ էին»։ Քանի որ Երկնքի արքայությունը մոտենում էր և սպասելի էր, ուստի Քրիստոս որպես մխիթարություն հիշատակում է ներկա հալածյալներից առաջ տառապած նախնիներին` կապ ստեղծելով նրանց հետ։ «Մի կարծեք, - ասում է Հիսուս, որ դուք տառապում եք, որովհետև խոսում և գործում եք արդարության դեմ, կամ թե` որ ձեզ հալածելու են որպես ամբարիշտ ուսմունքների քարոզիչների։ Դուք զրպարտությունների և վտանգների կենթարկվեք ոչ թե այն պատճառով, որ սխալ բան եք սովորեցնում, այլ՝ լսողների չարությա´ն պատճառով։ Ուստի անեծքները կպատուհասեն ոչ թե ձեզ՝ տառապողներիդ, այլ նրա´նց վրա, ովքեր այդչափ վատ են վարվում ձեր նկատմամբ։ Դրա մասին են վկայում անցյալ ժամանակներում տեղի ունեցած իրադարձությունները։ Մարգարեներին նույնպես անօրինության կամ անաստված ուսմունքի համար չէին մեղադրում, սակայն նրանցից ոմանց քարկոծում էին, մյուսներին վտարում կամ ենթարկում բազմաթիվ այլ պատիժների։ Ուստի թող դա չվախեցնի ձեզ. այդ միևույն պատճառներով են նաև հիմա են ամեն տեսակի չարիք գործում»։
 Տեսնո՞ւմ ես, թե Հիսուս ինչպես է խրախուսում իր ունկնդիրներին՝ նրանց հավասարեցնելով Մովսեսին և Եղիային։ Նույն կերպ Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին ուղղված նամակում ասում է. «Որովհետև դուք, եղբայրնե՛ր, նմանվեցիք Աստծու այն եկեղեցիներին, որ Հրեաստանում են ի Քրիստոս Հիսուս, քանի որ դուք էլ ձեր ազգակիցների կողմից նույն չարչարանքներով չարչարվեցիք, ինչպես որ նրանք՝ հրեաներից, որոնք և սպանեցին Տեր Հիսուսին և մարգարեներին ու հալածեցին մեզ և Աստծու աչքից ընկան ու բոլոր մարդկանց հակառակորդ եղան» (Ա Թես. 2:14-15)։ Այդ նույնն այստեղ արեց նաև Քրիստոս։ Չնայած որ Նա Իր մյուս երանիներում ասում էր. «Երանելի են աղքատները, երանելի են ողորմածները», այստեղ, սակայն, Հիսուս արդեն որոշակիորեն է խոսում և ուղղակիորեն դիմում Իր աշակերտներին. «Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և զրպարտությամբ ամեն տեսակ չար բան ասեն ձեր մասին Իմ պատճառով» (Մատթ. 5:11)` այդպիսով ցույց տալով, որ այս երանությունը հատկապես նրա´նց է վերաբերում և ուղղված է նաև մյուս բոլոր քարոզիչներին։ Միաժամանակ Քրիստոս այստեղ ցույց է տալիս Իր արժանավորությունն ու Հոր հետ համապատվությունը։ Նա ասում է. «Ինչպես մարգարեներն էին տառապում հանուն Հայր Աստծու, այդպես էլ դուք եք տառապելու հանուն Ինձ»։
Երբ Հիսուս, աշակերտներին դիմելով, հիշատակում է «ձեզանից առաջ եղած մարգարեների» մասին, դրանով ցույց է տալիս, որ նրանք (աշակերտները) արդեն իսկ մարգարեներ էին։ Այնուհետև, քանի որ Հիսուս ցանկանում էր ցույց տալ, որ տառապանքները հատկապես օգտակար են աշակերտների համար և ծառայում են իրենց իսկ փառքին, ուստի չասաց, թե «ձեզ կնախատեն և կհալածեն, բայց Ես կխոչընդոտեմ դրան»։ Քրիստոս Իր հետևորդներին չի «ապահովում» նրանից, որ նրանք իրենց մասին վատ խոսքեր չլսեն, այլ ուսուցանում է, որ այդ վատ խոսքերը համբերությամբ տանեն և իրենց գործերով արդարանան, քանի որ այս վերջինն այն առաջինից շատ ավելի լավ է, և տառապանքների ժամանակ չընկճվելը շատ ավելի կարևոր է, քան ընդհանրապես չտառապելը։ Դրա համար է Հիսուս այստեղ ասում. «Մեծ է ձեր վարձը երկնքում»։
 Բայց որպեսզի որևէ մեկը չասի. «Ինչո՞ւ Դու այժմ ևեթ չես պատժում չարախոսությամբ զրպարտողներին և չես փակում նրանց բերանները, այլ խոստանում ես մի պարգև, որը պետք է շնորհվի երկնքում», ուստի Քրիստոս ներկայացնում է մարգարեների օրինակը՝ այդպիսով ցույց տալով, որ Աստված մարգարեների ապրած ժամանակներում էլ չէր պատժում նրանց թշնամիներին։ Եթե այն ժամանակ, երբ վարձատրությունը տեսանելի էր, սակայն Աստված, միևնույն է, մարգարեներին խրախուսում էր ապագայի հույսով, ապա որչափ առավել հիմա պետք է խրախուսեր, երբ ապագայի հույսն առավել քան պարզվել էր, և իմաստությունը վերին հորիզոններ էր նվաճել։
 Նկատի´ր նաև այն, թե քանի պատվիրանից հետո է Հիսուս առաջադրում այս վերջին պատվիրանը։ Նա դա անում է ոչ առանց մտադրության, այլ կամենալով ցույց տալ, որ այն մարդը, որը նախապես իսկ պատրաստված և հաստատված չէ նախորդ բոլոր պատվիրանների հիմքի վրա, անկարող է մտնել այս պայքարի մեջ։ Դրա համար է Քրիստոս այս պատվիրաններից ոսկե շղթա հյուսել մեզ համար՝ մշտապես ճանապարհ հարթելով նախորդող պատվիրանից դեպի հաջորդն ընթանալու համար։ Իսկապես որ, խոնարհ մարդը սգում է իր մեղքերի համար, սեփական մեղքերի համար սգացողը լինում է հեզ, արդար և ողորմած: Իսկ ահա ողորմած, արդար և խոնարհ մարդն անպայմանորեն սրտով մաքուր է լինում, և այդպիսի մեկը, անշուշտ, դառնում է նաև խաղաղարար: Իսկ ով հասնում է այս ամենին, նա պատրաստ է դառնում նաև դիմագրավելու վտանգներին, չի վախենում զրպարտություններից և անհամար պատուհասներից։
 
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:
 
 Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք:
 Ինչո՞ւ է միայն այս դեպքում ասում, որ ցնծան և ուրախանան: Քանի որ նախատինքը մեծ տրտմություն է առաջ բերում, ուստի տրտմության փոխարեն ուրախություն է սահմանում, որպեսզի նահատակն իր սխրագործության մեջ մեծ տրտմությունից չվհատվի:
 Քանզի ձեր վարձը շատ է երկնքում: «Շատ» ասելը մեծ փառքն է նշանակում՝ լուսատուների նմանությամբ: Ինչպես որ առաքինություններն են զանազան, այդպես և՝ պսակները:
 Իսկ ինչո՞ւ է մյուս երանիներում յուրաքանչյուր առաքինության դիմաց միայն դրան հատուկ վարձը տալիս, իսկ այստեղ ասում, թե [այն] «շատ» է, այն էլ՝ ոչ թե երկրի վրա, այլ «երկնքում»: Որովհետև չարախոսությունը շատ ավելի դաժանորեն է տանջում, քան չարչարանքը. շատ առաքինի անձինք նեղությունները տանում են, բայց նախատինքին չեն դիմանում, ինչպես Հոբը, ով վեմի պես ամուր էր, բայց երբբարեկամները նախատում էին, զայրանում էր: Դավիթն էլ, թողնելով բոլոր վշտերը, Սեմեիի նախատինքի պատճառով Աստծուն վրեժխնդրության էր կանչում 1: Որովհետև Աստծո համար չարչարվողները մեծապես մխիթարվում են, որով և համբերում են նեղություններին՝ պսակների [արժանանալու] հույսով, [այդպիսով] անվանի դառնալով: Իսկ չարախոսության դիմաց չկա մխիթարություն, որովհետև ավելի է ցավեցնում [հոգևոր] պատերազմ մղողին՝ մինչև իսկ ինքնասպանության մտքեր սերմանելով, ինչպես Հուդայի պարագայում:
 Որովհետև այդպես հալածեցին [ձեզնից առաջ եղած] մարգարեներին:Այս խոսքով [Տերն] ակնարկում է Իր Ծնողի հետ Իր համապատվությանը: Որովհետև ինչպես որ մարգարեները չարչարվում էին Հոր պատճառով, այդպես էլ դուք, ասում է՝ Ի՛մ: Եվ ասելով «ձեզնից առաջ եղած»՝ ցույց է տալիս, որ երբ [Սուրբ] Հոգին գար, [առաքյալները] նույնպես դառնալու էին մարգարե և առավե՛լ քան մարգարե: Իսկ քանի որ արքայության հույսը վերաբերում է ապագային, մարգարեների մասին նշելով՝ [Տերը] մխիթարում է [առաքյալներին]: Մի՛ խռովվեք, [ասում է], երբ լուր տարածեն, թե ձեր ուսմունքն Աստծուն հակառակ է, որովհետև մարգարեների մասին էլ էին այդպես ասում: [Տերը] նրանց տարավ կանգնեցրեց Մովսեսի և Եղիայի մոտ 2 և մարգարեներին հիշատակեց, որպեսզի չկարծեին, թե եթե այստեղ Աստված վրեժխնդիր չի լինում, այնտեղ ինչպե՞ս կվարձատրի: Նաև եթե Օրենքի համաձայն վրեժխնդիր չեղավ, այլ սովորեցրեց [հույսը դնել] գալիք [կյանքի] վրա, ապա որքա՛ն առավել [այդ հույսով կմխիթարվեն] այժմ, երբ գալիք կյանքի լույսը փայլեց 3:
 Հենց սկզբից այս ճանապարհն է հարդարում՝ իբրև ոսկյա շարք ներկայացնելով պատվիրանները: Որովհետև երբ մեկը խոնարհ է, նաև սգում է մեղքերի համար, իսկ ով սգավոր է, նաև հեզ է, և հեզն արդար ու ողորմած է, իսկ արդարն ու մաքուրը՝ խաղաղարար, խաղաղարարն էլ հալածվելիս չի հակառակում, և հալածանքին համբերողը չի խռովվում, երբբամբասանք է լսում: Եվ ուրեմն՝ քանի որ [Տերը] նրանց խրատեց այսպիսի բարձրագույն հրամաններով, որոնք [Հին ուխտում տրվածներից] մեծ էին, այնուհետև նրանց մխիթարում է գովեստով ու պատվով, որպեսզի չխռովվեն ու չասեն. «Ինչպե՞ս կարող ենք այսպիսի առաքինություն ցուցաբերել»: Եվ լսի՛ր, թե ինչ է ասում 4:
 
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:3

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: