Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:3

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Փնտրե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, որ կատարում եք Նրա օրենքները. փնտրե՛ք արդարություն, փնտրե՛ք խոնարհամտություն. գուցե պատսպարվեք Տիրոջ բարկության օրը: (Սինոդական թարգ․)[3]
   
    Ամբողջ ժողովրդին ուղղված հորդորներից հետո (1−2-րդ համարներ) մարգարեն, ժողովրդի լայն խավերի մեջ իր քարոզի հանդեպ արձագանք չտեսնելով, կարծես նրան թողնում է իր սեփական ճակատագրին և այժմ դիմում է բարեպաշտ ու հավատացյալ անդամների փոքրաթիվ, ընտրյալ մասին՝ անվանելով նրանց «անվե-հաարեց», «ταπεινοὶ γης», «mansueti terrae»՝ «երկրի խոնարհներ»: Նա հորդորում է. «փնտրե՛ք Տիրոջը» (եբր.՝ «բաքքեշու էթ Յահվե», «ζητησατε τὀν Κὺριον», «quaerite Dominum»), ինչը, ըստ երանելի Թեոդորիտոսի, նշանակում է. «Հայա՛ցք դարձրեք ձեր բնության ոչնչությանը, ձեր նախահորը՝ հողից ստեղծվածին, և փնտրե՛ք Արարչին, Ով ձեզ առատորեն այդքան բարիքներ է պարգևել: Այնուհետև մարգարեն սովորեցնում է, թե ինչ ճանապարհով կարելի է փնտրել Աստծուն. «Արդար դատաստա՛ն արեք, արդարությո՛ւն փնտրեք (հեզությո՛ւն փնտրեք) և կատարե՛ք դրանք»: Պահպանե՛ք ուղղամտությունը և արդարությունը, սիրե՛ք համեստ և չափավոր կյանքը» (Սոփոնիայի մարգարեության մեկնություն, մաս 5. Մ., 1857 թ., էջ 47): Գլխավոր և հիմնական առաքինությունը, որը, ըստ մարգարեի, ամենից շատն է մարդուն մոտեցնում Աստծուն ու միավորում Նրան, և որն էլ մարգարեն պատվիրում է «երկրի խոնարհներին», հենց խոնարհությունն է (եբր.՝ «անավա»): «Անավա» բառը «անավ» (խոնարհ) բառի հետ ունի նույն արմատը և, նման այս վերջինիս, արտահայտում է ոչ թե մարդու ֆիզիկական ճնշված կամ նվաստացած վիճակը (Սաղմ. 9:13, 33, Առակ. 14:21), այլ նրա բարոյական հատկանիշները՝ համբերությունը, խոնարհությունը, հեզությունը (Թվ. 12:3, Առակ. 3:34, 16:19)։ Ավելին, այս հասկացությունը հաճախ նշանակում է ոչ միայն այս կամ այն դեպքում մարդու Աստծու կամքին հնազանդվելու դրսևորում, այլ ցույց է տալիս ամբողջ հոգևոր կյանքի վրա մշտապես գերիշխող տրամադրություն (հուն.` «πραύτης, ταπεινοφροσύνη»): Հենց այս իմաստով՝ որպես բարեպաշտության արտահայտություն, «անավա» բառը հանդիպում է «Առակաց» գրքում  (Առակ. 15:33, 18:12, 22:4), իսկ սաղմոսներում այն  հանդիպում է որպես ածական (Սաղմ. 10։5, 71:12−14, 81:3-4, 82:8): Անարդարացիորեն որոշ հետազոտողներ (Շվալլի և այլք) պնդում էին, թե հրեաները և նրանց մարգարեները, նախքան գերությունը, խոնարհությունը հոգևոր առաքինություն չէին համարում, որովհետև այն ժամանակ հրեա ժողովուրդը տարբերվում էր հակառակ հատկանիշներով և, հետևաբար, բարոյական կյանքի այլ իդեալներ ուներ: Նրանք նաև փաստում էին, որ նախքան գերության շրջանի մարգարեական հատվածներում հանդիպող (Ամոս. 2:7, 8:4, Ես. 11:4, 29:19) «անավ» բառը նշանակում է պարզապես «աղքատ»: Սրա հիման վրա հետազոտողները Սոփ. 2:3-ը, որտեղ «անավա» և «անավ» բառերը հստակորեն հանդես են գալիս որպես հոգևոր եզրույթներ, վերագրում են հետգերության շրջանին: Բայց այստեղ, առաջին հերթին, միանգամայն անտեղի անտեսվում են Սաղմոսաց և Առակաց գրքերի այն բազմաթիվ հատվածները, որտեղ քննարկվող «անավա» և «անավ» բառերն անկասկած ունեն բարոյագիտական բնույթ (այս գրքերի խմբագրությունները կամայականորեն վերագրվում են հետգերության ժամանակաշրջանին): Այնուհետև կան մարգարեական հատվածներ (սրանց մինչգերության շրջանի ծագում ունենալը նույնիսկ քննադատների կողմից կասկածի չի ենթարկվում), որտեղ «անավ» հասկացությունն անվիճելիորեն վերաբերում է մարդու բարոյական բնութագրին: Օրինակ՝ Ամոս. 2:6-7-ում, որտեղ «անավ»−ը զուգահեռ է  դրված «ցադդիկ» (ճշմարիտ, արդար) հասկացությանը, անկասկած առնչվում է մարդու ներքին բարոյական  վիճակին (տե՛ս Ես. 11։4): Այս պարագային է առնչվում նաև Միք. 6:8 հատվածը, որտեղ աստվածահաճո առաքինությունների շարքում թվարկվում է նաև «Աստծու առաջ խոնարհաբար ընթանալը» (Թվ. 12։3 և այլն): Վերջապես, շատ կասկածելի է այն պնդումը, որ գերությունից առաջ ոչ միայն հասարակ հրեաների, այլև հենց մարգարեների մոտ գերիշխել են բարոյական կյանքի այլ իդեալներ, որոնց մեջ Աստծու առաջ խոնարհությունը տեղ չի ունեցել: Դրա դեմ վճռականորեն վկայում են ոչ միայն աստվածաշնչյան հրեաների կողմից Աստծու առաջ դրսևորած խորը խոնարհության առանձին դեպքերը՝ Հակոբի (Ծննդ. 32։10), Դավթի (Բ Թագ. 7:18), Աքաաբի (Գ Թագ. 21:29) և այլոց օրինակով, այլ ամենակարևորը՝ մինչգերության ժամանակաշրջանի մարգարեների կողմից պատկերված Տեր Աստծու Ծառայի մեծ կերպարը, Որի ծառայության բուն էությունը աննախադեպ խոնարհությունն էր: Կարելի է նաև ավելացնել, որ առանց խոնարհության ճշմարիտ հոգևոր կյանքն ընդհանրապես անպատկերացնելի է և, անկասկած, այսպիսին է եղել աստվածաշնչյան ուսմունքը իր դարավոր գոյության ողջ ընթացքում: Արդարության և խոնարհամտության պայմաններում մարգարեն իր ունկնդիրներին համընդհանուր կործանումից ազատվելու որոշակի հույս է տալիս [«Հնարավոր է, դուք ինչ որ կերպ պատսպարվեք Աստծու բորբոքված բարկության օրը», այսինքն՝ դա կարող է պատահականորեն լինել այն բանի շնորհիվ, որ դուք փնտրել եք Տիրոջը և Նրա արդարությունն եք կատարել․ դուք հնարավորություն կունենաք խուսափելու գալիք օրվա բարկությունից և գերությունից (Երանելի Հերոնիմոս, նշված աշխ. էջ 270)]: Բայց այդ հույսը միայն մասնակի է և զուրկ չէ անորոշությունից: Դատաստանն անխուսափելի է, և այն պիտի տարածվի ոչ միայն Հուդայի, այլև մյուս ազգերի վրա: Սակայն հենց Աստծու գալիք դատաստանի պատճառով արդարները պիտի դրսևորեն մարգարեի կողմից իրենցից պահանջվող առաքինությունները: Անօրենների հանդեպ Աստծու դատաստանից հետո կհաստատվի իրերի նոր և ավելի լավ կարգ, որտեղ կվերականգնվի բարոյական օրենքով պահանջվող համապատասխանությունը մարդու բարոյական արժանիքի և նրա արտաքին վիճակի միջև: Այստեղից էլ՝ այլազգիների դեմ ուղղված խոսքերը, որոնք սկսվում են 4-րդ համարից, «քի», «διότι», «quia» պատճառական շաղկապով միանում են հրեաներին ուղղված նախորդ խրատական խոսքին: Երկրորդ գլխի երկու բաժինների սերտ կապը երանելի Թեոդորիտոսը հետևյալ կերպ է արտահայտում. «Եթե ձեռնամուխ լինեք վերոհիշյալ ապաշխարությանը, ապա փրկություն կստանաք, իսկ այլազգիների քաղաքները պիտի ենթարկվեն կանխատեսված աղետներին» (նույն տեղում, էջ 47):

--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Փնտռեցէ՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, իրաւո՛ւնք արէք, արդարութի՛ւն որոնեցէք եւ պատասխա՛ն տուէք նրանց, որովհետեւ Տիրոջ բարկութեան օրը պիտի թաքնուէք:
(Արարատ թարգ․) Տիրո՛ջը փնտրեք, ո՛վ երկրի բոլոր խոնարհներ, որ կատարում եք նրա կանոնը, արդարությո՛ւն որոնեք, խոնարհությո՛ւն որոնեք, գուցե թաքնվեք Տիրոջ բարկության օրը։
(Գրաբար) Խնդրեցէք զՏէր, ամենայն խոնարհք երկրի, իրաւունս արարէք եւ զարդարութիւն խնդրեցէք, եւ տուք պատասխանի նոցա, զի ծածկեսջիք յաւուր բարկութեան Տեառն։