Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
17-21․ «Եվ եթե այնպես լինի, որ երկրի ազգերից որևէ մեկը չգնա Երուսաղեմ՝ երկրպագելու Թագավորին՝ Զորությունների Տիրոջը, ապա նրանց մոտ անձրև չի լինի»: [17] «Եվ եթե Եգիպտոսի ազգը ճանապարհ չընկնի ու չգա այստեղ, ապա նրա վրա ևս անձրև չի լինի, և նրան պիտի հասնի այն պատիժը, որով Տերը պիտի հարվածի այն ազգերին, որոնք չեն գալիս կատարելու Տաղավարահարաց տոնը»։ «Ահա թե ինչ պիտի լինի Եգիպտոսի մեղքի և այն բոլոր ազգերի մեղքի պատճառով, որոնք չեն գա կատարելու Տաղավարահարաց տոնը»։ «Այն ժամանակ նույնիսկ ձիերի սանձերի վրա պիտի գրված լինի՝ «Սրբություն Տիրոջը», և Տիրոջ տան կաթսաները պիտի լինեն ինչպես զոհասեղանի թասեր՝ զոհասեղանի առաջ»։ «Եվ Երուսաղեմու ու Հուդայում գտնվող բոլոր կաթսաները սուրբ պիտի լինեն Զորությունների Տիրոջ համար, և պիտի գան բոլոր զոհ մատուցողները, պիտի վերցնեն դրանք և եփեն դրանց մեջ, և այդ օրը այլևս Զորությունների Տիրոջ տան մեջ ոչ մի քանանացի չի լինի»։ (Սինոդական թարգ․)
Որպես վերջաբան՝ մարգարեն համառոտ կերպով նկարագրում է այն ժամանակը, երբ վերանալու է սուրբի և ոչ սուրբի միջև եղած տարբերությունը, երբ գալու է համընդհանուր սրբագործման և բոլոր անմաքուր բաների վերջնական վերացման օրը: Այդ ժամանակ այնպիսի իրերի վրա, ինչպիսիք ձիերի սանձերն են, հնարավոր կլինի գրել այն խոսքերը, ինչ գրվում էր քահանայապետական խույրի ճակատակալին` «Սրբություն Տիրոջը» (տե՛ս Ելք. 28:36): Տիրոջ տան կաթսաները, որոնց մեջ եփվում էր զոհաբերության միսը, ոչ պակաս սուրբ կլինեն, քան զոհաբերության զոհասեղանի առաջ դրված թասերը: Այլևս տարբերություն չի դրվի ոչ միայն տաճարի անոթների միջև, որոնք տարբեր նշանակություն և սրբության տարբեր աստիճաններ ունեին, այլև սուրբ է դառնալու Երուսաղեմի ու ամբողջ Հուդայի կենցաղային սպասքը, և թույլատրվելու է այն օգտագործել սրբազան ծիսակատարությունների ժամանակ: Այսպիսով, 20-21−րդ համարներում նկարագրվում է ղևտական պաշտամունքի վերացումը, որն ամբողջությամբ հիմնված էր սուրբի և ոչ սուրբի տարբերակման վրա:
Զաքարիա մարգարեն այստեղ նկարագրում է այն ժամանակաշրջանը, երբ սուրբի և ոչ սուրբի, ինչպես նաև տաճարի սպասքին տրված սրբության տարբեր աստիճանների վերաբերյալ Մովսիսական օրենքի ստույգ հրահանգները կկորցնեն իրենց նշանակությունը, և կգա համընդհանուր սրբագործման ժամանակը (Руж.; Keil. Op. cit. S. 656, 657): Միևնույն ժամանակ, Տիրոջ տան մուտքը կփակվի նրանց համար, ովքեր համառորեն կմնան հեթանոսության մեջ, կամ էլ նրանց առաջ, ովքեր կհավատան միայն խոսքով, բայց ըստ էության քանանացիներից չեն տարբերվի:
Ըստ սուրբ Կյուրեղի` «չի լինի քանանացի, այսինքն` օտարազգի և կռապաշտ» (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 232), իսկ ըստ Թեոդորիտոս Կյուրացու` «չի լինի նա, ով մտածում է քանանացու պես, ապրում է անմաքուր կյանքով և գործում է օրենքին հակառակ» (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 127):
Սուրբ Եփրեմ Ասորին 14−րդ գլխի 20−րդ համարի առաջին հատվածը հակիրճ մեկնաբանում է այսպես. «Կլինի ոչ թե պատերազմ և թշնամություն, այլ սրբություն և խաղաղություն», և մարգարեական այս հատվածը համադրում է Ես. 2:4-ի հետ (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 264; հմմտ. սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի, էջ 277): Ժամանակակից արևմտյան մեկնիչները ևս այս ընկալման կողմնակիցներն են:
Ըստ Վելհաուզենի` «մարգարեների համար ձիերը դժգոհության առարկա են» (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 203), սակայն պիտի գա ժամանակ, երբ դրանք այլևս չեն ծառայելու ռազմական նպատակների համար, այլ կնվիրվեն Աստծու ծառայությանը (Marti. Op. cit. S. 455):
Եկեղեցու հայրերից ոմանք Զաք. 14:20-ի մարգարեության կատարումը կապում են Կոստանդիանոս Մեծի կյանքի մի պատմական իրադարձության հետ: Գրիգոր Տյուրացին, հաղորդելով սուրբ Հեղինեի կողմից Փրկչի Խաչի մոտ գտած բևեռների ճակատագրի մասին, հատկապես հիշատակում է այն երկուսը, որոնք օգտագործվել են կայսերական ձիու սանձը պատրաստելու համար. “Հայտնի է, որ դրանց մասին մարգարեացել է Զաքարիա մարգարեն՝ ասելով. «Տիրոջ սրբություն է լինելու այն, ինչ դրվում է ձիու բերանին”» («Erit, quod in os equi ponitur, Sanctum Domini», — S. Georgii Florentii Gregorii Turoneusis episcopi opera omnia, ed. Migne, Patrol. l. LXXI. Paris, 1849. Libri miraculorum. lib. I, cap. VI, col. 710; Там же. Сol. 710g; տե՛ս նաև հղում այլ հայրերի գրվածքներին):
Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին ևս իր մեկնության մեջ գրում է. «Ոչ մի անհամապատասխան բան չկա նրանում, որ… Զաքարիա մարգարեն հիշատակում է հիշարժան մի իրադարձության, աստվածավախ, ճշմարիտ և առաքինի թագավորի, ինչպես նաև Քրիստոսի սիրուն նվիրված ժամանակների մասին: Քանզի պատվական Խաչից վերցված բևեռերով թագավորական ձիեր զարդարելը ուրիշ ի՞նչ կարող է մեզ ցույց տալ, եթե ոչ տիրակալների մեծագույն և իսկապես փառահեղ բարեպաշտությունը» (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 228): Երանելի Հիերոնիմոսը, ընդհակառակը, թեև մարգարեության նմանատիպ մեկնությունը վերագրում է բարեպաշտական զգացումների ազդեցությանը, սակայն դա ծիծաղելի է անվանում՝ «ընթերցողի խոհեմությանը թողնելով այն ընդունել կամ չընդունելը» (վերը հիշատակված ստեղծագործություն, էջ 193, հմմտ. Luth. 360):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Եւ եթէ լինի այնպէս, որ երկրի ազգերից որեւէ մէկը չգնայ Երուսաղէմ՝ երկրպագելու թագաւորին՝ Զօրութիւնների Տիրոջը, ապա նա եւս պիտի գնայ:
(Արարատ թարգ․) Եվ երկրի ազգատոհմերից ով չբարձրանա Երուսաղեմ՝ Զորքերի Տիրոջը՝ Թագավորին երկրպագելու, նրանց վրա անձրև չի լինելու։
(Գրաբար) Եւ եղիցի որ միանգամ ոչ ելանիցեն յամենայն ազգաց երկրի յԵրուսաղէմ՝ երկիր պագանել թագաւորին Տեառն Աստուծոյ ամենակալի, եւ սոքա ի նոսա յաւելցին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: