Նավումի մարգարեության մեկնություն 2:5

Ա. Պ. Լոպուխին (†1904)

(եբր․ 6)․ «Նա կանչում է իր քաջերին, բայց նրանք սայթաքում են իրենց ընթացքի մեջ. շտապում են դեպի քաղաքի պարիսպները, սակայն պաշարումն արդեն պատրաստ է»։ (Սինոդական թարգ․)[5]
   

   Ճակատագրական վտանգի հենց մոտենալու պահին Ասորեստանի թագավորը կհիշի իր փառավոր զինակիցներին (եբր.՝ «ադդիրավ»), որոնք աչքի էին ընկնում թե՛ խոհեմությամբ և թե՛ քաջությամբ: Եվ նա կհավաքի բոլորին, որպեսզի նրանք լավագույն զինվորների աջակցությամբ կարողանան քաղաքի պարիսպներից հետ մղել արդեն կենտրոն ներխուժել պատրաստվող թշնամուն։ Սակայն Նինվեի բոլոր հերոսներն անզոր կդառնան. կորցնելով հոգու արիությունը, միմյանց հրելով և ճանապարհին սայթաքելով՝ նրանք կշտապեն դեպի հակառակորդի կողմից պաշարված քաղաքի պարիսպները, սակայն արդեն ուշ կլինի։ Սարսափելի պաշարողական պարսպաքանդ մեքենաները (եբր.՝ «հասոխեխ», Վուլգաթա՝ «umbraculum»), որոնց մեջ թաքնված են ռազմիկները, լիակատար մարտական ​​կարգով արդեն իսկ պատրաստ են իրենց անիվների վրա շարժվել դեպի Նինվեի պարիսպները։ «Այստեղ նկատի է առնվում,− ասում է Սիմաշկևիչը (սուրբ միտրոփանոս․«Նինվեի մասին Նավումի մարգարեությունը» Սանկտ Պ․, 1875, էջ 196, նշում),− բաբելոնացիներին և ասորեստանցիներին հայտնի 4 կամ 6 անիվների վրա տեղադրված աշտարականման հատուկ փայտյա մեծ մեքենան, որի ստորին մասում տեղադրված էր պարսպաքանդ խոյ (aries) կամ էլ պատեր քանդելու սարք (Եզեկ. 4։2 համարում օգտագործվում է «քարիմ», իսկ Բ Մակ․ 12։15−ում՝ «κρος» բառը)։ Մեքենայի վերին հարկում տեղավորված նետաձիգները սարսափելի արագությամբ նետեր էին արձակում թե՛ աշտարակի գագաթից, թե՛ նրա կողային ճեղքերից, սակայն իրենք և խոյը ամբողջովին պաշտպանված էին, ինչը համապատասխանում է այդ մեքենայի «սոխեխ» անվանը․ տե՛ս P. Kleinert и Riehm E. C. A. Handworterbuch der biblischen Altertums, Leipzig, 1884 Bd. I. s. 114։

--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին:
(Արարատ թարգ․) Նա հիշում է իր զորավորներին, նրանք գնալիս գլորվում են. շտապում են դեպի նրա պատը, և շարժական պատսպարանը պատրաստվում է։
(Գրաբար) Յիշեսցեն մեծամեծք նորա եւ փախիցեն ի տուէ. եւ կասեսցին ի ճանապարհս իւրեանց, եւ փութասցին ի պարիսպս, եւ պատրաստեսցեն զառաջապահս իւրեանց։