Երեմիայի մարգարեության մեկնություն 5:20

Ա․ Լոպուխին

«Սա հայտարարե՛ք Հակոբի տանը և հռչակե՛ք Հուդայում՝ ասելով»: (Սինոդական թարգ․)[20]
   
   «Հակոբի տունը» նույն Հուդան է։

   
20-31. «Սա հայտարարե՛ք Հակոբի տանը և հռչակե՛ք Հուդայում՝ ասելով»: «Լսե՛ք սա, հիմար և անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում, որ ականջներ ունեք, բայց չեք լսում»։ «Ինձնից չե՞ք վախենում, - ասում է Տերը, - կամ թե Իմ առաջ չե՞ք դողում: Ես ավազը որպես սահման դրեցի ծովին՝ իբրև հավիտենական կանոն, որը չի կարելի խախտել. և թեև նրա ալիքները շտապում են, բայց այն (ավազին) անցնել չեն կարող. թեև նրանք մոլեգնում են, բայց նրանից (ավազից) առաջ անցնել չեն կարող»։ «Սակայն այս ժողովուրդը մի բռի և ապստամբ սիրտ ունի. նրանք մոլորվեցին ու գնացին»։ «Եվ իրենց սրտում չասացին. Վախենա՛նք մեր Տեր Աստծուց, Որը մեզ տալիս է վաղ և ուշ անձրևը` իր ժամանակին, առաջին և վերջին անձրևը, Որը մեզ համար պահում է հունձի համար որոշված շաբաթները»։ «Ձեր անօրինությունները հեռացրին այդ բաները, և ձեր մեղքերը ձեզնից վանեցին այդ բարի բաները»։ «Որովհետև Իմ ժողովրդի մեջ ամբարիշտներ են գտնվում. դարանամուտ են լինում թռչնորսների պես, կծկվում են գետնի վրա, թակարդներ են դնում և որսում են մարդկանց»։ «Ինչպես թռչուններով լցված վանդակ` նրանց տները լիքն են խաբեությամբ. հենց դրա միջոցով են նրանք բարձրացել և հարստացել»: «Պարարտացել, գիրացել են, մինչև իսկ ամեն սահման անցել են չարության մեջ, չեն զբաղվում դատական գործերով, որբերի գործերով. [այդուամենայնիվ] բարգավաճում են, և չքավորների արդարացի իրավունքը չեն պաշտպանում»։ «Մի՞թե Ես չպիտի պատժեմ այս բաների համար, - ասում է Տերը, - և Իմ հոգին վրեժ չպիտի՞ լուծի այնպիսի մի ժողովրդից, ինչպիսին սա է»։ «Սոսկալի և սարսափելի բան է կատարվում այս երկրում»։ «Մարգարեները մարգարեանում են սուտ բաների մասին, և քահանաներն իշխում են նրանց միջոցով, և Իմ ժողովուրդը սիրում է դա: Իսկ ի՞նչ եք անելու այս ամենից հետո»։

   
    Բացատրելով, թե ինչի համար է Տերը բարկանում հրեաների վրա՝ մարգարեն ցույց է տալիս աստվածային ամենակարողությունը և սերը չտեսնելու նրանց ցանկությունը։ Նրանք չեն վախենում Աստծուց և վիրավորում են մարդկանց։ Ահա՛ նրանց դժբախտության պատճառը։
   
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Այդ մասին իմա՛ց տուէք Յակոբի տանը, թող լսելի դառնայ նաեւ Յուդայի տանը. ասացէ՛ք.
(Արարատ թարգ․) Սա հայտարարե՛ք Հակոբի տանը և ծանուցե՛ք Հուդայում՝ ասելով.
(Գրաբար) Պատմեցէք զայդ ի տուն Յակոբայ, եւ լսելի լիցի ի տուն Յուդայ եւ ասացէք.