Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):21

Ա․ Լոպուխին

21-24. «Եվ նրա փոխարեն պիտի բարձրանա անարգ մեկը, և նրան թագավորական պատիվներ չեն տա, բայց նա կգա առանց աղմուկի և շողոքորթությամբ կտիրանա թագավորությանը»։ [21] «Եվ զորքերը հեղեղի նման պիտի քշվեն ու կոտորվեն նրա կողմից, նույնիսկ ինքը՝ ուխտի առաջնորդը»։ «Որովհետև այն բանից հետո, երբ նա դաշինք կնքի նրա հետ, նա խաբեությամբ պիտի գործի, և պիտի բարձրանա ու փոքր ժողովրդով պիտի զորանա»։ «Նա պիտի մտնի խաղաղ և պտղաբեր երկրներ և պիտի անի այն, ինչ չէին արել նրա հայրերը և նրա հայրերի հայրերը. ավարը, կողոպտված ունեցվածքն ու հարստությունը պիտի բաժանի յուրայիններին, և ամրոցներում իր ծրագրերը պիտի մշակի, բայց միայն մի որոշ ժամանակով»։ (Սինոդական թարգ․)
   
   Սելևկոս Փիլոպատորի իրավահաջորդը նրա եղբայրն է՝ Անտիոքոսի որդի Անտիոքոս Եպիփանեսը (մ․թ․ա․175–164): Նա բնութագրվում է որպես «արհամարհված», այսինքն՝ բարոյական արժանապատվությունից գրեթե զուրկ և իր իրավունքների տեսանկյունից գահին անարժան մարդ, այդ իսկ պատճառով «նրան թագավորական պատվի չեն արժանացնելու», իսկ նա «շողոքորթությամբ է տիրելու թագավորությանը»: Իսկապես, Անտիոքոս Եպիփանեսը խորամանկորեն վերացրեց գահի օրինական ժառանգորդին՝ Սելևկոս Դեմետրիոսի որդուն, որն այդ ժամանակ պատանդ էր Հռոմում, և կանխեց պետական ​​գանձապետ Իլիոդորոսի և իր քրոջ՝ եգիպտական ​​թագուհի Կլեոպատրայի  կողմից կազմակերպված խարդավանքները, որոնցով նրանք փորձում էին այնպես անել, որ գահի ժառանգության հարցը լուծվի հօգուտ Կլեոպատրայի փոքր որդու՝ Եգիպտոսի արքա Պտղոմեոս Փիլոմետորի: Այս վերջին քայլով Անտիոքոս Եպիփանոսը պատերազմ սկսեց, որում Եգիպտոսի «ամեն ինչ ոչնչացնող հորդաները» ջախջախվեցին նրա կողմից (Ա Մակաբ. 1։17–19): Այնուհետև Փիլոմետորի հետ ժամանակավոր դաշինք կնքելով՝ Անտիոքոսը, ազգակցական կապի ներքո թաքնվելով, մտավ Մեմֆիս և այստեղ  իր երիտասարդ եղբորորդու՝ թագավորի և նրա թագավորության գործերի մասին հոգ տանելն իր վրա վերցնելու պատրվակով սկսեց ամբողջովին տնօրինել Եգիպտոսի թագավորությունը. մտավ Եգիպտոսի «խաղաղ և բերրի երկրները» և մեծապես թալանեց դրանք: Մտածեց եգիպտական ​​ամրոցներն ավերելու, երկիրը թուլացնելու և հետո վերջնականապես հարավային թագավորությանը տիրելու մասին:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) նա ո՛չ իր անձով եւ ո՛չ պատերազմով չի մնալու իր դիրքի վրայ, քանի որ արհամարհուեց: Նրան թագաւորական փառքի չարժանացրին, ոչ էլ յաջողութիւն եկաւ նրան. նա տարուեց թագաւորական գայթակղութիւններով:
(Արարատ թարգ․ 11։21) Եվ նրա փոխարեն անարգ մեկը կելնի, որին թագավորական մեծափառություն տրված չի լինի, բայց նա անսպասելիորեն կգա և շողոքորթություններով կհափշտակի թագավորությունը։
(Գրաբար) կացցէ ի վերայ պատրաստութեան իւրոյ, զի արհամարհեցաւ. և ո՛չ ետուն նմա փառս թագաւորութեան. և եկեսցէ յաջողութեամբ, և բռնադատեսցի թագաւորութեանց գայթագղութեամբք։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Անտիոքոս IV Եպիփանես (մ.թ.ա. 174–164): Սելևկոսի եղբայր Անտիոքոս IV–ը Հռոմում պահվող քաղաքական պատանդ էր և տուն վերադարձավ Աթենքից, երբ սպանվեց նրա եղբայրը: Նա իր առջև նպատակ դրեց Երուսաղեմը դարձնել հունական մշակույթի կենտրոն և հրեաների մեջ սերմանել հունական մտածելակերպ ու սովորություններ, որպեսզի նրանք դառնան Հունաստանի իսկական քաղաքացիներ: Նա ներգրավված էր բազմաթիվ խարդավանքների մեջ, բայց Երուսաղեմում նրա հիմնական մտահոգությունը քահանայությունն էր (տե՛ս ստորև): Այս տեքստում նա անվանվում է արհամարհելի, ինչն  էլ համապատասխանում է իրականությանը: Նրա կողմից յուրացված «Եպիփանես» սուրբ անունը հունարենում նշանակում է «հայտնված աստված», բայց ծածուկ կերպով մարդիկ նախընտրում էին նրան «Եպինման», այսինքն՝  «խելագար» անվանել։ Չնայած նա անկասկած պատկանում էր արքայական տոհմին, սակայն նրա գահը պետք է անցներ Սելևկոսի որդուն՝ Դեմետրիոսին (որը, սակայն, Անտիոքոսի փոխարեն քաղաքական պատանդ էր Հռոմում): Գահի հետ մեկ այլ ինտրիգ էլ էր կապված: Նա իր երիտասարդ եղբորորդու իշխանակիցն էր, որին սպանեցին մի քանի տարի անց: